Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին այս տարի կղեկավարի Զոհրաբ Թադեւոսյանը

Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրին այս տարի կղեկավարի Զոհրաբ Թադեւոսյանը

Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի հայտնի ջութակահար‚ մանկավարժ Զոհրաբ Թադեւոսյանը։ 

Ինչպես հայտնի է, Խաչատրյանի անունը կրող մրցույթը մեկնարկում է ամեն տարվա հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ Այս տարի մրցույթն անցկացվելու է «ջութակ» մասնագիտական կարգում։ 

Զոհրաբ Թադեւոսյանը երկար տարիներ է, ինչ լեգենդար Անա Չումաչենկոյի օգնականն է։ Նա համարվում է միջազգային երաժշտական-մանկավարժական ասպարեզի կարեւոր գործիչ։ 2003 թվականից Մադրիդի «Ռեալ» թատրոնի նվագախմբի կոնցերտմայստերի օգնականն է։

Զոհրաբ Թադեւոսյանը վարպետության դասեր է անցկացնում իր երաժշտական մենթոր‚ պրոֆեսոր Անա Չումաչենկոյի հետ, հրավիրյալ արտիստ է Սանտանդերի երաժշտական փառատոնում: Բացի այդ, նա դասավանդում է Ճապոնիայում եւ պարբերաբար հրավիրվում վարպետության դասեր տալու։ Որպես ժյուրիի անդամ՝ հրավիրվում է ջութակի ամենակարեւոր միջազգային մրցույթներին: Ներկայում Զոհրաբ Թադեւոսյանը վարպետության դասեր է անցկացնում ամբողջ աշխարհում։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցած տարիների ընթացքում բացահայտել է բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների, որոնք հետագայում գրավել են համաշխարհային մեծ բեմեր։ Այս ստուգատեսը նաեւ հանրահռչակում է Խաչատրյանի երաժշտությունը։ Մրցութային ծրագրում Խաչատրյանի ստեղծագործությունները ներառելու շնորհիվ մասնակիցները սովորում‚ իրենց երկացանկերում ընդգրկում են հայ մեծ կոմպոզիտորի կոնցերտները՝ հետագայում դրանք ներկայացնելով տարբեր համերգասրահներում։