Բեւեռական մոգոնված տեսություն

Բեւեռական մոգոնված տեսություն

Բևեռական երեք գործիչների հունվարի 24-ի օնլայն ասուլիսը նորությամբ չփայլեց: Սկզբում ներկայացվեց գլխավոր գաղափարը. ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարողանում կա՛մ չի ցանկանում (կա՛մ էլ երկուսը միասին) բացել Լաչինի միջանցքը: Առաջարկվեց նաև հարցի լուծումը՝ լրացուցիչ միջազգային զորքեր տեղակայել Արցախում: Ապա շատ արագ ուղղում մտցվեց՝ ռուսական զորքերը պետք է հեռանան Հայաստանից: Եթե ասվեր, որ զորախումբը չի կարողանում՝ ընդունելի կլիներ: Որովհետև երկու ճակատով պատերազմ մղելը դեռևս ոչ մի երկրի հաջողության չի բերել: Բայց որ դրան հավելում են նաև չցանկանալը՝ զարմանում ես: Հասուն մարդիկ են, բայց…

Ընդամենը մեկ պարզ հարց՝ եթե չի ցանկանում, ապա ինչո՞ւ է հայտնվել այնտեղ: 
Բնականաբար, նման պարագայում իրենց հույսն Արևմուտքն է: Եվ որպես Արևմուտքի հնարավոր աջակցության առարկայական գործոն հիշատակվեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Ալիև Իլհամի հետ: Դրանում Լաչինի միջանցքն անհապաղ ապաշրջափակելու կոչից բացի բարձրացվել էր (բնականաբար, Բլինքենի կողմից) մարդու իրավունքների խախտումների հարցն Ադրբեջանում: Թե ինչքանով է այն առարկայական՝ ցույց կտա ընթացիկ շաբաթը: Այնուհետև մասնագիտությամբ բժիշկ բևեռականի կողմից ներկայացվեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր և անհնար բոլոր մեղքերի շարանը: Իհարկե, վերւինս չմոռանացավ «վկայել», որ Վարդանյանը ՌԴ նախագահ Պուտինի մարդն է: Ի դեպ, որպեսզի հասկանալի լինի հարգարժան բժշկի քաղաքական ուղղվածությունն ու մակարդակը, հայտնեմ, որ նախորդ տարի, եռամսյակը մեկ նա ավետում էր Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության տապալումը: Ունկնդնելով պարոններին՝ ինձ թվում էր, թե ես լսում եմ ոչ թե իրենց հայրենասեր համարող հայաստանցների, այլ ադրբեջանական ԱԳՆ-ի որևէ պաշտոնյայի խոսքը: Այդքանը բավարար էր, որպեսզի 18 րոպե անց ես դադարեցնեի բևեռականների օնլայն ասուլիսը լսելը:

Հատկապես, որքան հասկացա (առաջին 18 րոպեի ընթացքում) Արևմուտքի վրա հույս դնողները դեռևս տեղյակ չէին, որ Եվրամիության անդամ չորս երկրներ՝ Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան և Սլովակիան, դիմել են Եվրահանձնաժողովին՝ Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարման նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար միջոցներ հատկացնելու խնդրանքով: Կարծում եմ, որ խնդրանքը կհարգվի՝ հատկապես որ Ադրբեջանը նրանց և նրանց միավորող Եվրամիության համար 2020 թվականից հետո վերածվել է հուսալի գործընկերոջ: Եվ նման պայմաններում ինչպես է Եվրամիությունը պաշտպանելու Արցախը՝ ես չիմացա: Բայց Ռուսաստանի առնչությամբ նույն այդ երևույթը (Ադրբեջանի հետ գործընկերությունը) բևեռականների կողմից լավ էլ քննարկվում է և բացառվում:

Ես չգիտեմ նաև, թե ինչ են անելու արևմտյան խաղաղապահ ուժերը Արցախում, եթե, իհարկե, դրանք երբևէ տեղակայվեն այնտեղ: Որովհետև, որքան հայտնի է, արևմտյան տարբերակով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շրջանակում Արցախի հարց չի քննարկվում: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս համարող Արևմուտքը ինչ տրամաբանությամբ պետք է զորքեր տեղադրի Արցախի շուրջը, ինձ համար հասկանալի չէ:   

Իհարկե, կարելի է ասել, որ եթե ես համբերություն ցուցաբերեի և լսեի ողջ ասուլիսը, ապա երևի կիմանայի այն, ինչ չեմ հասկացել: Խոստովանեմ, որ դա տեսականորեն հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե ես լինեի բևեռականներից մեկը: Որոնք իրենց համար որոշակի իդեա-ֆիքս են մոգոնել ու փորձում են ամեն հարց կամ երևույթ տեղավորել դրանում: Բայց եթե ինչ-որ մի երևույթ, այնուամենայնիվ, չի տեղավորվում դրանում, ապա այն դեն են նետում: Չնայած հենց 20-րդ դարի արևմտյան, իմա՝ անգլիական, գրականության մեծերից Ագաթա Քրիստին (1890-1976) է իր հերոսի՝ մասնավոր հետաքննիչ Էրքյուլ Պուարոյի, բերանով ասել, որ եթե որևէ իրական փաստ չի համապատասխանում մոգոնված տեսությանը, ապա պետք է դեն նետել ոչ թե փաստը, այլ տեսությունը: