Հիմա ամենաճիշտ պահն է` Արցախի հարցը լուծելու

Հիմա ամենաճիշտ պահն է` Արցախի հարցը լուծելու

Լոս Անջելեսում բնակվող նկարիչ Նիկոլ Աղաբաբյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք Կալիֆորնիայում բնակվող հայերի շրջանում շա՞տ են վարակվածները, ինչպե՞ս են նրանք ապրում եւ հայաստանցիների նման հայտնվե՞լ են սոցիալական ծանր իրավիճակում։ Նկարչի տեղեկացմամբ՝ ճգնաժամը Լոսում բնակվող բոլոր հայերի վրա է անդրադարձել, բայց հատկապես՝ մշակույթի մարդկանց։ «Որովհետեւ մշակույթի մարդիկ հիմնականում իրենք են իրենց գործատեղը ստեղծում․ գրողները, նկարիչները, վերջը՝ արվեստի ոլորտի մարդիկ․․․ առաջինը սա հարվածեց հենց մշակույթի ժողովրդին, որովհետեւ իրենք որեւէ հիմնարկում չեն աշխատում։ Իրենք ստեղծել են դպրոց, կամ նկարիչները ցուցահանդեսներ են անում, որ վաճառքի արդյունքում որոշակի մի ժամանակահատվածում ապահովեն իրենց եկամտի աղբյուրը։ Նաեւ նրանց վրա է ազդում, ովքեր ինչ-որ հիմնարկություններում են աշխատում ու էսօր չեն աշխատում։ Պետությունը նրանց համար ինչ-որ գումարներ, էսպես ասած՝ փոխհատուցում է նախատեսել, բայց դրանք շատ փոքր գումարներ են Ամերիկայում ապրողի համար»,- հայտնեց Նիկոլ Աղաբաբյանը։ 

Ինչ վերաբերում է լոսանջելեսահայության շրջանում հիվանդացությանը, ապա նկարիչը մշտապես հետաքրքրվում է, հարցնում։ «Ասում են, որ Գլենդելում ութսունքանի մարդ միգուցե ավելացել է արդեն, հայեր կան, բայց իմ ծանոթներից՝ ոչ»,- ասաց նկարիչը։

- Պարոն Աղաբաբյան, որքան գիտեմ՝ ստիպված եք եղել մարտի 17-ին նախապես հայտարարված ցուցահանդեսը դարձնել առցանց։

- Քանի որ իրական ցուցահանդեսը չկայացավ, գիտեք՝ ինչն է պատճառը, որրոշեցինք էդպես վիրտուալ ցուցահանդես կազմակերպել, եւ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են իմ նկարչությամբ, հնարավորություն ունենան տեսնելու աշխատանքները։ Էդ իմաստով արեցինք, բայց նկարչությունն էն ոլորտն է, որ պիտի անպայման օրիգինալի հետ առնչություն ունենան մարդիկ, որովհետեւ օրիգինալներից է էներգիան գալիս, ռեպրոդուկցիայից չի կարող էներգիան գալ։ Իհարկե, օնլայն ցուցահանդեսի ժամանակ շատ մարդիկ հետաքրքրվեցին, էն, ինչ ասում եմ, խնդիրը մենակ ինձ չի վերաբերում, որովհետեւ շատ մարդիկ հետաքրքրվել են, ասել են՝ էս ամենը վերջանա, գանք նկարներ առնենք։ Ես ուղղակի իմ օրինակով եմ ասում։

- Հետեւո՞ւմ եք, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Իհարկե, այստեղ շատ մարդիկ ուղղակի սննդի խնդիր ունեն։ Տաքսիստներ, վարսավիրներ, վաճառողներ, տնաշխատներ։

- Իհարկե, չեմ կարող չհետեւել եւ պատկերացնում եմ, թե ինչ վիճակ է, համարյա ամեն օր կապի մեջ եմ Հայաստանի հետ։ Պատկերացնում եմ․․․ էն, որ աշխատում էին, առանձնապես բան չէին ստանում, հիմա որ չեն աշխատում, պատկերացնում եմ, թե ինչ վիճակ է ժողովրդի մոտ։ Պիտի դիմանանք, սա մի հարված է ամբողջ աշխարհին, ամբողջ աշխարհի տնտեսությանը, ես չգիտեմ՝ մարդու ձեռքո՞վ է ստեղծվել, թե ոնց է եղել, ամեն դեպքում, իմ մոտ էն տպավորոթյունն է, որ ավելի շատ խոսում են, քան իրականում կա։ Էս ամեն ինչի մեջ ինչ-որ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում։
Ես կուզենայի Հայաստանի մասին խոսելով՝ անդրադառնալ նաեւ Արցախին։ Ես, օրինակ, էսպես եմ պատկերացնում, որ Արցախում, դե, ինչ-որ եղավ, եղավ։ Ընտրությունը չպիտի կայանար էն պատճառաբանությամբ, որ ամբողջ աշխարհում կարանտին է հայտարարված։ Հաշվի չառան, էլի, մարդու անվտանգության խնդիրը, մարդիկ նորից իրենց նեղ անձնականով առաջնորդվեցին։ Բայց դա արդեն մի կողմ թողնենք։ Ես մտածում եմ հետեւյալ կերպ․ քանի որ ամբողջ աշխարհը զբաղված է իր երկրի, իր ժողովրդի ճակատագրով, հիմա մենք շատ հանգիստ կարող էինք եւ կարող ենք հայտարարել, որ Արցախում մեր ժողովուրդն է ապրում, հայ ժողովուրդը, եւ նրանց այս համաշխարհային վարակից փրկելու համար մենք այնտեղ նշանակում ենք մեկին, ինչպես նախկինում ասում էին՝ մարզպետ։ Հայաստանում արտակարգ դրություն է, եւ, այդպիսով, Ղարաբաղն ինքնաբերաբար միանում է Հայաստանին, եւ վերջանում է էդ պատմությունը։ Որեւէ մեկը մեզ վաղը չի կարող ասել՝ էս ինչ արեցիք։ Հիմա ամենաճիշտ առիթն է, որ մենք քաղաքականապես օգտվենք էս իրավիճակից։ Ես շատ կուզեի, որ իշխանությունն էդ մասին մտածեր։

- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկարատեւ լռությունից հետո խոսեց եւ կոչ արեց, որ մարդիկ իշխանություններին նրանց սխալների համար քննադատությունը պահեն ապագայի համար, իսկ հիմա կորոնավիրուսի դեմ պայքարող իշխանությունների համար երկրորդ ճակատ չստեղծեն։ Իսկ հասարակության մի հատված արձագանքեց՝ ասում էր, որ այդ ճակատը մենք չենք բացել։

- Անկեղծ ասած՝ ներքին խոհանոցին շատ չեմ հետեւում։ Այնքանով, որքանով համացանցից եմ կարդում։ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրածից տեղյակ չեմ, բայց, իմանալով Լեւոն Տեր-Պետրոսյանին, կարող եմ ենթադրել, թե ինչ կարող էր ասած լինել։ Մեր առաջին կատաստրոֆան։ Հայաստանի դաժան փորձությունն իրենով սկսվեց, երբ մեր հաղթանակը սկսեց վերածվել պարտության։ Բայց չգիտեմ ինչ ասեմ, բացի այն, որ հիմա շատ լավ ժամանակ է, որ հակասությունները թողնվեն մի կողմ, մտածենք վաղը Հայաստանի լինել-չլինելու մասին։ Ես ինչո՞ւ խոսեցի Արցախի մասին, որովհետեւ եթե մենք թույլ ենք տալիս, որ Արցախն առանձնանա, ռուսը շատ հանգիստ թաթը դնելու է։ Մենք էդ վտանգի առաջ ենք։ Իսկ եթե մենք կորցրեցինք Արցախը, այն ռուսի համար դառնում է մի հրաշալի, մի անուշիկ տեղ, որտեղ ինքն իր գործին է լինելու․ ե՛ւ Ադրբեջանին են տեր լինելու, ե՛ւ Պարսկաստանին, ե՛ւ Հայաստանն ընդհանրապես կվերանա, կլուծարվի՝ որպես պետություն։ Մենք շատ լուրջ վտանգների առաջ ենք կանգնած, դրա համար, իմ համոզմամբ, բոլորը պետք է նեղանձնական խնդիրները թողնեն մի կողմ եւ մի ուղղությամբ նայեն, իրար օգնեն ու փորձեն էս վիճակից հաղթանակած դուրս գալ։ Եթե ոչ տնտեսապես, գոնե՝ քաղաքականապես։

- Ընդհանուր առմամբ, կարանտինի այս 21 օրն ի՞նչ տվեց։ Շատերն առաջարկում են վայելել կյանքը, դիտել ֆիլմեր, կարդալ գրքեր, մտքերն ամփոփել, աղոթել, եթե հավատացյալ են։ Անել բաներ, որոնք նախկին աշխատանքային տեմպում հետաձգվում էին։ Բայց սա էլ մարդկանց մեծամասնության համար այլեւս անտանելի է, ու նրանք երազում են վերադառնալ նախկին «ատելի կյանքին»։ Մենք չե՞նք կարող ապրել այլեւս այդ կենսակերպում։

- Գիտեք, ասում է՝ որ չգա ոգու սով։ Ես նույնիսկ էդպիսի ցուցահանդեսների շարք ունեմ։ Շուշիում եմ արել՝ պատերազմի տարիներին՝ 92 թվականին։ Շուշին ազատագրվել էր, մի ամիս չէր անցել, ասի՝ գամ ցուցահանդես անեմ։ Պատերազմ էր, մարդասպանություն, եւ մենք իսկապես էդ ոգեղեն վիճակից դուրս էինք եկել։ Իսկ հիմա՝ առավել եւս։ Մարդը շատ է նյութականացել։ Շատ, ինչի արդյունքում մենք հասանք սրան։ Կարծում եմ՝ սա շատ հարմար ժամանակ է, որ մարդիկ նստեն ու խորհեն՝ վերջապես մարդկությունը նաեւ հոգեւորո՞վ պիտի ապրի, թե՞ միայն նյութով պետք է առաջնորդվի։ Եվ սա իսկապես դարձի շրջան է, որ մեզ հնարավորություն է տրված՝ մտածելու էդ մասին։ Աստծո օրենքի մեջ հայտնվենք, ի վերջո։ Մենք բոլորս միասին, աշխարհով մեկ։ Հատկապես՝ Հայաստանում։ Եվ փրկության օղակը տեսնենք հոգեւորի, գեղեցիկի, սիրո մեջ։ Ի դեպ, շնորհավորում եմ Մարիամ Աստվածածնի տոնի առիթով մեր մայրերին ու քույրերին։