Ամուլսարի շահագործումը ավելի քիչ կվնասի երկրին, քան տանուլ տված պատերազմը

Ամուլսարի շահագործումը ավելի քիչ կվնասի երկրին, քան տանուլ տված պատերազմը

Իրոք որ՝ զարմանալի հասարակություն ենք կառուցել: Զարմանալի ենք, որովհետեւ հիմա, երբ Հայաստանի եւ Արցախի սահմանների ողջ երկայնքով Ադրբեջանն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, իսկ այդ երկրի պաշտպանության նախարարն անընդհատ խոսում է «պատերազմի դաշտում» հանդիպելու մասին, մենք, իմանալով հանդերձ, որ բազմաթիվ այլ ձեռնարկների հետ մեկտեղ, նաեւ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ է, որ այս պետությունը պետք է կարողանա սպասարկել ինչպես երկրի տնտեսության հետագա զարգացումը, այնպես էլ հաղթի սպասվելիք պատերազմում, այնուամենայնիվ, դիրքեր ենք դնում եւ դիրքապահներ ենք պահում Ջերմուկի սարերում, որպեսզի խոչընդոտենք Ամուլսար կոչվող հանքավայրի շահագործմանը:

Առավել զարմանալի ենք դառնում նաեւ այն պատճառով, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն քսանութ տարի է, ինչ ունենք անկախ պետություն եւ ապրում ենք այդ պետության հովանու ներքո, միեւնույն է, դեռեւս չեք կարողացել մեր պետական եւ հասարակական գիտակցությունը հասունացնել այնքան, որպեսզի միանգամից հասկանանք այն պարզ ճշմարտությունը, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն ինչքան էլ բնապահպանական եւ այլ տեսակի վնասներ հասցնի այս երկրին, միեւնույն է, այդ վնասները, եթե ոչ մի քանի հազար, ապա, վստահաբար, մի քանի հարյուր անգամ ավելի քիչ են լինելու, քան այն վնասները, որոնք անխուսափելիորեն կկրի այս երկիրը, եթե տանուլ տա հնարավոր պատերազմը: 

Եվս մեկ հանգամանք, որը չենք կարող եւ չպետք է աչքաթող անենք: Հարցն այն է, որ անկախ այն հանգամանքից, թե ինչքան ջանք եւ ճիգ ենք ներդնում երկիրը բնապահպանական եւ այլ տեսակի ռիսկերից հեռու պահելու համար, միեւնույն է, այդ բոլոր ջանքերն ու ճիգերն իզուր կանցնեն, եթե մենք պարտվենք սպասվելիք պատերազմում: Իզուր կանցնեն, որովհետեւ այս պետականությունը կորցնելուց հետո հաղթողները ոչ միայն Ամուլսարի ոսկին, այլ նաեւ Քաջարանի պղինձն ու մոլիբդենը տանելու համար մեզնից իրավունք չեն հարցնի, այլ անգամ թույլ չեն տա, որ մենք մեր ձեռքերը Սեւանում լվանանք:

Իսկ որպեսզի չգա այդ օրը, եւ մենք կանգնած չլինենք ամեն ինչ կորցնելու վտանգի առջեւ, ուրեմն պետությունը պետք է օր առաջ, իրեն վերապահված բոլոր օրինական միջոցները (այդ թվում՝ նաեւ համաչափ ուժ գործադրելու իր լեգիտիմ իրավունքը) օգտագործելով՝ ապաշրջափակի Ամուլսար տանող ճանապարհը եւ, ինչպես մյուս ներդրողների, այնպես էլ այս ներդրողի համար ապահովի աշխատանքի եւ աշխատելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Պետք է վերջապես հասկանանք, որ այս առումով երկրում եւ նրա շուրջ ձեւավորված սոցիալ-տնտեսական եւ ռազմաքաղաքական իրողությունները պետությունն այլ գործելակերպով գործելու հնարավորությունից ուղղակի զրկել են: Պետությունը կա՛մ պետք է գնա երկրի սահմանները կանգուն պահելու, նրա նվաճումներն ու ձեռքբերումները պաշտպանելու ճանապարհով, կա՛մ պետք է ընտրի անօրինականության ու քաոսի ուղին:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ