ՔՊ-ի հույսը դավանափոխ ՀՀԿ-ականներն են

ՔՊ-ի հույսը դավանափոխ ՀՀԿ-ականներն են

Հոկտեմբերի 27-ին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը հրաժարական տվեց: Նրա հրաժարականի պատճառների մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին, սակայն հիմնական պատճառը թերեւս ՏԻՄ ընտրություններն են, ավելի ճիշտ` որոշ համայնքներում ՔՊ առաջադրած թեկնածուների հարցում ունեցած տարաձայնությունները: Ոմանց հետ կապված՝ մարզպետը դեմ է եղել, սակայն ՔՊ վարչությունը` Սուրեն Պապիկյանի եւ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջադրել է:

Գլխավոր կոնֆլիկտը ծագել է Թալինում՝ դեռեւս օգոստոսին ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Տավրոս Սափեյանի հետ կապված, որին մարզպետն ի սկզբանե դեմ է եղել՝ ե՛ւ ԺՊ նշանակվելուն, ե՛ւ առաջադրմանը: Նախկին մարզպետը Սափեյանի նշանակման օրվանից կուսակցությանը զգուշացրել է, որ Սափեյանների պատճառով թալինցիներն իշխանությունների դեմ են ելնելու, քանի որ աշնակցի Տավրոս Սափեյանին այստեղ դրական չեն ընդունում` համարում են, որ քաղաքապետն իրենց համայնքից պետք է լինի: Իսկ Սափեյանները թեեւ ժամանակին սիրված են եղել մարզում, սակայն այսօր՝ ոչ այնքան։ Մարզպետ Գեւորգյանը հույս է ունեցել, որ կուսակցությունը հաշվի կառնի իր կարծիքը եւ կառաջադրի այլ թեկնածուի:

Հաշվի կառնեն այն, որ Սափեյանի նշանակման օրերին բողոքի ակցիաներ եղան` նրան անգամ համայնքապետարան չէին թողնում մտնել: Իսկ պաշտոնավարման  2 ամիսներին էլ համայնքապետարանում «ռազբորկաներ» են եղել, կոլեկտիվն իրար դեմ է դուրս եկել եւ այլն: Սակայն կուսակցության ղեկավարությունը որոշել է, որ Սափեյանների գերդաստանի ծառայությունները պետք է գնահատվեն, եւ որոշել են նրան առաջադրել՝ անգամ աչքի առաջ ունենալով պարտության հավանականությունը:

Թալինի համայնքապետի ներկա պաշտոնակատարը, հիշեցնենք, «Հանրապետության» անդամ, ապա ՀԱԿ-ին անդամագրված ազատամարտիկներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանների եղբորորդին է: Վերջիններս 2008թ. հունվարի 27-ին ՀՀ նախագահի թեկնածու, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Թալինում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի գործով դատապարտվել էին համապատասխանաբար երկուսուկես եւ երկու տարվա ազատազրկման` ձերբակալվել էին ընտրությունների նախօրյակին։ Սափեյան եղբայրների ու նրանց եղբորորդի Տավրոս Սափեյանի անունները շոշափվեցին նաեւ 2019թ. նոյեմբերի 7-ին Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ, որին «Հրապարակը» ժամանակին անդրադարձել է:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին, ի թիվս այլ համայնքների, Թալինում եւս թեժ մրցապայքար է սպասվում: Բանն այն է, որ այստեղ առաջադրվել է նաեւ նախկին քաղաքապետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մնացական Մնացականյանը, որը համակիրների մեծ բանակ ունի քաղաքում: Ուշագրավ է, սակայն, որ Մնացականյանն առաջադրվել է ոչ թե ՀՀԿ-ով, այլ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հիմնադրած «Զարթոնք» կուսակցությամբ։ Ինչո՞ւ։ Մեր հարցին Մնացականյանն ասաց, որ ինքը նախկինում էլ ՀՀԿ-ական չի եղել, եւ հրաժարվեց ընտրությունների վերաբերյալ այլ հարցերի պատասխանելուց:

ՔՊ-ի «պայծառ» ապագան երաշխավորված չէ նաեւ Ապարան քաղաքում, որտեղ նույնպես թեժ մրցապայքար է սպասվում, թեկնածուները գործարար խավից են. «Կարեն Ղազարյան» դաշինքով առաջադրվել է նախկին քաղաքապետ, «Գնթունիկի» սեփականատեր Կարեն Եղիազարյանը, ով բավականին ընդունելի թեկնածու է համարվում համայնքում, իսկ ՔՊ-ի թեկնածուն Էդգար Փարվանյանն է: Փարվանյանը եւս Ապարանում բարձր հեղինակություն է վայելում, նա զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Ապարան գրուպ» ընկերության տնօրենն է։ 2016 թվականի ՏԻՄ ընտրություններին եւս Փարվանյանը քաղաքապետի թեկնածու է եղել, սակայն պարտվել է այն ժամանակվա քաղաքապետ Գոռ Աբրահամյանին։ Նա նաեւ Հանրապետական կուսակցության անդամ է եղել։ 

Աշտարակում էլ, ինչպես հայտնի է, ՔՊ-ի թեկնածուն Թովմաս Շահվերդյանն է, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական: Նրա ՔՊ-ականացումը քաղաքում հիասթափություն է առաջացրել վերջինիս նկատմամբ, եւ ոմանք ՀՅԴ թեկնածուի շանսերը բարձր էին գնահատում, եթե առաջադրվեր Կարեն Շահազիզյանը: Նրա համար աշխատանքներ էին տանում խոշորացված համայնքի մի շարք համայնքապետեր՝ Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանի գլխավորությամբ, սակայն ՀՅԴ-ն որոշել է այլ անձի դարձնել առաջին համար` Կարապետ Առաքելյանին: «Հայրենիք» կուսակցությունը եւս մասնակցության հայտ է ներկայացրել․ Աշտարակ համայնքում կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը: