ՀԺ-ի «Հավաստի աղբյուրը» լռեց ու լռե՞ց

ՀԺ-ի «Հավաստի աղբյուրը» լռեց ու լռե՞ց

Մեկ-երկու շաբաթ առաջ «Հայկական ժամանակ» օրաթերթի ինտերնետային կայքէջում` armtimes.com-ում, «Ի՞նչ է ուզում Ադրբեջանը. ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության», հաջորդ օրն էլ` «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը. ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության» վերտառությամբ երկու հրապարակումներ եղան, որոնք ստորագրված էին՝ «Հավաստի աղբյուր»:
Քանի որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրները եղել են Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը, զգալի թվով մարդիկ հակված էին մտածելու, որ թերթի ինտերնետային կայքում հրապարակումն էլ Փաշինյանի կողմից է գրվել: Ավելի շրջահայացներն ասում էին, որ հնարավոր է Փաշինյանի կողմից չի գրվել, բայց, ամեն պարագայում, իր հայացքներն է արտահայտում:

Անձամբ ես առանձնապես չհավատացի, որ հրապարակումներն իսկապես գրվել էին Փաշինյանի կողմից, մանավանդ երկրորդը` Ռուսաստանին առնչվողը: Մի կողմից՝ դա այնքան մակերեսային, կարծրատիպերից սերված ու դրանց կրկնող կամ պարզունակորեն հակադրվող շարադրանք էր, որ միանգամայն կարող էր Փաշինյանի կողմից գրված լինել: Բայց, մյուս կողմից էլ, այդտեղ այնպիսի անտեղյակություն էր իրադարձությունների, իրողությունների մոտիվացիաների մասով, որ կասկածելի էր թվում, թե հեղինակը կարող է լինել Փաշինյանը, այն պարզ պատճառով, որ նա պետական համակարգում է եւ անձնապես որքան էլ անգետ ու անտեղյակ լինի, զբաղեցրած պաշտոնի բերումով տեղեկանքներ է ստանում, կարդում, որոնք այս կամ այն չափով անտեղյակությունն ու անգիտությունը ցրում են: 

Ինչպե՞ս կարող է պետական համակարգում գտնվող բարձրաստիճան պաշտոնյան, դիցուք, չիմանա, որ Բոսֆոր-Դարդանելի նեղուցների իրավական ռեժիմը եւ դրանցով նավերի երթեւեկը կախված չեն Թուրքիայի բարյացակամությունից կամ չարակամությունից: Կա 1936-ի Montreux Cօnvention (Մոնտրոյի համաձայնագիր), որը կարգավորում է բոլոր խնդիրները, ընդհուպ, թե երբ ինչ տոննաժի եւ բնույթի նավեր կարող են այդ նեղուցներով անցել: Ընդ որում՝ Թուրքիան դողում է Մոնտրոյի համաձայնագիրն ուժի մեջ պահելու համար, որովհետեւ դրա այլընտրանքը ՄԱԿ-ի Ծովային օրենքի մասին դաշնագիրն է (United Nations Convention on the Law of Sea), որն էլ ավելի ազատական ռեժիմ է սահմանում միջազգային նավարկությունների համար: 

Ռուսաստանի, թե ցանկացած այլ երկրի ոչ ռազմական, առեւտրային նավերը Բոսֆոր-Դարդանելի նեղուցներով անցել են, անցնում են եւ կանցնեն՝ համաձայն Մոնտրոյի պայմանագրով սահմանված կանոնների, եւ այդտեղ Թուրքիայից ոչինչ կախված չէ: Իսկ ռազմական նավերի համար պատերազմական եւ խաղաղ ժամանակներում գործում են տարբեր կարգավորումներ, որոնք նույնպես Թուրքիան չի կարող խախտել: Ավելին, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո, ընդամենը մի քանի օրում Թուրքիան ճանաչեց, որ պատերազմական դրություն է Սեւ ծովում, հետեւաբար, Մոնտրոյի պայմանագրի` պատերազմական ժամանակների դրույթները պետք է գործեն, ու դրա հիման վրա էլ ռուսական այն ռազմանավերը, որոնց մշտական կայանման նավահանգիստները Սեւ ծովում էին, Միջերկրական ծովից Բոսֆոր-Դարդանելով վերադարձան Սեւ ծով: Ռուսական մյուս ռազմանավերին, որոնց մշտական կայանման վայրերը Հյուսիսային ծովում են, Հեռավոր Արեւելքում եւ այլն, Մոնտրոյի համաձայնագրի հիման վրա թույլ չտրվեց Սեւ ծով մտնել: 
Հետեւաբար, նման հիմարություններ գրել, թե Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի հիմքում ընկած խնդիրը՝ Թուրքիային գոհացնելով Բոսֆոր-Դարդանելի նեղուցների մատչելիությունը երաշխավորելն էր Արեւմուտքի հետ հնարավոր բախման դեպքում, ոչ մի քննադատության չի դիմանում: Նախ՝ այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի համար Բոսֆոր- Դարդանելի մատչելիությունը Թուրքիայի բարյացակամությունից չէ կախված, այլ, ինչպես ասվեց` Մոնտրոյի պայմանագրից: Եվ հետո՝ Ռուսաստանը Թուրքիայի վրա ազդելու այնպիսի լծակներ ունի, ինչպես, օրինակ, կառուցվող Akkuyu ատոմակայանը, որտեղ կարող է, չէ՞, տեխնիկական անսարքություն ի հայտ գալ, պայթյուն լինել եւ այլն: 

ՀԺ-ի «հավաստի աղբյուրը» պարզապես քաղաքականությունը շփոթել էր գծագրության հետ` կարծելով, թե ցանկացած երկու կետ (իրադարձություն) կարելի է ուղիղ գծով (պատճառահետեւանքային կապով) միացնել` ի հեճուկս իրողությունների: Հայաստանի փորձագիտական շրջանակների վերլուծագանգերն ավելի հավանական հեղինակ են նման դատարկաբանությունների համար: Պետական համակարգի բարձրաստիճան ֆիգուրները կարող են քաղաքական փորձագետներից չտարբերվել իրենց անգիտությամբ, բայց օբյեկտիվորեն չեն կարող անտեղյակության նույն մակարդակի վրա լինել: Ըստ իս՝ Փաշինյանի շահագրգռությունը «Ի՞նչ են ուզում» շարքի հրապարակումների մեջ զոնդաժն էր, թե ով ինչպես կարձագանքի շարքի ոչ այնքան համոզիչ, ոչ այնքան ճիշտ, բայց բավարար սադրիչ հրապարակային մեկաբանություններին, եթե դրանք վերագրվեն իշխանությանը։ Կարելի է արձանագրել` արդյունավետ զոնդաժ եղավ։
Այդուհանդերձ, Ռուսաստանի մասը չէր առանձնապես հետաքրքիր ՀԺ-ի հրապարակումներում` դրանք գրված լինեին Փաշինյանի կողմից, թե ուրիշի։ Այլ այն, ինչը խոստացվել էր շարքի առաջին հոդվածում, բայց այդպես էլ չհրապարակվեց․ «Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն» եւ` «Ի՞նչ է ուզում Իրանը»:

Իրանի մասով. Իրանի այաթոլաներն այժմ այնպես են խրված ողջ երկիրը ցնցող հակակառավարական ցույցերի հորձանուտում, որ հազիվ թե իրենց ռեժիմը պահելուց եւ ողջ մնալուց բացի շատ բան ուզեն: Երբ ռեժիմը հասնում է ցույցի դուրս եկած դպրոցահասակ երեխաներ սպանելուն, դրանք արդեն անելանելության, չասելու համար՝ հոգեվարքի նշաններ են: Ողջ աշխարհն է հետեւում, թե ինչ է կատարվում Իրանում, եւ ովքեր տեսել են շահի տապալումը 1979-ին, ասում են, որ գրեթե նույն մասշտաբի անհնազանդության ալիք է բարձրացել: Այնպես որ՝ Իրանին միառժամանակ թողնենք իր ներքին խնդիրների հետ, մանավանդ որ Հայաստանում վճռականորեն մուտք գործող եւ հաստատվող ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի համար Իրանի ներկա ռեժիմը ո՛չ հակակշիռ է, ո՛չ օժանդակություն, ո՛չ էլ խոչընդոտ:

Իսկ ահա այն, թե ինչ է ուզում ԱՄՆ-ն, այս պահին կարեւոր է: ԱՄՆ-ն է կանգնեցրել սեպտեմբերի 13-14-ի բախումները, ԱՄՆ-ն է սաստել Ադրբեջանին, որ մնացել է տեղում, ԱՄՆ-ն է կանգնած Հնդկաստանից Հայաստանին զենքի մատակարարման ետնաբեմում, ԱՄՆ-ն է աջակցում ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություների՝ հիացնող արագությամբ Հայաստան ժամանելուն եւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվելուն (եւ, իհարկե, Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որ դիտորդական առաքելությունները դառնան խաղաղապահ առաքելություններ), ԱՄՆ-ն աննախադեպ քաղաքական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ ի դեմս այստեղ ժամանող կոնգրեսական պատվիրակությունների: 

Եվ, իհարկե, ԱՄՆ դերակատարման մեջ ամենակարեւորը թվարկված քայլերի հանրագումարային արդյունքն է․ շատ տեսանելի եւ սահուն՝ Հայաստանն անցնում է ԱՄՆ ազդեցության գոտի: Ինչպեսեւ շուրջ մեկ տասնամյակ առաջ տեղ գտած գործընթացներով էր նախանշված` Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը եւ Վրաստանն անցնում են ԵՄ-ի հետ ասոցացման եւ արեւմտյան ազդեցության ճամբար: Ադրբեջանն այդ գործընթացներից ինչպես մեկ տասնամյակ առաջ, այնպես էլ այսօր մնում է դուրս՝ վերջնահաշվում մնալով ռուսական ազդեցության դաշտում: Մեծ հավանականությամբ՝ Արցախի Հանրապետությունը նույնպես մնալու է ռուսական ազդեցության դաշտում, ռուսական զինուժի ներկայությամբ, թերեւս նրանց միջազգային մանդատ տալով եւ ԼՂ կարգավիճակի խնդիրն ապագային թողնելով: Ռուսաստանն այս ամենին չի ընդդիմանում եւ չի ընդդիմանալու: Թուրքիան շատ կցանկանար, բայց կարողություն չունի ընդդիմանալու, եւ շուտով պետք է սպասել Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը երրորդ երկրների, առաջին հերթին՝ հատկապես ԱՄՆ-ի համար: 

Այսքանը շատերն են տեսնում, բայց ինչո՞ւ են ԱՄՆ-ի այս ակտիվացումը եւ ՌԴ-ի պասիվացումը տեղի ունենում, որոնք եղան այս հրաշալի տրանսֆորմացիան հնարավոր դարձրած իրադարձություները, ինչպես «որոշ արմատական ուժեր դադարեցին այդքան արմատական լինելուց», եւ ո՞րն է Հայաստանում ԱՄՆ-ի հաստատման մոտիվացիան ու վերջնակետը՝ ի վերջո: ՀԺ-ի «հավաստի աղբյուրն» այս հարցերի շուրջ մտորե՞լ է, պատասխաններ ունի՞,  թե՞ կարծրատիպերի մեջ խարխափող իր ուղեղով անկարող է դրանք բացատրել, դրա համար էլ լռել է եւ չի ասում, թե «Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն»։