«Հրապարակ»․ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի համաշխարհային պատերազմի բռնկման

«Հրապարակ»․ Իրանի դեմ պատերազմը կհանգեցնի համաշխարհային պատերազմի բռնկման

ԵԽԽՎ-ն երեկ երեկոյան Արցախի հարցի վերաբերյալ բանաձեւ ընդունեց, որով դատապարտում էր Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան Արցախի նկատմամբ։ Բացի այդ, շեշտվում էր, որ Ադրբեջանն Արցախի ժողովրդին էթնիկ զտումների է ենթարկել, եւ մարդիկ ֆիզիկական բնաջնջման վտանգի տակ են լքել իրենց հայրենիքը։ 

Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Եվրոպան այս քայլով փորձում է իր` դեմոկրատական արժեքների ջատագովի դեմքը փրկել։
«Իհարկե՝ լավ է, որ այդ գնահատականները հնչում են, որ նշում են ցեղասպանության վտանգի տակ լինելը, բայց բավարար չէ։ Բավարար կլիներ, եթե ավելի հստակ եւ ավելի ուժեղ գործիքակազմերով կարողանային ճնշել Ադրբեջանին։ Փորձը ցույց է տվել, որ միայն հայտարարությունները բավարար չեն Ադրբեջանի դեպքում, որ Ադրբեջանը կանգ չի առնում եւ դրանք հաշվի չի առնում։ Մենք նաեւ ունենք Հաագայի դատարանի վճիռը՝ Լաչինի միջանցքը բացելու համար, բայց Ադրբեջանը կշարունակի նույնկերպ գործել, մինչեւ իրական ճնշում, իրական զսպիչ գործիքակազմ չլինի»,- ասաց Հոսեյնին։ 
Իրական ճնշում եւ զսպող մեխանիզմ կարող է լինել պատժամիջոցների կիրառումը, սակայն Եվրոպան ցույց է տալիս եւ հայտարարում է, որ Արդբեջանին պատժելու ցանկություն չունի: Իսկ եթե չի պատժում Ադրբեջանին, ապա Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Չնայած Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների փոփոխություն, սակայն միաժամանակ շեշտում են, որ Հայաստանի համար չեն գնալու Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման, ու կարծես դա բավական չէ՝ Կասպից ծովի ավազանում զորավարժություններ են անցկացնում Ադրբեջանի հետ։ Հետեւաբար, ի՞նչ կարող ենք ակնկալել Իրանից, երբ Ադրբեջանը հարձակվի ՀՀ սուվերեն տարածքների վրա։ Հարցին իրանցի քաղաքական վերլուծաբանը պատասխանեց, որ այդ զորավարժությունները Կասպից ծովի ավազանի երկրների զորավարժություններ են, ոչ թե միայն Իրան-Ադրբեջան զորավարժություններ։ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո արդեն երեք տարի է, ինչ Իրանը ցույց է տալիս, որ իր դիրքորոշումը չի փոխվելու, եւ պնդում է, որ տարածաշրջանում ոչ մի գեոպոլիտիկ փոփոխություն տեղի չի ունենա։

«Երկրները շարժվում են իրենց շահերով եւ անվտանգային խնդիրներով։ Իհարկե, թուրք-իրանական եւ իրանա-ադրբեջանական հարաբերությունները շատ վատ վիճակում են, բայց, ամեն դեպքում, դա չի նշանակում, որ Իրանը պիտի իր շահերը, անվտանգային խնդիրները կապի Թուրքիային չնեղացնելու կամ Ադրբեջանին չնեղացնելու հետ։ Եթե Զանգեզուրի միջանցքն իրականություն դառնա, կամ սահմանները փոխվեն, բացի Հայաստանից Իրանն էլ է տուժելու։ Իրանը կկորցնի Եվրոպային ու Ռուսաստանին կապվելու ճանապարհը, որն անցնում է Հայաստանի միջով, ու Իրանը կհայտնվի թուրքական աշխարհի կողմից շրջափակման մեջ։ Ընդ որում, այդ երկրները շատ ակտիվ համագործակցում են Իրանի թշնամիների հետ՝ Իսրայելի եւ այլ երկրների։ Իրանը դա չի ուզում եւ թույլ չի տա»,- շեշտեց Հոսեյնին։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը ռազմական ագրեսիայի կդիմի՞ Հայաստանի դեմ՝ օգտվելով ՀԱՄԱՍ-Իսրայել կոնֆլիկտի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից: Վերլուծաբանն ասում է, որ Ադրբեջանը միայնակ չի գործում եւ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ միայնակ չի գործել։ Համագործակցում է գերտերությունների հետ, որոնք կանգնած են Ադրբեջանի թիկունքին, եթե Ադրբեջանը միայնակ լիներ, 2020 թվականի արցախյան պատերազմը տեղի չէր ունենա։ 

«Ադրբեջանը խաղում է Թուրքիայի խաղը, Իսրայելի խաղը, Բրիտանիայի եւ այլ ուժերի խաղերը, որոնք իր հետեւում կանգնած են։ Եթե հրահանգ լինի Ադրբեջանին, որ պիտի Ուկրաինայից ու Մերձավոր Արեւելքից բացի Անդրկովկասում էլ նոր հակամարտության օջախ բացվի գերտերությունների միջեւ, Ադրբեջանն այդ ժամանակ դա կանի։ Դրա համար էին Թուրքիան ու Իսրայելն այդքան զենք մատակարարում Ադրբեջանին․ դա միայն Արցախի համար չէր, դա ավելի մեծ հակամարտության համար էր։ Ու հենց հրահանգ լինի Ադրբեջանի մեջքին կանգնած ուժերի կողմից, երրորդ հակամարտության օջախը հնարավոր է բացվի Անդրկովկասում»,- ասաց իրանցի վերլուծաբանը։

Իսկ ի՞նչ է կարծում` Իրանի ուղղությա՞մբ է լինելու հարվածը։ Ասաց, որ աշխարհը չի ուզում այս պահին Իրանի դեմ պատերազմել, որովհետեւ պատերազմի պարագայում ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կհայտնվի, եւ համաշխարհային պատերազմ կսկսվի: Ուստի բոլոր կողմերը խուսափում են այս փուլում Իրանի դեմ պատերազմ սկսելուց։ Բայց տարածաշրջանային իրավիճակն այնպիսին է, որ անկանխատեսելի է ամեն ինչ, եւ վերահսկողությունից դուրս ցանկացած զարգացում կարող է լինել, ու որեւէ երաշխիք չկա, որ նորից պատերազմական իրավիճակ չի ստեղծվի երկրում։