Հասավ իր ուզածին

Հասավ իր ուզածին

Երեկ Երեւանի ավագանու նիստում խայտառակ ծեծկռտուք եւ հայհոյանքներ հնչեցին: Իսկ հայհոյանքի մեջ մխիթարություն գտնող, ծեծուջարդի սիրահար մեր հասարակությունն անթաքույց հրճվանքով հետեւում էր այդ տեսարաններին, ինչպես վերջին տարիներին հետեւում են տարբեր դոգանման արարածների ուղիղ եթերներին: Ինչպես հետեւում էին, թե ինչպես են Ազգային ժողովում օրենսդիրները միմյանց հայհոյում ու ծեծում: Ինչպես ուրախանում էին, երբ քարոզարշավի գնացած առաջնորդը մուրճ էր հետը տանում, խոստանում էր «շինել» նախկիններին: Ինչպես հրճվում ու նվաղում էին, երբ Երեւանի քաղաքապետարանի հարթակից բղավում էր, թե ասֆալտ է կերցնելու իր դեմ դուրս եկողներին: Ինչպես լռում էին, երբ օրենքով աշխատող դատավորներին վնգստացող էր անվանում միայն նրա համար, որ իր հակառակորդներին բանտ չեն նստեցնում:

Մենք, իհարկե, անցյալում էլ ենք տեսել երկրի ղեկավարների գռեհիկ խոսույթ, բայց եթե նախկին նախագահների կողմից արտաբերված ամենակոպիտ արտահայտությունը տգեղ ասացվածքի բարձրաձայնումն էր (վատ պարողին գիտեք` ինչն է խանգարում), ապա 18-ից հետո նման արտահայտությունները բարեկրթության եւ «արիստոկրատ» պահվածքի էտալոն կարող են համարվել: 2018-ին, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սկսեց ՀՀԿ-ականներին տեռոր անել եւ բոլոր հնարավոր մեթոդներով պարտադրել, որ իրեն ընտրեն, նա, հավանաբար, չէր պատկերացնում, որ բացում է Պանդորայի արկղը եւ հայհոյանքի, վիրավորանքի, բռնության, տեռորի ուրվականն է ներմուծում մեր երկիր: Դրա բնական շարունակությունը լինելու էր այն, որ «Քաղպայմանագրի» եւ գործող իշխանության ընդդիմությունը լինելու է ոչ թե ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը, նախկին նախագահներն ու վարչապետները, այլ ծռերը, դոգերը, իրար մազ պոկող կանայք եւ իրար քացի տվող տղամարդիկ: