Ու սենց ընկնում ենք
Ինքնաթիռում, որտեղ ես եմ, Ռոբերտ Քոչարյանն է, Սերժն է, Աշոտյանը, Շարմազանովը, վայ, Մարգո ջան, էս դո՞ւ ես, Մարգարիտ Եսայանը, Արփինե Հովհաննիսյանը, մի փոքր ավելի առաջ՝ Վանեցյանն ու Օսիպյանը, նրանց կողքին՝ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետ Սասունը, Անգրագետ Պողոսը, բիզնես դասում՝ «իմքայլցիները», ինչպես նաեւ Էդմոն Մարուքյանը, ԲՀԿ-ի Նառան, պարոն Ծառուկյանը, Ժիրոն, շտուրվալի մոտ՝ Նիկոլն ու իր խոսնակ Վալոդը…
Ու «սենց» բոլորով միասին ընկնում ենք:
Փաստ է, որ ընկնում ենք: Ինքնաթիռը մի կողմից մյուսն է խփվում, մե՛կ ոտքերով դեպի վեր ենք հայտնվում, մե՛կ՝ կողքի պառկում, մե՛կ՝ իրար վրա ընկնում, Սերժը մի գլուխ կրկնում է՝ ես սխալվեցի, ես սխալվեցի, Քոչարյանն ինչ-որ մութ ուժերի հետ էր կռիվ տալիս, Օսիպյանի տեղակալը փորձում էր պահպանել հասարակական կարգը… Բայց լսո՞ղն ով էր… Վանեցյանն ինչ-որ սարքեր էր միացրել, որ հասկանա, թե ինչ է տեղի ունենում օդաչուների խցիկում, որ հետո հայտարարություն անի՝ արդեն հետեւանքների մասին չմտածելով…
Ու «սենց» ընկնում ենք…
Մեկ էլ Իշխան Սաղաթելյանը գրպանից հանեց դեղին քարտն ու՝ սթափվեք… Ինքնաթիռում լռություն տիրեց մի պահ, նույնիսկ բիզնես դասում էին սսկվել, բայց ինքնաթիռն անվրդով շարունակում էր իր ազատ անկումը: Պողոսն էլ չհամբերեց՝ թողեք ինձ, ասում եմ, ես դրանց… Ոչ ոք Պողոսին չէր էլ բռնել: Այդ ինքն էր կառչել նստարանի ամրագոտուց, որ պատերով չդիպչի, թեեւ դա էլ նրան չէր խանգարում, որ մե՛կ Աշոտյանի գրկում հայտնվի, մե՛կ՝ Շարմազանովի: Հանկարծ բիզնես դասից աղաղակներ հասան մեզ: Մեծամասնությունը մյուսներին համոզում էր, որ ամեն ինչ նորմալ է, Նոր Հայաստանի ինքնաթիռներն այսպես են թռչում, եւ, բացի այդ, չպետք է մոռանալ, թե ով է շտուրվալի մոտ: Էդմոն Մարուքյանը կասկած էր հայտնել, որ այս ամենը Հրայր Թովմասյանն է կազմակերպել ներքեւից, եւ նա պետք է հեռացվի: Նառան պահանջում էր օրակարգից չշեղվել: Նա հանել էր պարաշյուտն ու ցուցադրաբար հագել քնապարկը: Ինքնաթիռն ուժեղ ցնցվեց: Նառան հենց քնապարկով հայտնվեց Ավինյանի գրկում:
Չգիտեմ՝ Ծառուկյանը նկատեց դա, թե ոչ, բայց մեկ էլ Ավինյանի ծնոտը երկարեց: Նառան քաշում էր նրա մորուքից ու ճչում՝ Ամուլսարը հանք չի դառնա… Ճիշտ ա ասում՝ էկոնոմ դասից Նառային ձայնակցում էր Պողոսը, որն այդ պահին ընկել էր հատակին եւ ամուր բռնել Մարգարիտ Եսայանի ոտքից:
Ու «սենց» ընկնում ենք…
Ամենախելացի մարդիկ, սովորաբար, հավաքվում են էկոնոմ դասում: Մարդիկ հաշվել գիտեն՝ ինչո՞ւ 10 անգամ ավելի վճարեն նույն ինքնաթիռով նույն երթուղին նույն ժամանակամիջոցում անցնելու համար: Իսկ մեր երթուղին շատ պարզ էր՝ սկիզբը չէինք նկատել, բայց վերջը հայտնի էր: Եվ քանի որ խելացիներն էկոնոմ կլասում էին հավաքվել, կործանման թեման հիմնականում հենց այդ մասում էր քննարկվում: Արդեն ասացի, որ բոլորը համամիտ էին, որ կործանվում ենք: Նույնիսկ ես, որ բոլորին հակադրվելու մի աննորմալ սովորություն ունեմ, զգում էի, որ նրանց ասածի մեջ ճշմարտության հատիկ կա՝ կործանվում ենք: Եվ երբ խոսքն ինձ հասավ, թթվածնի դիմակը հանեցի ու սկսեցի. «Հասկացա, համամիտ եմ ձեզ հետ, կործանվում ենք: Հետո՞: Պե՞տք է վերջապես մի բան անենք, թե՞ չէ»: Ընկեր Իշխան… Այո… Պե՞տք է մի բան անենք, վերջապես, թե՞ չէ… Պետք է… Ի՞նչ անենք… ԳՄ-ի որոշումը կլինի, կասեմ… Բայց չէ՞ որ ընկնում ենք… Իսկ չգիտեի՞ք, որ ընկնելու եք, է՛, ե՞րբ ենք ասել՝ սթափվեք…
Պարզվեց՝ դժվար հարց էի տվել՝ ի՞նչ անենք: Սրահում քար լռություն էր, բախտակիցներս պլշած աչքերով ինձ էին նայում: Արփինե Հովհաննիսյանն էր միայն աչքերը փակ շշնջում՝ օ, Բարձրյալ, մեզ արժանացրու քո արդարադատությանը… Լռությունն ընդհատեց Գալուստ Գրիգորիչը, որին մինչ այդ չէի նկատել Շուշանի կողքին… Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պահել կոռեկտությունը, մեզ չի սազում փուչ բաներից այսպիսի հրմշտոց սարքել: Իմ պապն ասում էր՝ սատանան ավելի վախենալու չէ, քան մենք ենք նրան պատկերացնում… Է, հետո՞, Գալուստ Գրիգորիչ, ուրեմն կործանվենք ու պատկերացնենք, որ դա ավելի վախենալու չէ, քան կործանո՞ւմը… Խնդրում եմ իմ խոսքերը կոնտեքստից չկտրել: Ես խոսում էի սատանայի եւ կոռեկտության մասին… Բայց ի՞նչ կապ ունեն սատանան ու կոռեկտությունն այս ամենի հետ… Շատ անմիջական: Մենք սատանային պետք է շատ կոռեկտ քշենք դժոխք…
- Պարոն Սահակյան, Դուք այդ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ սատանային քշենք դժոխք,- բիզնես դասից ձայն տվեց Բաթոյանը,- մի՞թե այն, ինչ ես հասկացա…
Արփինեն սկսեց ավելի եռանդուն աղոթել, Ազատիչը չէր դադարում ինքնախոստովանությունները՝ ես սխալվեցի, ես սխալվեցի… Աշոտյանը փորձում էր հանգստացնել նրան:
Ու «սենց» ընկնում ենք:
Ես ասե՞մ՝ խոսեց Միքայել Մինասյանը, որ մինչ այդ հետախուզության էր գնացել բիզնես կլաս: Ասա՝ բացականչեցինք բոլորով: Պացիենտի դիագնոզը պարզ է, չարորակ ուռուցք, այն պետք է հեռացնել… Ո՞նց… Այ, այսպես՝ ասաց նա եւ ձեռքի նշտարով կիսաշրջան գծեց օդում: Մարգոն ու Շուշոն թունդ ծափահարեցին:
Կոռեկտության մասին չմոռանաք՝ ձայնեց Գրիգորիչը: Թողեք ես վիրահատեմ՝ առաջ եկավ Աշոտյանն ու հաջորդ ցնցումից թռավ դեպի պոչը: Ես նորից խոսք վերցրեցի՝ լավ, ասենք՝ ուռուցքը հեռացրեցինք եւ հենց հիմա, ո՞վ է վարելու ինքնաթիռը… Ես կվարեմ՝ ձայն տվեց Պողոսը: Պողոս ջան, կործանումը կանխելու մասին է խոսքը, կկարողանա՞ս… Չգիտեմ… Ես այլեւս չհամբերեցի՝ բա լավ, էս անտեր ինքնաթիռում մի կենդանի լոտչիկ չկա՞… Էդ հարցիս վրա աղաղակներ լսվեցին՝ կա, կա, Ռոբերտ Սեդրակովիչ, Ռոբերտ Սեդրակովիչ… Ի՞նչ եք խոսում, պարոն Քոչարյանի վրա գործ կա հարուցված, նա չի կարող՝ բացատրեց ՀՔԾ-ի Սասունը: Ես էլ եմ դեմ նրա թեկնածությանը՝ աշխուժացավ գլխավոր դատախազը: Դե ուրեմն Սերժը թող վարի ինքնաթիռը, գուցե փրկվենք՝ առաջարկեցի ես:
Այդ պահին բիզնես դասի վարագույրը բացվեց, ու էկոնոմ կլաս մտավ Ժիրոն՝ էս ռեւա՞նշ եք նախապատրաստում: Թույլ չենք տալու: Սերժը չի կարող վարել ինքնաթիռը… Ինչո՞ւ… Նա այլեւս նախկին է… Բա ի՞նչ ես առաջարկում, կործանվե՞նք… Կործանվենք էլ, Սերժը չի վարելու… Ո՞նց թե, հլա ինձ թողեք, ես սրա… Պողոս, հանգիստ, քեզ կոռեկտ պահիր…
Ու «սենց» ընկնում ենք…
Սիրելի ընթերցող, խոստանում եմ մեր թերթի վաղվա համարներից մեկում պատմել, թե ինչպես ավարտվեց այս ամենը, եթե, իհարկե, մինչ այդ դեռ կործանված չլինենք:
Պաչիկներ գետնի վրա մնացածներիդ:
Սիրում եմ բոլորիդ եւ Պատիվ ունեմ:
Կարծիքներ