Միավորման ինչ տարբերակներ են քննարկվում ակադեմիական համակարգում
Գիտությունների ազգային ակադեմիայում օրերս տեղի է ունեցել հանդիպում՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Ներկա են եղել ԳԱԱ մի շարք գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ, որոնք հետաքրքրվել են, թե ինչ ճակատագիր է սպասվում ԳԱԱ համակարգում գործող ինստիտուտներին։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, օրինակ, հետեւյալ առաջարկն է հնչեցրել. «Քանի որ աներկբա է, որ գիտության համակարգը շատ ավելի կայացած է, քան բուհականը, ապա ես առաջարկում եմ բուհերի հոգաբարձուների խորհուրդները գիտական մասով հանձնել ակադեմիային, ինչը կարող է լինել նորարարություն»:
Արթուր Իշխանյանից հետաքրքրվեցինք, թե բացի նորարարությունից, իր առաջարկած տարբերակն ի՞նչ կտա ակադեմիական համակարգին, ինչքանո՞վ կօգնի պահպանել գիտահետազոտական ինստիտուտների անկախությունը։ «Նախեւառաջ սա նախաձեռնություն է, որն առաջ են քաշել մի շարք առաջատար գիտնականներ, այդ թվում՝ արտասահմանյան՝ հայազգի եւ ոչ հայազգի։ Սա եւս աշխարհում կիրառվող սխեմա է, կան իրականում նման դեպքեր, երբ բուհերի ղեկավարումը հանձնվում է գիտահետազոտական ինստիտուտներին։ Գիտնականները միարժեք աջակցում են մեր ակադեմիայի կողմից պաշտպանվող 3-րդ տարբերակին։ Ընդհանուր առմամբ, կա 3 տարբերակ, որն առաջարկում է Եվրամիության հանձնաժողովը, դրանք պարտադրական առաջարկներ չեն, այլ որպես հնարավոր տարբերակներ։ Առաջինը՝ պահպանել կառավարման այն համակարգը, ինչը կա այս պահին, եւ դանդաղ էվոլյուցիոն ճանապարհով փոփոխություններ իրականացնել ինչպես բուհերում, այնպես էլ գիտահետազոտական ինստիտուտներում՝ ձգտելով դրանց մերձեցնել, ինտեգրման աստիճանը բարձրացնել։ 2-րդ տարբերակը բոլոր գիտահետազոտական ինստիտուտները բուհերին կցելն է, բուհերի կազմում ներգրավելը, եւ 3-րդ տարբերակը գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտաարտադրական ցանցերի ստեղծումն է՝ Եվրոպայում բավականաչափ տարածված սխեմաների կիրառությամբ,- ասում է Ա․ Իշխանյանն ու հավելում, որ այս առաջարկները Եվրամիությունը կատարել է դեռ 3 տարի առաջ։- Հրապարակվել է 2020թ․ փետրվարին եւ բաց դրված է համացանցում, հենց Եվրամիության կայքում, այս պահին այդ 3 տարբերակներն են դիտարկվում»։
ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարն ընդգծում է՝ Եվրամիությունը կատարել է նաեւ լայն հետազոտություն․ «Մեծ փաստաթուղթ է՝ մոտ 120 էջ, որտեղ բավական մանրակրկիտ ուսումնասիրված է մեր վիճակը, եւ այնտեղ տարբեր տիպի առաջարկներ կան, Եվրամիության այդ զեկույցում դիտարկվել են բուհերի հետ միացման մի շարք հաջողված եւ չհաջողված օրինակներ։ Չհաջողված օրինակներ են Վրաստանինը, Մոլդովայինը, հաջողված են Էստոնիայինը, Լիտվայինը»։
Իր առաջարկն այդ 3 տարբերակներից ո՞րի մեջ է տեղավորվում։ «Ոչ մեկի մեջ չի տեղավորվում, այլ հանդիսանում է 4-րդ տարբերակը, որի էությունն այն է, որ մեր բուհերն առնվազն իրենց գիտական մասի ղեկավարումը հանձնեն Գիտությունների ազգային ակադեմիային (հարկ է նշել, որ բացի բուն գիտական աշխատանքը, բուհերը նաեւ մագիստրոսներ են պատրաստում, իսկ մագիստրոսն արդեն գիտական առաջին աստիճան է համարվում)։ Ես առավել բնական եմ համարում, որ այս փուլում առաջիկա տարիներին գիտությունը ղեկավարի կրթությանը, եւ փորձի մակարդակը բարձրացնել մինչեւ այն աստիճան ու այն դիրքեր, ինչ զբաղեցնում է գիտությունը։ Դա է առաջարկի էությունը, որը քննարկվել է բազմաթիվ առաջատար գիտնականների հետ։ Այս առաջարկն իրականում հանդիսանում է այն 3-րդ ճանապարհի զարգացումը կամ լրացումը, այսինքն՝ ցանցեր ստեղծելու միտումը, որովհետեւ Եվրամիության առաջարկում կա գիտաուսումնական ցանցեր ստեղծելու նպատակ, ինչպես, օրինակ, գերմանական ցանցերը։ Ուղղակի իմ այս առաջարկը ճշգրտում է այդ ցանցում դերերի բաշխումը եւ ղեկավարման առաջնային դերը հանձնում է գիտությանը՝ ելնելով նրանից, որ գիտական համակարգը շատ ավելի զարգացած է եւ ավելի բարձր մակարդակ է զբաղեցնում»։
Ըստ Արթուր Իշխանյանի, կան այլ հիմնավորումներ եւս, նաեւ տեսլական, թե ինչպես դա իրականացնել, ինչ ժամանակացույցով, ինչ տարբերակով։ «Ենթադրենք, վերցնում ենք իքս բուհը, այդ բուհն ունի համապատասխան ձեւով հաստատված մագիստրոսական ծրագրեր, ակադեմիան այդ մագիստրոսական ծրագրերի փորձաքննություն կանցկացնի, կփոխի ուսումնական ծավալները եւ կհամապատասխանեցնի արդի գիտության պահանջներին։ Պատկերավոր ասած՝ բուհերն ամրագրվում են ակադեմիայի համակարգին՝ ակադեմիայի ղեկավարությամբ։ Սա է իմ առաջարկի էությունը։ Դա ակադեմիական գիտական հաստատություններին հնարավորություն կտա ավելի նպատակաուղղված ձեւով պատրաստել կադրեր գիտության համար, որովհետեւ այսօր ասպիրանտների մոտավորապես 80 տոկոսն ամրագրված է համալսարաններին, մինչդեռ խորհրդային ժամանակներում 50/50 էր այդ հարաբերակցությունը, եւ ներկայում, ցավոք սրտի, ասպիրանտական ուսումը բուհերում դիտվում է ավելի շատ որպես պակաս գիտական, մինչդեռ այս քայլով ասպիրանտական կրթության որակն էապես կլավացվի։ Մենք ապրում ենք այնպիսի մի դարում, որ գիտությունն ունի առաջնային կարեւորություն պետությունների զարգացման հարցում, եւ այդ պատճառով բարձրորակ գիտական կադրերի պատրաստումը պետք է լինի մեր պետության եւ, ընդհանրապես, հանրության հոգածության կարեւոր առարկաներից մեկը, եւ այս քայլով հնարավոր կլինի այդ ուղղությամբ հասնել էական առաջխաղացման»,- ասում է Իշխանյանն ու նկատում, որ իր առաջարկած տարբերակով հնարավոր կլինի առավելագույնս պահպանել ակադեմիական համակարգի ամբողջականությունը եւ ցնցումների չենթարկել․ «Այո, սա առավել անցնցում, հանդարտ, երաշխավորված եւ քիչ ռիսկեր պարունակող տարբերակն է»։
Թե ինչպես է իր առաջարկին արձագանքել նախարարը, Իշխանյանն ասում է, որ նախարարից արձագանք չի եղել․ «Իմ առաջարկն իր ելույթից անմիջապես առաջ էր։ Ես առաջարկեցի, որ այս առաջարկը եւս դրվի լայն քննարկման, որովհետեւ միանգամայն համոզված եմ, որ կարդինալ փոփոխություններն ունակ են ապահովելու հաջողություն միայն ու միայն լայն կոնսենսուսի պարագայում։ Իսկ այստեղ անհրաժեշտ է կոնսենսուս բուհերի, պատկան մարմինների միջեւ՝ նախարարություն, գիտության կոմիտե, ակադեմիա, գիտական ինստիտուտներ, այդ պատճառով այսօրինակ որոշումները պետք է կայացվեն մասնակցայնության մեծ աստիճանով։ Եվ առաջարկը, որ հնչել է բոլոր տնօրենների խոսքում, այն է, որ իրենք մասնակցեն այսօրինակ որոշման կայացման նախապատրաստման քննարկումներին, եւ ես կոչ եմ արել, որ այս 4-րդ տարբերակը եւս դրվի լայն հանրային քննարկման՝ անմիջական շահագրգիռ կազմակերպությունների կողմից»։
Կարծիքներ