ԵՄ-ն Թուրքիայի հարցով որոշում է ընդունել․ Անկարայում դժգոհ են

ԵՄ-ն Թուրքիայի հարցով որոշում է ընդունել․ Անկարայում դժգոհ են

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Բրյուսելում կայացած Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հատվածին։

ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ երբեք չի ընդունվի Թուրքիա-ԵՄ հարաբերությունների առաջընթացը Կիպրոսի հարցի հետ կապելը։ Պետք է հրաժարվել այն մոտեցումից, որը նվազեցնում է Թուրքիա-ԵՄ բազմակողմ հարաբերությունները Կիպրոսի հարցում և նման մտածելակերպը չի կարող դրական ու կառուցողական ներդրում ունենալ Կիպրոսի խնդրի կամ տարածաշրջանային ու գլոբալ այլ խնդիրների համար, ըստ Ermenihaber.am-ի նշել են գերատեսչությունում։

ԵՄ-ի հետ երկխոսությունը կքննարկվի փոխադարձության շրջանակներում ու առաջիկայում ԵՄ-ի քայլերը Թուրքիայի նկատմամբ կքննարկվեն ըստ դրանց հրատապության, մակարդակի և ծավալի։ Հայտարարության մեջ նշվում է, որ Բրյուսելի գագաթնաժողովում Թուրքիայի վերաբերյալ ընդունված որոշումները Թուրքիայի և համաշխարհային զարգացումների վերաբերյալ ԵՄ ռազմավարական տեսլականի բացակայության նոր օրինակ են։ Նաև նշվում է, որ գագաթնաժողովի արդյունքներով ընդգծվել է, որ Թուրքիայի հետ համագործակցության և փոխշահավետ հարաբերությունների զարգացումը բխում է ԵՄ ռազմավարական շահերից։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-18-ը Բրյուսելում կայացել է ԵՄ գագաթնաժողովը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։Գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող տեղեկագրի Թուրքիային վերաբերող հատվածում կատարվել են հետևյալ շեշտադրումները՝

1․ Անդրադարձ է կատարվել Հունաստանի և Թուրքիայի միջև առկա Կիպրոսի խնդրին:
2․Մեծ կարևորություն է տրվել Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսմանն ու առաջընթացին:
3․Նշվել է, որ Կիպրոսը կարող է խթանել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և ընդգծվել է նաև, որ ԵՄ-ն հավատարիմ է  Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանու ներքո այդ հարցի լուծման գործընթացին:
4․Նշվել է, որ ԵՄ-ն ռազմավարական շահ ունի Արևելյան Միջերկրականում կայունության և անվտանգության միջավայրի ներքո Թուրքիայի հետ համագործակցության վրա հիմնված ու երկկողմանի օգտավետություն ապահովող հարաբերության զարգացման հարցում: