Արայիկ Հարությունյանը ստիպված է գնացել այդ քայլին

Արայիկ Հարությունյանը ստիպված է գնացել այդ քայլին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգնության կոչով դիմել է Ռուսաստանին, բաց նամակ է գրել նրան, խնդրելով ջանքեր գործադրել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Արցախցիներն այս լուրն ուրախությամբ են ընդունել:

Հնարավո՞ր է, որ արդեն կա ՌԴ-ի հետ պայմանավորվածություն:

Մեր հարցին պատասխանելով՝ քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշեց. «Չեմ կարծում, թե Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն։ Ավելի շուտ այս նամակը վկայում է այն մասին, որ դիվանագիտական շփումների բոլոր խողովակները արդեն սպառվել են, եւ Արցախի ղեկավարը արդեն գոյատեւման համար հուսահատ քայլի է գնում։ Ընդ որում, նա վտանգում է ամենակարեւորը, ինչն այս ընթացքում համարել էր իր հաջողության գաղտնիքը՝ Նիկոլ Փաշինյանի հետ լավ հարաբերությունները: Հենց դա էլ վկայում է, որ Արայիկ Հարությունյանը, ով պատերազմական գործողությունների մասին բացի Արծրուն Հովհաննիսյանից ու Շուշան Ստեփանյանից, ունի ինֆորմացիայի այլ աղբյուրներ, ստիպված է գնալ այս հուսահատ քայլին: Ռուսաստանը վաղուց էր հայտարարել, որ պատրաստ է ռազմական միջոցներով խաղաղություն հաստատել, եթե հայկական կողմից լինի դիմում։ Հայաստանի ղեկավարը չի դիմում Մոսկվային, որովհետեւ ցանկանում է իրեն իրավունք վերապահել հետագայում ասել․ «Եթե ռոսւները չլինեին, մենք Բաքու էինք մտնելու»: Բայց Արցախի ղեկավարը իր վրա ավելի մեծ պատասխանատվություն է զգում։ Ու նաեւ պետք է չբացառել, որ Պուտինին բաց նամակ գրելու խորհուրդը Արայիկ Հարությունյանին տվել է Նիկոլ Փաշինյանը, ով հասկանում է ռուսական միջամտության անհրաժեշտությունը, բայց անձամբ չի ուզում դիմել Պուտինին, քանի որ համարում է, որ նման ինքնիշխան կեցվածքն է իր իշխանության, կամ վատագույն զարգացումների դեպքում՝ իշխանության վերադառնալու, երաշխիքը»։

Իսկ կարող են իրադարձությունները զարգանան այնպես, որ Արցախը տարանջատվի ՀՀ-ից՝ հանուն իր փրկության, եւ մտնի ՌԴ կազմի մեջ: «Այս իրավիճակում ամեն լուծում էլ հնարավոր է: Արդեն խնդիրը արցախահայության ֆիզիկական գոյատեւումն է: Չնայած, եթե ավելի սթափ նայենք Ռուսաստանի շահերին, նրան այնքան էլ ձեռնտու չէ իր ռեսուրսները անընդհատ կլանող մի նոր Ղրիմ կամ Ցխինվալ ունենալը: Նրա համար ավելի ռացիոնալ կլինի զորքի սահմանափակ կոնտիգենտով Արցախում խաղաղություն հաստատելը՝ Արցախի որեւէ կարգավիճակով, կամ առանց դրա»,- պատասխանեց քաղաքագետը։