Ժողովրդի հաղթանակը խլելը

Ժողովրդի հաղթանակը խլելը

«Հրապարակ»-ը հիշեցրեց ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ 2018 թվականի աշնանային օրերից մեկում գոռգոռոցը գցելը: Այն է՝ «Հայաստանում դեռ կան ուժեր, որոնց մտքով անցնում է ժողովրդի հաղթանակը խլել ժողովրդի ձեռքից»: Վեց տարվա հեռավորությունից պատասխանեմ դրան՝ ցավում եմ, որ ո՛չ 2018-ին և ո՛չ 2021-ին Հայաստանում չգտնվեցին ուժեր, որպեսզի իսկապես «ժողովրդի հաղթանակը խլեին ժողովրդի ձեռքից»: Դժբախտաբար, այդպիսի ուժեր չկան նաև այսօր: Իսկ եթե լինեին, ապա դրա հեղինակն այսօր չէր զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Եվ ոչ էլ TikTok-ում դասախոսություններ կկարդար քաղաքականության թեմաներով: Եվ ոչ էլ կվայելեր կյանքը՝ «կառավարական դաչաներում» ու ֆրֆռալով աշխարհով մեկ: Այլ ոչ այնքան  հարմարավետ վայրում կխորհրդածեր կյանքի փոփոխականության մասին՝ ինքն իր հետ փիլիսոփայական զրույցներ վարելով: Իսկ ժողովուրդն էլ չէր ապրի այն ողբերգությունը, որ բաժին հասավ նրան «իր հաղթանակի» շնորհիվ: Որովհետև, ոնց գցում-բռնում եմ, ժողովրդի հաղթանակը երբեք երջանկություն չի հացնում նույն այդ ժողովրդին: 

Հիմնավորում եք ուզո՞ւմ: Խնդրեմ օրինակներ հեռավոր և մոտ պատմական անցյալից և մեր օրերից՝ Ֆրանսիական հեղափոխություն, բոլշևիկյան հեղաշրջում, խժդժություններ Լիբիայում, Սիրիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Վրաստանում: Տարածքային կորուստներ բազմաթիվ երկրներում և այդ թվում մեր հայրենիքում: Եվ այդ բոլորը տեղի են ունեցել «ժողովրդի հաղթանակի» շնորհիվ: Իսկ այն պոպուլիստները, ովքեր ժողովրդին «ավետել» են սեփական հաղթանակի լուրը, կա՛մ դրա շնորհիվ վայելել են հաղթանակի արդյունքները և կա՛մ այդ ժողովրդի հիշողությունից նետվել են պատմության աղբանոցը: Ցավում եմ, որ մեր դեպքում տեղի ունեցավ առաջին և ոչ թե երկրորդ տարբերակը: Բայց հույսս չեմ կտրում, որ վաղ թե ուշ տեղի կունենա երկրորդը: Այլապես պատմության աղբարկղը կնետվի մեր ժողովուրդը, որ, նախ, չկարողացավ կառուցել նորմալ պետություն: Եվ երկրորդ, նախկիններից ազատվելու հույսով իր գլխին կարգեց այնպիսի մեկին, որը նրան հասցրեց այդ վերջնարդյունքին:

Այս տողերը գրելու օրը մեր ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկն է՝ Զատիկը: Այն հանրության տոն էր դեռևս իմ մանկության տարիներից՝ նախորդ դարի 60-ականներից: Եվ ավելի ամրապնդվեց անկախության շրջանում: Սակայն այսօր Հիսուս Քրիստոսի Հարությունը շնորհավորելու փոխարեն ինձ նմանները հերթական անգամ անդրադառնում են վերը նշված անձին: Թեև շատ կցանկանայի, որ այդպես չլիներ: Որ «ժողովրդի հաղթանակի» մասին հիշելու փոխարեն տրվեինք մեզ հարազատ դարձած այդ տոնին: Տրվեինք ամբողջությամբ և ողջ էությամբ: