ԱՄՆ-ում մեկնաբանել են Իսրայելի վերջին հարվածը Իրանին

ԱՄՆ-ում մեկնաբանել են Իսրայելի վերջին հարվածը Իրանին

Իսրայելի հարձակումը նախազգուշական ուղերձ էր Թեհրանին, որ իսրայելական ուժերը կարող են հեշտությամբ շրջանցել իրանական ՀՕՊ-ը։ CNN հեռուստաալիքի հետ զրույցում այս մասին ասել է ԱՄՆ ցամաքային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր Մարկ Մակքարլին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելցիները պետք է վրեժխնդիր լինեին, բայց միևնույն ժամանակ այդ հատուցումը ուղերձ էր։ Այո՛, մենք կարող ենք հաղթահարել ՀՕՊ համակարգերը։ Այլևս այդպես չանեք։ Եթե անեք, ապա ձեզ աղետ կսպառնա»,– ասել է Մակքարլին։
Պաշտոնաթող գեներալը նաև նշել է, որ Իսրայելը պետք է զգոն լինի, քանի որ Իրանը կարող է կրկին պատասխան հարված հասցնել:

Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Իսրայելն այս գիշեր «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի շրջանում։ Ըստ իրանական «IRIB» պետական գործակալության` երկրի մի շարք նահանգներում ՀՕՊ համակարգեր են աշխատել։ «Tasnim՞ գործակալությունը հայտարարել է, որ Սպահան նահանգում գտնվող միջուկային օբյեկտները լիովին անվտանգ են: Իրանցի երեք պաշտոնյաներ «New York Times»-ի հետ զրույցում հաստատել են, որ հարվածների թիրախը Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան է եղել: