Չինաստանը բացել է Ուհանը, բայց ո՞ւմ համար…

Չինաստանը բացել է Ուհանը, բայց ո՞ւմ համար…

Չգիտեմ, թե աշխարհի չորս ծեգերում տարածված կորոնավիրուսային իրականությունը որքանով է ճիշտ պատերազմ կոչել: Անձամբ ինձ ավելի դուր է եկել Բելառուսի նախագահի որակումը` կորոնա-պսիխոզ: Իհարկե, այս զանգվածային պսիխոզը մտացածին չէ, իրական եւ անհանգստացնող հիմքեր ունի, բայց դրանից չի դադարում պսիխոզ լինելուց:     

Իսկ 2020թ. ապրիլի 8-ն այնպիսի անկյունաքարային ամսաթիվ էր շուրջբոլորը ծավալվող կորոնապսիխոզի պատմության մեջ, որ անկարելի է դրան չանդրադառնալ: Ապրիլի 8-ին Չինաստանի իշխանությունները երկու ամիս շարունակ կատարյալ արգելափակման ենթարկված Ուհան քաղաքը բացեցին քաղաքացիների եւ փոխադրամիջոցների որոշակի տեղաշարժի համար: Կատարվածը շեփորահարվում է իբրեւ Չինաստանի կողմից կորոնավիրուսի համավարակի հաղթահարում, բայց վիրտուալ թվերից այն կողմ, իրականությանը եւ դետալներին նայելիս դժվար է հասկանալ, թե ինչ հաղթահարման մասին է խոսքը: 

Եթե որեւէ մեկին թվում է, թե ապրիլի 8-ից Ուհանում քաղաքացիների ազատ տեղաշարժ արտոնելը նշանակել է, որ մարդիկ կարող են տնից դուրս գալ, որեւէ տեղ գնալ կամ թեկուզ փողոցում քայլել եւ օդ շնչել, ապա դա խորը մոլորություն է: Ինչպես պարզաբանում են միջազգային լրատվամիջոցները, տան շեմը թողնելու իրավունք ունեն Ուհանում գտնվող միայն այն քաղաքացիները, որոնց չինական պետությունը կոդավորել է կանաչ գույնով: Մյուս երկու` կարմիր եւ դեղին գույներով կոդավորվածներն այսուհետ էլ ճիշտ այնպես չեն կարող դուրս գալ տնից, ինչպես նախորդ երկու ամիսներին: Իսկ թե քաղաքացիների որ տոկոսը որ գույնով է կոդավորված, դժվար թե Չինաստանի իշխանությունները երբեւէ ազնվորեն հայտարարեն: 

Ինչեւէ, մի կողմ թողած անիմանալի տոկոսային հարաբերակցությունը, անդրադառնանք նրան, ինչը չինական իշխանություններից բացի նաեւ մյուս մարդկանց իմացության սահմաններում է. ինչպես են Չինաստանում մարդիկ կոդավորվում, եւ ինչ են նշանակում կոդավորման գույները: Մարդիկ կոդավորվում են իրենց սմարթֆոններին հասանելի էլեկտրոնային հավելվածներով, որն անձնական տվյալները հավաքագրող հարցաթերթիկ է` անուն-ազգանունից, բնակության հասցեից, անձնագրային տվյալներից մինչեւ առողջապահական հարցեր` արդյոք հազո՞ւմ եք, արդյոք ջերմո՞ւմ եք, արդյոք Ձեր հարազատներից մեկը վիրուսակի՞ր է, արդյոք Դուք ինքնամեկուսացման պահանջի կատարման ներքո՞ եք եւ այլն: 

Եթե պատասխանում եք, որ չեք հազում, չեք ջերմում, հարազատները վիրուսակիր չեն, Դուք էլ ինքնամեկուսացման ներքո չեք, համակարգը Ձեզ տալիս է կանաչ կոդ, ինչը նշանակում է, որ կարող եք տնից դուրս գալ (ստախոսության դեպքում պատիժ է նախատեսվում): Եթե հազում եք կամ ջերմում եք, ստանում եք կարմիր կոդ, ինչը նշանակում է, որ չպետք է տնից դուրս գաք: Եթե վիրուսակիր հարազատ (տնեկից) ունեք կամ ինքնամեկուսացման ներքո եք գտնվում, ստանում եք դեղին կոդ, ինչը նույնպես նշանակում է, որ տնից դուրս գալու իրավունք չունեք: 

Այն երջանիկները, որոնք կանաչ կոդ են ստացել, կարող են դրսում լինել ընդամենը մի քանի ժամ, եւ որեւէ փոխադրամիջոցից օգտվելիս` լինի ավտոբուս, մետրո, գնացք, թե ինչ, առաջին հերթին քաղաքացին պարտավոր է սմարթֆոնով սկանավորել փոխադրամիջոցի կոդը, որպեսզի իշխանություններին տեսանելի լինի, թե որ պահին մարդը որտեղ է գտնվում, եւ անհրաժեշտության դեպքում Չինաստանի Կոմկուսը կարողանա նրան գտնել: Յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ կատարվողն առողջապահական մտահոգությունների քողի ներքո քաղաքացիների հանդեպ տոտալ ու բիրտ վերահսկողության սահմանում է պետության կողմից, մարդու անձնական կյանքի իրավունքի ոտնահարում: Բայց դա մի կողմ թողնենք, քանի որ Չինաստանի դեպքում մարդուն ոտնահարելն էլ, մարդկային իրավունքներ ոտնահարելն էլ բնական դրվածք են երեւի ժամանակների սկզբից ի վեր, եւ գոնե կոմունիստական ռեժիմի օրոք դժվար թե դրվածքները փոխվեն: 
Կոդավորման համակարգի առողջապահական տեսանկյունը շատ ավելի հետաքրքիր է: Եթե բոլոր կարմիր եւ դեղին կոդ ունեցողները մնում են տանը, եւ դուրս են գալիս միայն կանաչ կոդ ունեցողները, այն էլ՝ մի քանի ժամով, ապա ո՞վ կարող է ասել` կանաչ կոդ ունեցողները բնակչության ո՞ր տոկոսն են կազմում` 90, գուցե 70, գուցե դրանից էլ քիչ:

Ինչն էլ ավելի էական է` եթե հիվանդները եւ ինքնամեկուսացածները (քանի տոկոս էլ նրանք կազմեն) նստելու են տանը, դուրս են գալու միայն ախտանիշեր չունեցողները (դարձյալ քանի տոկոս էլ վերջիններս կազմեն), ապա` գրողը տանի, ինչն էր խանգարում նույն կարգավորումը ներդնել մեկ կամ երկու ամիս առաջ: Միեւնույն է՝ այն դեպքում էլ, ըստ չին բժիշկների ուսումնասիրությունների, կորոնավարակը տարածող հինգ անձից չորսը որեւէ ախտանիշ, մասնավորապես հազ կամ ջերմություն չունեցող անհատներն են եղել, հիմա էլ հազ կամ ջերմություն չունեցողները դարձյալ փողոցում են եւ նույն հաջողությամբ վարակը կարող են տարածել: Ի՞նչ է փոխվել… 

Դժվար թե մեծ բան է փոխվել: Պարզապես երկու ամիս մարդկանց տանը արգելափակելով կամ իրարից հազիվ մեկ մետր հեռավորության վրա դրված երկհարկանի մահճակալներով մեկուսացման վայրերում առանձնացնելով` առանց բուժսարքավորումների, պատշաճ բժշկական խնամքի, ընդամենը երկու անգամ կազդուրիչ ապուր բաժանելով, հասկանալիորեն, չինական իշխանությունները հազարավոր մարդկանց չեն բուժել: Ուղղակի ամուր իմունիտետ ունեցողները վերապրել են: Իսկ այդ ընթացքում իշխանությունը երկու հարց է կարգավորել․ նախ՝ համաճարակից սարսափած ու քաղաքական դիմակայությունը կորցրած 1,5 միլիարդ հասարակությանը հանգիստ վերցրել է տոտալ վերահսկողության ներքո` առանց քաղաքական ընդվզումների եւ բարդության: 

Երկրորդ․ իշխանությունը պարզել է, որ համավարակի մահացությունը 0,4-0,5 %-ի սահմաններում է, որը Չինաստանին երեւի շատ անհանգստացնող թիվ չէ: Անկախ նրանից, թե Չինաստանն ինչ թվեր էր նկարում վարակվածների եւ մահացածների վիճակագրության մասին (հնարավոր է նաեւ զանգվածային մահերից առաջացող խուճապը կանխելու համար), փաստն այն է, որ Ուհանում մահացածների թիվը ոչ թե մեկ-երկու հազար, այլ տասնյակ հազարներ է կազմել: Ըստ Ուհանի բնակիչների եւ լրագրողների՝ տարրական թվաբանության հարց է: Ուհանում արգելափակման երկու ամիսների ընթացքում թաղումներ չեն կատարվել, քանի որ մահացածների աճյունասափորները հարազատներին չէին կարող հանձնվել: Երկամսյա արգելափակումից հետո, մարտի 25-ից Ուհանի բոլոր՝ յոթ թաղման սրահներից (funeral parlour) սկսել են մահացածների աճյունասափորները փոխանցել հարազատներին` 12 oր շարունակ, մինչեւ ապրիլի 5-ը: Յուրաքանչյուր թաղման սրահից օրական հանձնվել է 500 աճյունասափոր, ինչը նշանակում է որ մահացածների թիվը կազմել է նվազագույնը 42 հազար: 

Դա մահացածների ընդհանուր թիվն է, եթե չհաշվենք տներում մահացածների հազարավոր աճյունները, որ հայտնաբերել են արգելափակումից դուրս եկած հարազատները, եւ այն աճյունասափորները, որոնց ետեւից հարազատներ չեն եկել: Այնպես որ, Չինաստանի ընդդիմադիր գործիչներն ու լրատվամիջոցները միայն աճյունասափորների թվով կարողացել են վերստեղծել իրականին մոտ վիճակագրությունը: Առանց համավարակի Ուհանի 11 միլիոնանոց բնակչության մահերը երկու ամսում վատագույն դեպքում կկազմեին 8-9 հազար, մինչդեռ այժմ կազմել են նվազագույնը 42-45 հազար: Միանգամայն մոտ այն վիճակագրությանը, որ արեւմտյան համաճարակաբաններն են կանխատեսել իրենց երկրների համար՝ առանց Չինաստանի նման բիրտ արգելափակումների կիրառման, բայց մահերի այդ վիճակագրությունից էլ Արեւմուտքն ամեն գնով փորձում է խուսափել: