Բալասանյանի հերթական «կրոնափոխությունը». քաղաքական «անասնագողության» պատմությունից

Բալասանյանի հերթական «կրոնափոխությունը». քաղաքական «անասնագողության» պատմությունից

Գյումրեցիները ՏԻՄ ընտրություններից հետո կորցրել են հոգեկան անդորրը. նրանք իրենց «քցված» են զգում: ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նրանց մեծամասնությունը բոյկոտում է տեղական ընտրությունները, իսկ ընտրություններին մասնակցածների մեծ մասը մերժեց գործող իշխանությանը: Գյումրին մերժեց գործող իշխանությանը, ընտրեց «Բալասանյան դաշինքին»: Երկրորդ տեղում իշխանական լծակներ տնօրինող «Քաղպայմանագիրն» էր:

Իսկ «Զարթոնք» կուսակցությունը, որը քվեների թվով երրորդ տեղում էր, պատրաստակամություն հայտնեց դաշինք կազմել «Բալասանյան դաշինքի» հետ: Կուսակցության քաղաքապետի թեկնածու, նախկին ԱԱԾ-ական, փոխգնդապետ Վարդեւան Հակոբյանը բավականին դրական վարկանիշ ունի Գյումրիում, քաղաքականության մեջ չի եղել` նոր է մտնում, չի ասոցացվում նախկինների կամ որեւէ քաղաքական ուժի հետ: Բալասանյանների կոալիցիան «Զարթոնքի» հետ ընդունելի կլիներ գյումրեցիների մեծամասնության համար: Բայց, փաստորեն, նախկին քաղաքապետի դաշինքը մերժեց այդ համագործակցության առաջարկը: 

Բալասանյանը՝ ինքը, իր նման չէր լինի, եթե իշխանության հետ հարաբերությունները չամրացներ. նա դաշինք կազմեց հենց իշխանական ՔՊ-ի հետ՝ Գյումրին ու Շիրակի մարզը, փաստորեն, հանձնելով իշխանությանը: Թեեւ քաղաքապետ դարձավ «Բալասանյան դաշինքի» անդամը, սակայն փոխքաղաքապետերի եւ մյուս կարեւոր պաշտոններում նշանակվելու են ՔՊ-ականները, մարզային իշխանությունը, ըստ էության, նորից կանցնի Փաշինյանի կուսակցությանը: Այս ամենը բուռն դժգոհություն է առաջացրել գյումրեցիների մոտ: Նրանք, ճանաչելով Սամվել Բալասանյանին եւ իմանալով նրա անցած ճանապարհը, նախապես պետք է պատրաստ լինեին, որ ճակատին տարբեր կուսակցությունների անուններ գրած Բալասանյանը կարող է տհաճ անակնկալներ մատուցել. նա հանուն պաշտոնի, իշխանության եւ իր բիզնես շահերի կգնա ամեն քայլի՝ ճամբար կփոխի, ճակատի գիրը կջնջի` նորը կգրի, կուսակցությունից կուսակցություն կվազի:

Հիշենք նրա անցած քաղաքական ուղին. 2002-ին նա մի գիշերվա մեջ Ազգային ժողովի «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբից տեղափոխվեց «Օրինաց երկիր» կուսակցություն: Այդ պատճառով Քաղաքագետների միության նախագահ եւ Ագրոարդյունաբերողների խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին մեղադրեց «անասնագողության» մեջ: Սամվել Բալասանյանն ՕԵԿ-ի ծաղկուն տարիներին հայտարարում էր, որ իր ճակատին գրված է «Օրինաց երկիր»: Այդ տարիներին նա օգտվում էր իշխանության բարիքներից, ԱԺ-ում գլխավոր պաշտոններ էր զբաղեցնում, արտոնյալ պայմաններում զարգացնում իր բիզնեսները. նա «Գյումրի գարեջուր» ընկերության սեփականատերն է: Սակայն, երբ լարվեցին ՕԵԿ-ի եւ իշխանության հարաբերությունները, Բալասանյանն ինչ-որ անհայտ ռետինով ջնջեց իր ճակատի գիրն ու գրեց ԲՀԿ եւ նորից շարունակեց օգտվել իշխանության բարիքներից` այս անգամ Գագիկ Ծառուկյանի թեւի տակ: Իսկ երբ լարվեցին Ծառուկյանի հարաբերություններն իշխանության՝ Սերժ Սարգսյանի հետ, Բալասանյանը նորից ջնջեց ճակատի գիրը՝ դուրս եկավ ԲՀԿ-ից եւ սկսեց մերձենալ ՀՀԿ-ին:

Լուրեր էին շրջանառվում, թե նա ուզում է անդամագրվել ՀՀԿ-ին, բայց կուսակցությունից մերժեցին նրան: Դրան խանգարում էր նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Սակայն, դառնալով Գյումրիի քաղաքապետ, նա նաեւ կարողացավ շահել գյումրեցիների համակրանքն ու ինչ-որ աշխատանքներ իրականացրեց հանրապետության երկրորդ քաղաքում: Այնպես որ, գյումրեցիները դեմ չէին, որ նա շարունակի պաշտոնավարել: Սակայն իշխող ուժին ամբողջությամբ իրեն ենթակա ու նվիրված քաղաքապետ էր պետք, եւ դա էր պատճառը, որ 2021-ի ՏԻՄ ընտրություններում նրանք, մի կողմից, «Բալասանյան դաշինքին» թույլ տվեցին առաջադրվել, մյուս կողմից՝ Սամվել Բալասանյան քաղաքապետին չառաջադրեցին:

Ի՞նչն էր խանգարելու, որ այս անգամ էլ Բալասանյանն իշխանության հետ լավ հարաբերությունները չպահպաներ: Հիշենք, թե ինչպես էր արդեն 2019-ին նա լրագրողների միջոցով շնորհակալություն հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Գյումրիում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու համար. «ՀՀ վարչապետն ուղիղ եթերով այնպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց, հավանաբար, բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրին հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ՝ այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցներում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ այսպես չէր ներկայացրել»:

Բայց ո՛չ հաճոյախոսությունները, ո՛չ ծառայելու պատրաստակամությունը չխանգարեցին, որ փաշինյանական իրավապահները չգնան Բալասանյանի վրա. նա եւ որդին հայտնվեցին իրավապահների ուշադրության թիրախում: Մամուլը գրեց. «Շատերը կարծում են, որ թիրախում, հնարավոր է, լինի Բալասանյանի ավագ որդին` Միսակը, որն իր շրջապատի մի քանի «դեմքերի» հետ տարիներ շարունակ բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, ընդհուպ մինչեւ ապօրինի եղանակով մարդկանց անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելը եւ քաղաքական նպատակներով օգտագործելը։ Մի մասն էլ կարծում է, որ «ԳԱԼԱ» ՀԸ-ի կողմից արված բացահայտումն է թեման՝ մի քանի հարյուր հազար դոլարի արեւային պանելներ գնելու գործին վերաբերող»: 

Ինչպես նաեւ. «Գյումրիում համառորեն լուրեր են շրջանառվում, որ Բալասանյանները վաղուց են պլանավորել իրենց «փախուստն» ու փողերը դուրս են հանել Չինաստան, ԱՄՆ ու ՌԴ։ Իսկ թե որքանով են այս լուրերը ճշմարտացի, պետք է պատասխանեն իրավապահ մարմինները»։ Ինչպես տեսանք, Բալասանյանը եւ իր որդին չփախան Հայաստանից, դեռ մի բան էլ ավելին՝ մասնակցեցին ՏԻՄ ընտրություններին, հաղթեցին, ապա հաղթանակը նվիրեցին իշխանությանը: Գուցե դա՞ է այն գինը, որը վճարեցին Բալասանյանները՝ իրենց ազատության եւ Հայաստանում ապրելու «իրավունքի» դիմաց: