Նոյեմբերի 20-ին Հայաստանը փաստացի կլքի ՀԱՊԿ-ն, իսկ Փաշինյանին ոչ թե գովում են, այլ՝ ծաղրում
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ միջազգային գործընկերները զարմացած են իր կառավարության կառավարչական հմտություններից: Փաշինյանն այդ զարմանքն ու հիացմունքը բարձրաձայնել է կառավարության վերջին նիստի ժամանակ՝ իր համաձայնությունը հայտնելով միջազգային գործընկերներին: Նա չի հասկանում, որ երբ ձախորդ մեկին սկսում են գովել, իրականում ծաղրում են նրան: Ինչպե՞ս չծաղրեն Փաշինյանին ու նրա կառավարությանը, որը փաստացի մասնակցել է 100 հազար հայերի տեղահանությանը եւ հայրենազրկմանն ու հիմա գլուխ է գովում, թե՝ տեսեք, որքան հմտորեն կարողացա տեղավորել այդ մարդկանց կամ հոգալ նրանց կարիքները: Միջազգային գործընկերները շատ լավ գիտեն, որ այդ մարդկանց կարիքների հիմնական մասը հոգացել են անհատները, հենց իրենք՝ արցախցիները, միջազգային գործընկերները, իսկ բազմաթիվ կարիքավորներ էլ, բախվելով պետական իշխանության անտարբերությանը, արդեն հեռացել են կամ ուզում են հեռանալ Հայաստանից: Փաշինյանի միջազգային անանուն գործընկերները զարմացած են ոչ միայն նրա իշխանության կառավարչական, այլեւ դիվանագիտական հմտություններից: Զարմացած են, թե ինչպես է Փաշինյանին հաջողվում մի կողմից կատարել Արեւմուտքից իջեցված հրահանգները՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնել, մյուս կողմից՝ արժանանալ ՌԴ նախագահի գովեստին, հայտարարել, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազային ոչինչ չի սպառնում, Հայաստանում տեղակայված ռուս սահմանապահների ծառայությանը՝ նույնպես:
Փաշինյանը համոզված է, որ ինքն այնքան խելացի ու խորամանակ է պետական կառավարման հարցերում, որ ում ուզենա՝ կֆռռացնի, ում ուզենա՝ կխաբի, որ առաջ տանի իր գիծը: Կարող է մեկի գլուխը շոյել ու այդ ընթացքում կտրել այդ գլուխը, եւ այդ գլխի տերն անգամ չկարողանա հասկանալ՝ Փաշինյանը, ի վերջո, շոյո՞ւմ է գլուխը, թե՞ կտրում: Հիմա նման մի բան տեղի է ունենում Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ: Ինչո՞ւ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հարց ու պատասխան կազմակերպեց Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի եւ ռուս սահմանապահների կողմից ծառայությունը շարունակելու խնդրի շուրջ: Նրա ինչի՞ն էր պետք հրապարակային երաշխիքներ տալ Ռուսաստանին, որ նրանց գոյությանը Հայաստանում ոչինչ չի սպառնում: Պատճառը պարզ կլինի ընդամենը մեկ ամիս անց՝ նոյեմբերի 20-ին: Յուրաքանչյուր տարեվերջին ՀԱՊԿ-ում նախագահությունն ավարտող երկրի մայրաքաղաքում տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստ, որին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները: Անցած տարի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ խորհրդի նիստը տեղի ունեցավ Երեւանում, որտեղ Հայաստանը ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցեց Բելառուսին: Այս տարվա նոյեմբերին էլ ՀԱՊԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու Մինսկում: Բայց Հայաստանն այդ նիստին չի մասնակցի, Փաշինյանը չի գնա ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Քանի որ Հայաստանը հետ է կանչել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին, կարող է այնպես ստացվել, որ Հայաստանը նույնիսկ ամենացածր մակարդակով ներկայացված չլինի ՀԱՊԿ խորհրդի նիստում: Դա կներկայացվի որպես Հայաստանի անդամակցության փաստացի դադարեցում ՀԱՊԿ-ին: Մեկ տարվա ընթացքում Հայաստանը որեւէ շփում չի ունեցել այդ կառույցի հետ, չի մասնակցել զորավարժություններին, համատեղ միջոցառումներին, հետ է կանչել իր ներկայացուցչին, իսկ նոյեմբերի 20-ին Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ բարձրագույն մարմնի`խորհրդի նիստին:
Փաշինյանն իր հարցազրույցում խոսելով ռուսական ռազմաբազայի եւ ռուս սահմանապահների մասին՝ ուզում էր հանգստացնել Ռուսաստանին: Ասում է՝ կարեւոր չէ, որ մենք արհամարհում ենք ՀԱՊԿ միջոցառումները եւ բոյկոտում ենք այդ կառույցի աշխատանքները, կարեւորն այն է, որ պահում ենք հարաբերությունները Ռուսաստանի հետ: Դուք շատ մի անհանգստացեք, ձեր ռազմաբազային ու սահմանապահ զորքերին ոչինչ չի սպառնում, նրանք ինչպես եղել են Հայաստանում, այնպես էլ կմնան Հայաստանում, ՀԱՊԿ-ն էլ ձեւական կառույց է, եղած-չեղած՝ մի հաշիվ է: Արեւմուտքին էլ ասելու է՝ տեսեք, ես փաստացի դուրս եմ գալիս պուտինյան այդ կառույցից, ես այլեւս անվտանգության այդ համակարգի անդամ չեմ, անվտանգության եւ այլ ոլորտներում խորացնում եմ հարաբերությունները ձեզ հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմաբազային կամ սահմանապահներին, մենք այդ հարցը եւս կլուծենք, ուղղակի ինձ ժամանակ տվեք, փուլ առ փուլ նրանց էլ դուրս կմղենք Հայաստանից: Պետք է ընդամենը կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, բացել սահմանը, որից հետո ռուս սահմանապահների առկայությունը կդառնա անիմաստ, հետո էլ ռազմաբազայի դուրսբերման խնդիրը կդնենք:
Ռուսաստանի նախագահը հասկանում է, թե ինչ քաղաքականություն է վարում Փաշինյանը, եւ նրանք գործում են նույն տրամաբանության մեջ՝ ժամանակ ձգելու կամ ժամանակ շահելու: ՌԴ նախագահը գովում է Փաշինյանին, որովհետեւ հիմա հարաբերությունները վատացնելու կամ Հայաստանին թշնամի հայտարարելու ժամանակը չէ, Ռուսաստանը դրանից ոչինչ չի շահի: Ռուսաստանի կռիվն Արեւմուտքի հետ է, եւ եթե Ռուսաստանին հաջողվի հաղթել Ուկրաինայում Արեւմուտքի դեմ մղվող պատերազմում, պատերազմի ավարտից հետո բանակցությունների սեղանի շուրջ քննարկելու է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Հարավային Կովկասի, Միջին Ասիայի եւ այլ տարածաշրջաններում ազդեցության հարցը: Պուտինը հասկանում է, որ Արեւմուտքը Փաշինյանին հակառուսական վարքագիծ դրսեւորելու է մղում՝ ոչ թե Հայաստանը Ռուսաստանի ազդեցության տակից հանելու համար, այլ իրեն նյարդայնացնելու եւ հունից հանելու, դրա համար էլ գովում է Փաշինյանին՝ այդկերպ ծաղրելով թե՛ Փաշինյանին, թե՛ Արեւմուտքին:
Այնպես որ, որքան Փաշինյանը շատ ձախողվի թե՛ ներքին կառավարչական, թե՛ արտաքին քաղաքական հարցերում, նրան գովացողների, նրա մտքի ու խելքի վրա զարմացողների թիվն այնքան կմեծանա, եւ այդ հիացողներն ու զարմացողները կլինեն թե՛ Արեւմուտքում, թե՛ Հյուսիսում եւ թե՛, նույնիսկ, Արեւելքում: Միայն թե այդ գովեստն ու հիացմունքն ավելի շատ ծաղր է, որովհետեւ քաղաքականության արդյունավետության մասին դատում են արդյունքներով, ոչ թե խոսքերով: Չնայած հնարավոր է, որ ոչ մի միջազգային գործընկեր էլ զարմացած չէ Փաշինյանի ու նրա կառավարության կառավարչական ունակություններից, Փաշինյանն ընդամենը որոշեց ինքն իրեն ու իր ենթականերին գովել, եւ վերջ:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ