Արժեքային հիմքերը

Արժեքային հիմքերը

Ինչպես երեւում է, փողոցի ուժով իշխանության գալուց չորսուկես տարի անց Փաշինյան Նիկոլին հաջողվեց Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը հյուսիսից արեւմուտք տեղափոխել: Այն, ինչ ինքը ցանկանում էր անել որպես ընդդիմադիր պատգամավոր: Եվ ինչը հստակ արտահայտել էր 5 տարի առաջ իր կազմակերպած խորհրդարանական քննարկման ժամանակ: Դրա համար պահանջվեց ոչ միայն նշված ժամանակը, այլեւ Արցախի՝ համարյա թե ամբողջացված կորուստը: Դրա համար հարկ եղավ վճարել նաեւ բազմահազար զոհերի ու երիտասարդների՝ հաշմանդամ դառնալու գնով: Քաղաքական վեկտորի փոփոխության առաջին ծիծեռնակը ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների, այսինքն՝ դիտորդների, առաջին խմբի այցն էր Հայաստան եւ մեկնումը հայ-ադրբեջանական սահմանային դիրքեր: Հիշեցնեմ՝ Իլհամը Ալիեւը կտրականապես հրաժարվել էր դիտորդներ ընդունելուց: Այսպիսով, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գործնական հարթության վրա դրեց Արցախի հակամարտության կարգավորման եւ ՀՀ սահմանների պաշտպանության տարբաժանման հարցը:

Առաջինը ժամանակավորապես մնաց ռուսական ազդեցության տիրույթում (մինչեւ ամբողջությամբ վերանալը), երկրորդն անցավ Արեւմուտքին (մինչեւ ողջ տարածքի ամբողջական հայաթափումը): 
Նախքան դիտորդների ժամանումը՝ Ռուսաստանի ազդեցության գոտում գտնվող Հայաստանի Հանրապետության իշխանությունն արդեն կատարել էր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը ՌԴ իշխանությունների լռելյայն հայացքի ներքո: Թվարկեմ՝ Փաշինյան Նիկոլի անընդհատ շփումները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խմբի այցը Հայաստան, Նիկոլի ու նրա խամաճիկների մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ շփումը ԱՄՆ ղեկավարության հետ եւ, վերջապես, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Դեյվիդ Փրայսի խմբի այցը Երեւան: 

Տիկին Փելոսիի այցն աչքի ընկավ նրանով, որ մեզ խորհուրդ տվեցին մեր հայացքը հյուսիսից տեղափոխել արեւմուտք: Հորդորեցին ոչ միայն դուրս գալ ՀԱՊԿ-ից (դա անուղղակի հնչեց՝ իբրեւ մեր որոշելիք հարց), այլեւ դիմակայել Ռուսաստանին ճիշտ այնպես, ինչպես անում է Ուկրաինան, որպեսզի ստանանք ամերիկյան սպառազինություն: Երեւի այդ հորդորներն ամերիկյան ուղեղային կենտրոնների կողմից գնահատվել էին չափազանց կոշտ, եւ այդ պատճառով տիկնոջ խմբի այցելությանն անմիջապես հետեւեց պարոն Փրայսի խմբի այցը: Որքան ես հասկանում եմ, սովորաբար մեկ այցին չի հետեւում երկրորդը, եթե այն չի ստանձնում որեւէ կոնկրետ նախաձեռնության բնույթ: Իսկ պարոն Փրայսի այցի առումով ոչ միայն դա առկա չէր, այլեւ բացակայում էր ընդհանրապես իմաստը: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացվեց նրա մամուլի կարճ ասուլիսից: Նա, ըստ այդմ, Երեւան էր եկել, որպեսզի մեզ ընդամենը հայտներ, որ տարածաշրջանային անվտանգության դրվածքի փոփոխությունները պահանջում են անդադար քննարկումներ։ Եվ որ իրենք պատրաստակամ են աջակցություն հայտնելու առումով: Ինչպես նաեւ բարձրաձայնվեց անորոշ մի դատողություն. «Մենք չենք ցանկանում, որ որեւէ կողմ ստանձնի իր կողմից նախօրոք կանխորոշված դեր»։  

Անկեղծ՝ չհասկացա, թե այս վերջին միտքն ում էր վերաբերում՝ թուրքերի՞ն, թե՞ ռուսներին: Բայց քանի որ այն «բազմավեկտոր» ուղղվածություն ուներ, ապա ռուսատյացները դա կվերագրեն ռուսական կողմին, իսկ ինձ նմանները, ովքեր համարում են, որ մեր թշնամին ոչ թե ռուսներն են, այլ՝ թուրքերը, կվերագրեն թուրքերին: Եվ կմնա անհայտ, թե ում նկատի ուներ հարգարժան կոնգրեսականը: Սակայն մեկ այլ երեւույթի մասին հստակ պատկերացում կազմեցինք:

Պարզվում է, որ ԱՄՆ կոնգրեսում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապատող հայտարարության նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Հուսով եմ, որ այն մինչեւ տարեվերջ կամբողջացվի: Կամ՝ եթե դա այժմ հնարավոր չէ քաղաքական կոնյունկտուրայի պատճառով, ապա՝ գոնե մինչեւ Նիկոլին պաշտոնից հեռացնելը: Փաստորեն, Կոնգրեսում դատապարտող նախագիծն ավելի դժվար է ծնվում, քան ԱՄՆ-ի ոչ ՆԱՏՕ-ական բարեկամ երկիր հռչակվելը: Հիշեցնեմ, որ դրա համար, ըստ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի, անհրաժեշտ է ընդամենը 8 րոպե:
Եզրափակվենք կոնգրեսական Փրայսի վերջին դատողությամբ. «Մենք կողմնակից ենք այն խաղաղությանը, որը հիմնված է տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքների վրա»: Եվ հարց ուղղենք նրան, թե ինքը ծանո՞թ է, արդյոք, տարածաշրջանում ապրող մարդկանց արժեքներին:

Տեղյա՞կ է, արդյոք, որ ադրբեջանցիների արժեքայնության հիմքը քնած հայ գործընկերոջը կացնով սպանելն է ու դրա շնորհիվ իր երկրի ղեկավարի կողմից հերոսի վերաբերմունքին արժանանալը: Իսկ մեր արժեքայնության հիմքը (բնականաբար, Փաշինյան Նիկոլի վարչապետության օրոք)՝ հաղթած թշնամուց խաղաղություն մուրալը: Եթե դրանք համադրելի են, ապա ինքը կցանկանա՞, որ այն կյանքի կոչվի իր երկրի առումով: