Ի՞նչ թակարդ է լարում Ալիեւը Հայաստանի դեմ

Ի՞նչ թակարդ է լարում Ալիեւը Հայաստանի դեմ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օրերս Թբիլիսի կատարած իր այցի ընթացքում հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է Երեւանի հետ բանակցություններ վարել Վրաստանում։ 
Սա, ինչ խոսք, բավականին հետաքրքիր առաջարկ է եւ իր մեջ բավականին շատ «ծալքեր» պարունակող։ Նախ՝ այս առաջարկով, ըստ էության, փորձ է արվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման նոր հարթակ ձեւավորել՝ հայ-վրաց-ադրբեջանական։ Սա կարող է լինել հարթակ, որտեղ որքան էլ որ Վրաստանը դիտարկենք որպես Արեւմուտքը ներկայացնող երկիր, Ադրբեջանը կհաջողի դուրս մղել Ֆրանսիային, որի հետ Ադրբեջանի հարաբերությունները բավականին լարվել են վերջին շրջանում՝ Հայաստանի եւ Արցախի, արցախահայության հանդեպ ունեցած դրական վերաբերմունքի պատճառով։ 

Հիշեցնենք, որ հենց Ֆրանսիայի պատճառով Ալիեւը չգնաց Եվրոպական քաղաքական համայնքի վերջին՝ Գրանադայի գագաթնաժողովին, որտեղ հույս կար, որ ինչ-որ փաստաթուղթ էր ստորագրվելու։
Սակայն Ալիեւը կարծես թե սրանով չի սահմանափակվում եւ որոշել է ավելի առաջ տանել իր «գիծը»՝ նաեւ հայտարարում է, որ եթե Երեւանը հրաժարվի Ռուսաստանի միջնորդությունից, ապա այլընտրանք կարող են լինել հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները, որոնք կարող են ապագայում դառնալ իր եւ Փաշինյանի միջեւ բանակցություններ։ Այստեղ արդեն կարծես թե Ալիեւը կարողանում է «բարեհաջող» կերպով Ֆրանսիային «խաղից հանելու» հիմքեր ստեղծել եւ «աջակցում է» Փաշինյանին, որպեսզի նա էլ իր հերթին «ջանքեր գործադրի»՝ Ռուսաստանին «խաղից հանելու» համար։ Առաջին հայացքից հատկապես Ռուսաստանին «խաղից հանելու» մասով այս ամենը կարող է թվալ «շատ բարեհոգի» քայլ, որը Բաքուն անում է Երեւանի հանդեպ՝ հաշվի առնելով այն հակառուսական հիստերիան, որն այսօր կա Հայաստանում, եւ որն անթաքույց թեժացվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Սակայն իրականում արդյոք ամեն ինչ այսքան լա՞վ է, որքան կարող է թվալ։

Իրականում Ալիեւը, օգտագործելով արդեն նշված հակառուսական հիստերիան, որն առկա է Հայաստանում, ինչպես նաեւ իր հակասությունները Ֆրանսիայի հետ, փորձում է Հայաստանին, ըստ ամենայնի, վերջնականորեն «զինաթափել»՝ զրկելով ֆրանսիական եւ ռուսական լավ կամ ոչ այնքան լավ աջակցությունից։ Զուգահեռաբար, հաշվի առնելով նաեւ Հայաստանի գործող իշխանությունների որոշակի սեգմենտի ամենաջերմ զգացումները Թուրքիայի հանդեպ եւ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ ունեցած առանձնահատուկ հետաքրքրվածությունը, որն առկա է պաշտոնական Երեւանի մոտ, Ալիեւը փորձում է քայլ առ քայլ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի «դուրսմղման» արդյունքում առաջացած «ազատ տարածությունը» լցնել Թուրքիայով։ Սա էլ հենց այն թակարդն է, որը Փաշինյանի համար կամ, ավելի կոնկրետ՝ Հայաստանի դեմ լարել է Ադրբեջանի ղեկավարը։ Ու եթե Հայաստանի իշխանություններն ակամա կամ «սիրահոժար» հայտնվեն այս թակարդում, ապա կարելի է ասել, որ Հայաստանի՝ Էրմենիստանի վերածման գործընթացն ավելի վճռական փուլ է թեւակոխում եւ արագանում է (ֆրանսիական եւ հատկապես ռուսական գործոններն այդ պրոցեսը, որքան էլ որ սկսված, որոշակիորեն խոչընդոտում են՝ ամենատարբեր պատճառներից ելնելով)։