Պատերազմը կավարտվի, երբ կա՛մ մենք կկորցնենք Արցախը, կա՛մ ազերիները կխնդրեն խաղաղություն

Պատերազմը կավարտվի, երբ կա՛մ մենք կկորցնենք Արցախը, կա՛մ ազերիները կխնդրեն խաղաղություն

Կոնֆլիկտի գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին խոսում են և Հայաստանում, և Արցախում, կարելի է ասել, ամեն օր: Սակայն հոկտեմբերի 22-ին առաջին անգամ երկու երկրների ղեկավարները միաժամանակ դրական արտահայտվեցին այս հարցի շուրջ: Ադրբեջանի նախագահ Ալիեւը, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ասել է, որ դեմ չէ Փաշինյանի հետ հանդիպել Մոսկվայում եւ դեմ չէ Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելուն, «սակայն կազմի եւ թվի հստակ որոշմամբ»:

Իսկ Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը»: «Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային կարող է լինել այն, որ ռուս խաղաղապահներ լինեն այնտեղ»,- ասել է Փաշինյանը «Ինտերֆաքսին: Այս իրողության մասին զրուցեցինք «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին ԱԺ պատգամավոր Սոս Գիմիշյանի հետ: 

- Պարոն Գիմիշյան, Ալիեւը հայտարարել է, որ դեմ չէ խաղաղապահներ մտցնելու գաղափարին, սակայն նաեւ իր պայմանները կառաջադրի։ Սա կարելի՞ է համարել առաջխաղացում: Դեռ մի քանի օր առաջ նա մի պայման էր միայն դնում՝ որ հայկական զորքերը պետք է հեռանան ամբողջ ԼՂ տարածքից: 

- Ալիեւի համաձայնությունը խաղաղապահ ուժերին, նախ, նշանակում է, որ ազերիների գործերը պատերազմում բավականին լավ չեն, քանի որ խաղաղապահ ուժերի մուտքը նշանակում է կոնֆլիկտի սառեցում եւ նորից բանակցություններին գնալու համաձայնություն, ինչը լրիվ հակասում է հայկական ուժերի դուրսբերումը Ղարաբաղից, նրա նախկին պահանջներին։ Ազերիները համաձայնում են խաղաղապահներին որոշ պայմաններով՝ նրանք խորամանկում են, եւ իրենց պայմանը, կարծում եմ, լինելու է թուրքերի մասնակցությունը խաղաղապահ ուժերում, որը գիտեն, որ հաստատ մերժվելու է մեր կողմից։ Արդյունքում նրանք կներկայանան կոնստրուկտիվ, իսկ մենք՝ ոչ, բայց դա մեզ չպիտի կաշկանդի: 

- Այդ մասին էլ պաշտոնական Մոսկվան է «խոսք գցում»: Պուտինի խոսնակն ասել է, որ Կրեմլը հնարավոր է համարում, որ բանակցություններին միանա նաեւ Թուրքիան: Սա ի՞նչ է նշանակում, ռուսները Թուրքիայի հետ արդեն պայմանավորվե՞լ են: 

- Ռուսների համաձայնությունը թուրքերի մասնակցությանը, իմ կարծիքով, նույնպես խորամանկություն է՝ կոնստրուկտիվ երեւալու նպատակով։ Բայց ռուսները համոզված են, որ հայկական կողմը կտրականապես դեմ է լինելու թուրքերի մուտքին Հարավային Կովկաս։ Հայերի դիրքորոշումով կապահովվի ռուսների կոնստրուկտիվ երեւալը, եւ որ թուրքերը մուտք չգործեն ռուսական ազդեցության տարածաշրջան։ Լրիվ բացառում եմ, որ ռուսները թուրքերի հետ ինչ-որ պայմանավորվածություն ունենան, քանի որ ռուսների շահերը լրջորեն բախվում են թուրքերի հետ՝ Լիբիայում, Սիրիայում, թուրքական գազամուղում, Ուկրաինայում, Միջերկրական եւ Սեւ ծովերում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում։ Սրանք շատ մեծ եւ հեռահար ազդեցություններ ունեցող հակասություններ են, որոնք չեն կարող թույլ տալ հնարավոր պայմանավորվածություններ։ Մենք պետք է միանշանակ դեմ լինենք թուրքերի մուտքին մեր տարածաշրջան: 

- Այսօր պարբերաբար, այդ թվում՝ մեր վարչապետի կողմից, կասկածի տակ է դրվում հետագա բանակցությունների արդյունավետությունը: Բանակցությունները շարունակելու ինչ-որ ճանապարհ կա՞ այսօր: 

- Բանակցություններ միշտ էլ հնարավոր են, միայն թե դա պիտի լինի մեզ համար հնարավորինս հարմար պահի։ Կարծում եմ, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունները գոնե մեկ ճիշգրիտ հայտարարություն արեցին, առ այն, որ Արցախի հարցը դիվանագիտական լուծում չունի։ Սա շատ բան ասող հայտարարություն է ե՛ւ մեզ, ե՛ւ ազերիների, ե՛ւ թուրքերի, ե՛ւ ռուսների, ե՛ւ Արեւմոտքի համար։ Բայց դրանից հետո, կարծում եմ, ճիշտ կլիներ ճանաչել ոչ թե Ղարաբաղի, այլ Արցախի անկախությունն այն սահմաններում, որոնք ձեւավորվել են ազերիների կողմից նախաձեռնված պատերազմների արդյունքում։ Կարծում եմ, պատերազմը կավարտվի միայն այն ժամանակ, երբ կա՛մ մենք կպարտվենք՝ լրիվ կորցնելով Արցախը, կա՛մ երբ ազերիները դիմեն՝ խաղաղություն հաստատելու համար։ Միայն այդ ժամանակ պատերազմը կավարտվի հիմնովին, Արցախի խնդրի լուծումով, հակառակ դեպքերում պատերազմը շարունակվելու։ 

- Հետաքրքիր է լսել Ձեր գնահատականը՝ երեք նախագահների հանդիպման փաստի հետ կապված: Հնարավոր չէր պատկերացնել, դեռ մի քանի ամիս առաջ, որ նրանք բոլորը կհավաքվեին մեկ սեղանի շուրջ: Տեր-Պետրոսյանը վերջերս բացասաբար արտահայտվեց 13 կուսակցությունների կոորդինացիոն խորհուրդ ստեղծելու մասին՝ ասելով, թե դրանով սիգնալ են տալիս թշնամուն, բայց հենց ինքը հանդիպում է նախկինների հետ: Այստեղ հակասություն չկա՞, ի՞նչ եք կարծում: 

- Դա որեւէ նշանակություն չունեցող հարց է։ 

- Մարդիկ մտահոգված են երկրի ճակատագրով: Ի՞նչ անել, այս թեման շատ քննարկվում է Հայաստանում: 

- Դա հակասահմանադրական մարմնի միջոցով հեղաշրջման միտում ունեցող քայլ է։ Իսկ դա կբերի ներքին ցնցումների, որն ուղղակի կազդի բանակի վրա։ Եթե վիճակը պահանջում է արմատական փոփոխություններ, այդ հակասահմանադրական մարմինը ստեղծելու եւ իշխանությունն ապօրինի զավթելու փոխարեն, տեսնում եմ միայն մեկ անցնցում տարբերակ՝ վարչապետը, ստեղծված իրավիճակին եւ ռազմական խնդիրների հնարավոր լուծումներին համապատասխան, իր նախաձեռնությամբ նշանակում է նոր փոխվարչապետ, որին կամաց-կամաց փոխանցի պետական կառավարման ղեկը եւ ճակատում իրավիճակը կայունացնելուց հետո նախապատրաստել եւ անցկացնել նոր ընտրություններ։ Դա իմաստ ունի, եթե այդ անձը լինի մի մարդ, որը հեշտությամբ կկարողանա ապահովել ազգի միասնականությունը, ինչն անհնարին կլինի, եթե նա լինի նախկին իշխանությունների ներկայացուցիչը։ Դա կարող է լինել նույնիսկ ոչ հանրահայտ եւ ամենակարեւորը՝ նախկին իշխանությունների հետ կապ չունեցող անձ, ինչը հնարավորություն կտա հասարակության մեծ մասը համախմբել։ Սա, իմ կարծիքով, կլինի ամենաանցնցում տարբերակը, որը կարող է առանց ներքին իշխանաաթոռակռիվների, արմատապես փոխել իրավիճակը։ Վարչապետը դա պիտի անի միայն կամավոր, որպես հայ մարդ, որը ելնում է միմիայն հայ ազգի շահերից։ Այդ դեպքում դա կարող է արդյունք տալ։

- Արցախի նախագահը հրապարակավ օգնության կոչ է հղել ՌԴ նախագահին: Հնարավո՞ր է, որ Արցախը ի վերջո մտնի ՌԴ կազմի մեջ: 

- Եթե բացարցակապես որևէ հույս չլինի Ղարաբաղը պահելու, ապա պետք է գտնել այնպիսի լուծում, որ մեր հայրենիքը չհայտնվի թուրքի ձեռքում, ինչը կնշանակի Ղարաբաղի ամբողջ հայության ոչնչացում։ Մեր հայրենակիցների կյանքը ամենամեծ արժեքն է, և մենք պարտավոր ենք նախ՝ ապահովել նրանց կյանքի անվտանգությունը և հետո՝ իրենց հողի վրա ապրելու նրանց իրավունքը։ Դրա համար մեր գլխավոր նպատակն է հաղթել այս պատերազմում և միասնական պետություն ստեղծել։ Եթե ոչ, ապա գտնել լուծումներ որոնք կապահովեն ղարաբաղցիների անվտանգ կյանքի իրավունքը, նույիսկ եթե ոչ միացյալ Հայաստանում: Աշխարհը արագ փոփոխվող է: Մեր տարածաշրջանում կլինեն մեծ փոփոխություններ, որոնց արդյունքում անպայման կգտնենք լուծումներ միասին մեկ հայկական պետությունում ապրելու։