Մարդ ինչքան պետք է անլուրջ լինի, որ գնա Եվրոպա եւ հանդիպի Տիխանովսկայայի հետ

Մարդ ինչքան պետք է անլուրջ լինի, որ գնա Եվրոպա եւ հանդիպի Տիխանովսկայայի հետ

Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ բիշքեկյան գագաթնաժողովին։ Ալիեւն էլ շեշտել էր Ռուսաստանի՝ տարածաշրջանում խաղացած կարեւոր դերը եւ Փաշինյանի չմասնակցելը որակել որպես խաղաղության հաստատման դեմ ուղղված քայլ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը մեզ հետ զրույցում ասաց, որ Ալիեւը փորձում է Ռուսաստանից հնարավոր զիջումներ կորզել եւ հետագա ռազմական բախման պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա։

«Ալիեւի հայտարարություններում բազմաթիվ կոմպոնենտներ էլ կան, բայց ամենացավոտն ու սկզբունքայինն այլ բան է․ դեռեւս անցած տարվա Պրահայի հայտարարությունից հետո ես արձանագրել եմ, որ Իլհամ Ալիեւն օգտագործել է արեւմտյան բոլոր հարթակները՝ իր ուզածին հասնելու համար, եւ դա ստացավ անցած տարվա հոկտեմբերի 6-ին։ Լեռնային Ղարաբաղը նաեւ Փաշինյանի ստորագրությամբ ճանաչվեց Ադրբեջանի մաս, դրանից հետո արեւմտյան հարթակներն Ալիեւի համար դարձան պակաս հետաքրքիր։ Չմերժելով արեւմտյան հարթակները, իհարկե, բայց դրանց նկատմամբ նրա մոտիվացիան թուլացավ, որովհետեւ նա հստակ հասկանում էր, որ իր հաջորդ օրակարգային հարցի համար՝ տրանսպորտային հաղորդակցությունների կամ, այսպես կոչված, միջանցքի, հիմնական խոսակիցն Էրդողանն ու Պուտինն են։ Եվ հիմա, բնականաբար, նա հենց այդ նպատակով է կարեւորել Ռուսաստանի գործոնը։ Այո, Ձեր ասածն էլ կա, նա փորձում է ռուսների վրա վաճառել իր՝ Գրանադա չմեկնելը, փորձում է ցույց տալ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, հակառուսականությունը։ Շատ բնական է․ երբ պետությունն ունենում է օրակարգ, նա, ըստ այդ օրակարգի, ֆիքսում է իր առաջնահերթությունները եւ սահմանում է, թե որ հարթակից ինչ կարող է ստանալ։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը սկսեց միակողմանի խաղ արեւմտյան հարթակում եւ, ըստ էության, ամբողջովին ձախողվեց, որովհետեւ նա ենթադրում էր, որ փուռը տալով Ղարաբաղը՝ կարող էր երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, անվտանգությունը։ Տեսանք, որ ամբողջովին այս մարտավարությունը ձախողվեց, որովհետեւ Հայաստանի անվտանգային մարտահրավերները միայն աճել են»,- ասաց Սուրենյանցը։

Թե՛ միջանցքի, թե՛ անկլավների թեման նոր թափով շրջանառվեց հենց Արցախի հայաթափումից հետո։ Հիմա էլ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծուղակում եւ լաբիրինթոսից ելքեր չի գտնում, իսկ Ալիեւը ստեղծված իրավիճակում շարունակում է պրեսինգն ուժեղացնել, այս անգամ էլ՝ ռուսական հարթակից կամ տարածաշրջանային այլ հարթակից Հայաստանից զիջումներ կորզելու նպատակով։ Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ Ալիեւն ինչ-որ բան պարտավորվել է, դրա համար Արեւմուտքն աչք է փակել Ադրբեջանի գործողությունների վրա, Սուրենյանցն ասաց, որ արեւմտյան որեւէ երկիր չի ցանկանում Հայաստանի դաշնակիցը լինել՝ ընդդեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Սա այնքան ակնհայտ է, որ աքսիոմատիկ ճշմարտություն է։

«Սրա համար Արեւմուտքին պետք չէ մեղադրել, որովհետեւ բոլոր լուրջ պետություններն ունենում են շահեր եւ իրենց շահերին համապատասխան քաղաքականություն են բանեցնում։ Շատ կարեւոր նշանակություն ունի Ադրբեջանն Արեւմուտքի համար։ Եկեք չմոռանանք, որ Եվրոպայի գազի պահանջարկի երեք տոկոսը բավարարում է հենց Ադրբեջանը։ Դա այնքան կարեւոր է Եվրոպայի համար, որ նրանք երբեմն անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական խողովակներով իրենց է հասնում նաեւ ռուսական գազը։ Երկրորդը․ Ադրբեջանի դերը շատ ավելի կարեւոր կդառնա, որովհետեւ Արեւմուտքի, Իսրայելի համար այն կարեւորվում է նաեւ իրանական գործոնի շրջանակներում։ Հիմա պարզ է, որ դարձյալ, անկախ նրանից՝ Իրանի դեմ կոնկրետ գործողություն կսկսվի՞, թե՞ ոչ»,- նշեց քաղաքագետը։

Բնականաբար, սա Ադրբեջանի դերակատարումն ավելի է մեծացնելու։ Իսկ նրա դերակատարումն ավելի մեծանում է եւ Արեւմուտքում իր ազդեցության աճին զուգահեռ,  շատ ավելի կարեւոր է դառնում նաեւ Ռուսաստանի համար։ Մենք պետք է ցավով արձանագրենք, որ Հայաստանը գրեթե դաշնակից չունի, եւ մեր ապաշնորհ իշխանությունն իր քաղաքականությամբ ավելի խորացնում է պատային իրավիճակը։
«Օրինակ, փոխանակ փորձի հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամից հեռու պահել, հակառակը՝ ճգնաժամային է դարձնում։ Արեւմուտքի հետ հարաբերությունները փոխանակ բովանդակային հարթություն տեղափոխի, դրանք նույնացնում է պրիմիտիվ հակառուսականության հետ։ Հայաստանի իշխանության ոչ կոնցեպտուալ մոտեցումները բերել են նրան, որ Թեհրանում, մեղմ ասած, վստահություն չունեն Հայաստանի իշխանության հանդեպ, չնայած որ Իրանի մոտեցումներն ամենահոգեհարազատն են մեզ համար այս պահին»,- շեշտեց Սուրենյանցը։ Ինչո՞ւ Փաշինյանը չգնաց Բիշքեկ, երբ նրա աշխատանքային գրաֆիկը հագեցած չէ։ Բացի այն, որ Բիշքեկում բազմաշերտ շփումների հնարավորություն կար, նաեւ կարելի էր Ադրբեջանի հետ բանակցային շփում ունենալ, որովհետեւ, եթե դեմարշ ես անում, պիտի իմանաս, թե այդ դեմարշից ինչ ես ստանում։ Թե ինչու Ալիեւը Գրանադա չգնաց՝ հասկանալի է, իսկ թե ինչու Փաշինյանը չգնաց՝ որեւէ ռացիոնալ բացատրություն չկա։

«Մյուս կողմից, Փաշինյանը Գրանադայում հանդիպել է Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչ Տիխանովսկայայի հետ, ով պետական կարգավիճակ չունի, ինչքան պիտի մարդն արկածախնդիր լինի, որ իր եղած պրոբլեմներին ավելացնի եւս մեկը՝ հանդիպում ունենալով մի տիկնոջ հետ, որը, ըստ էության, ո՛չ պետական լծակ եւ իշխանություն ունի, ո՛չ էլ երբեւէ Բելառուսում իշխանություն ձեւավորելու հեռանկար։ Սա ընդամենը ցույց է տալիս Հայաստանի իշխանության լրջության մակարդակը»,- նկատում է Սուրենյանցը։