Ժողովրդավարակա՞ն է, արդյոք, Ուկրաինան 

Ժողովրդավարակա՞ն է, արդյոք, Ուկրաինան 

Իսկապես, որքանո՞վ է ժողովրդավարական Ուկրաինան, որը ենթարկվել է ոչ ժողովրդավարական Ռուսաստանի ներխուժմանը: Փորձենք դիտարկել տվյալ հարցը: Շուրջ 604 հազար քառ/կմ տարածքով և ավելի քան 41 մլն բնակչությամբ (2022 թվականի հունվարի տվյալներով՝ առանց Ղրիմի թերակղզու և Արևելյան Դոնբասի) երկրի քաղաքացիների շուրջ 80 տոկոսն իրեն համարել է ուկրաինացի, ավելի քան 17 տոկոսը՝ ռուս, մնացածներն՝ այլ ազգության ներկայացուցիչներ: Դրանց թվում են բելառուսները, լեհերը, հրեաները, ինչպես նաև հունգարացիներն ու ռումինացիները, և այլն:

Արձանագրենք նաև վերջին երկուսի տեսակարար կշիռը՝ 0,3-ական տոկոս: Վերջին երկուսին առանձնացնելու իմաստն այն է, որ Եվրոպական Միության անդամակցության հայտ ներկայացնելիս Ուկրաինայի իշխանությանը հայտնել են, որ անդամակցության հիմնական պայմաններից մեկն ազգային փոքրամասնությունների առումով խնդիրների բացակայությունն է: Կիևի պատասխանը, ենթադրաբար, եղել է դրական, սակայն պարզվում է, որ այն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Քանի որ խնդիրներ, այնուամենայնիվ, եղել են: Եվ եղել են հենց հունգարացիների ու ռումինացիների առումով:

Նախքան պատերազմը խնդիր է եղել Անդրկարպատներում հունգարերեն լեզվի ուսուցման և հունգարացիների շրջանում իրենց մշակույթի տարածման սահմանափակման առումներով: Թեև ուկրաինացիների ասելով, այդ տարածքում խնդիր է եղել հենց ուկրաիներենի ուսուցանման առումով: Հարցն ավելի է սրվել պատերազմի ծավալման պատճառով պահեստային զինապարտների մոբիլիզացիայի ֆոնին: Ինչի մասին ժամանակին, ըստ ռուսական տելեգրամյան ալիքների, պաշտոնապես հայտարարել էին Բուդապեշտում (Հունգարիայի մայրաքաղաքը): Դրան Ուկրաինայի նախագահականում արձագանքել են լռությամբ՝ համարելով, որ Բուդապեշտն ընդամենը փորձում է սրել իրավիճակը Անդրկարպատներում: Սակայն տվյալ հարցի լռության մատնելը հանգեցրել է նրան, որ այն տեղափոխվել է նաև ռումինացիներով հոծ բնակեցված տարածքներ: Եվ վերջերս էլ այն բարձրաձայնվեց նաև Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: Այնուհետև, այդ երկու երկրների կողմից հարցը ներկայացվեց Եվրոպական խորհրդարանում: Ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ ճնշումների վերաբերյալ հարցով Եվրախորհուրդը դիմի Վենետիկի հանձնաժողով: Դրա մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն: 

Տվյալ հարցի բարձրաձայնումը Հունգարիայի կողմից պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ժամանակին հենց Բուդապեշտն է ստիպված եղել իրականացնելու օրենսդրական փոփոխություններ՝ երկրի օրենսդրությունը Եվրոպական Միության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Հունգարիայի ղեկավարությունը դա հիշեցրել է Կիևին՝ նշելով, որ նույնը պետք է կատարի նաև Ուկրաինան:

Չբավարարվելով դրանով՝ Հունգարիայի ԱԳՆ պետքարտուղարներից Թամաշ Մենցերն անընդունելի է անվանել «Անդրկարպատներում հունգարական ազգային փոքրամասնության ճնշումը և տեղական իշխանություններին կոչ է արել դադարեցնել հունգարացիների դեմ իրականացվող վայրագությունները»։ Իսկ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգեյ Գուիյաշն Ուկրաինայի իշխանություններից պահանջել է հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Հունգարիայի իշխանությունները, միաժամանակ, կոչ են արել դադարեցնել հունգարացիների բռնի մոբիլիզացիան Անդրկարպատներում և վերջ տալ բանակի կորուստներն ազգային փոքրամասնությունների հաշվին ծածկելուն։

Վերադառնանք հոդվածի վերնագրին: Ժողովրդավարության հատկանիշներից մեկը, անկախ ազգային պատկանելիությունից, իշխանության կողմից բոլոր քաղաքացիների նկատմամբ նույն վերաբերմունք ունենալն է: Կամ նրանց իրավունքների ամրագրումն օրենսդրության մեջ ու դրան հետևելը: Այնինչ, չեն հարգվել ոչ միայն ռուսների, որպես ազգային փոքրամասնության, իրավունքները, այլև հունգարներինն ու ռումինացիներինը:

Եվ եթե ռուսների լեզվի կամ կրոնի առումով հետապնդումները կարող են լինել հասկանալի՝ թեև ոչ ընդունելի, ապա անհասկանալի է այլ ժողովուրդների նկատմամբ նման վերաբերմունքը: Հատկապես, որ և՛ Հունգարիան, և՛ Ռումինիան թե՛ Եվրոպական Միության և թե՛ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներ են: Եվ դժվար թե տեսանելի ապագայում նրանց միջև ծագեն տարածքային խնդիրներ: Ինչն, օրինակ, հնարավոր չէ ասել Հայաստանի ու խանական Ադրբեջանի առումով: