Ձվի շուկայի վայրիվերումները կառավարման սխալների ու կողմնապահության արդյունքն են 

Ձվի շուկայի վայրիվերումները կառավարման սխալների ու կողմնապահության արդյունքն են 

Երեկ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց, որ վարույթներ է հարուցել ձու արտադրողների դեմ՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդկերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի՝ իրացման փաստի կապակցությամբ: 
Հանձնաժողովը նաեւ հիշեցնում է, որ նման իրավախախտումների համար այս նույն ընկերությունների նկատմամբ ապրիլին արդեն կիրառվել են պատասխանատվության միջոցներ, եւ հանձնարարվել է շտկել թույլ տրված խախտումները։
  
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ «Շիրակի թռչնաֆաբրիկան», պատկանում է նոր օլիգարխ, նախկին քննիչ Նարեկ Նալբանդյանին: Այսպիսով, ՄՊՀ-ն ցույց է տալիս, որ Նալբանդյանն ամենեւին էլ իշխանական «լյուբիմչիկ» չէ եւ կարող է նաեւ տուգանվել: 

Վերջին շրջանում Նարեկ Նալբանդյանի անունը հաճախ է հիշատակվում ձվի շուկայում նկատվող դեմպինգի հետ կապված: Մոտ մեկ շաբաթ առաջ ձվի գինը կտրուկ ընկավ մինչեւ 30-50 դրամ: Մեկ ամսվա կտրվածքով հավկիթի էժանացումը կազմել է մոտ 20 տոկոս, եւ սա՝ այն դեպքում, որ առաջին անհրաժեշտության մյուս սննդատեսակների գինը, հակառակը՝ բարձրանում է: 

Ճիշտ պահն էր, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տագնապեր, քանի որ այս վիճակը վերջին տարիներին կրկնվել է մի քանի անգամ: Խոշորները դեմպինգ են իրականացրել շուկայում, մանր արտադրողները ստիպված են եղել ինքնարժեքից ցածր գնով վաճառել իրենց արտադրանքը եւ կարճ ժամանակ անց սնանկացել են, իսկ խոշորները գրավել են շուկան: Շաբաթներ առաջ Լուսակերտի ֆաբրիկան ահազանգեց այդ մասին եւ անգամ հավերը նվիրեց ցանկացողներին՝ որպես բողոքի նշան։ 

Լուրեր են տարածվում, թե ձվի ներկայիս էժանացումը նույն  սխեմայով է տեղի ունենում, իսկ դեմպինգն իրականացնում է Նարեկ Նալբանդյանի ընկերությունը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին, ըստ տարածված լուրերի, հովանավորում են Հովիկ Աբրահամյանի որդին, որի հետ Նարեկը բիզնես գործընկեր է եղել, եւ Խաչատուր Սուքիասյանը: 

Մի քանի ամիս առաջ, երբ ձվի գինն իջել էր, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հերքեց Նալբանդյանի կողմից դեմպինգ իրականացնելու մասին լուրերը՝ պատճառաբանելով, թե «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն չունի գերիշխող դիրք շուկայում եւ, հետեւապես, չի կարող դեմպինգ իրականացնել: «Շուկայում դեմպինգ (չհիմնավորված ցածր գնի սահմանում) կարող է իրականացվել գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմպինգի  հարցը կարող է դիտարկել այն պարագայում, երբ այն իրականացվել է գերիշխող դիրք ունեցող ընկերության կողմից: Ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրա իրացման ծավալները կազմում են շուկայի 33,3%-ը եւ ավելին: Ինչ վերաբերում է հավի ձվի շուկայում արձանագրված վերջին գնիջեցմանը, որը կապվում է  «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հետ, ապա շուկայում ունեցած նրա մասնաբաժինը չի գերազանցում 5%-ը։ Հետեւաբար ընկերությունը, շուկայում չունենալով գերիշխող դիրք, չէր կարող մրցակցության օրենսդրություն խախտել եւ դեմպինգ իրականացնել»,- ասել էր հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը: 

Ուսումնասիրվե՞լ է արդյոք ձվի շուկան՝ վերջին էժանացման հետ կապված: Հնարավո՞ր է, որ Նարեկ Նալբանդյանի ընկերությունն ընդլայնած լինի իր դիրքը եւ ինքը կանգնած լինի ձվի գնի չհիմնավորված իջեցման հետեւում, եթե ոչ, ապա ինչի՞ հետ է այն կապված: Մեր հարցերին հանձնաժողովից պատասխանեցին. «Ուսումնասիրում ենք շուկան, արդյունքները շուտով կհրապարակենք»: 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ ձվի շուկայի գերհագեցածվությունը կապված է կառավարության սխալ ու չմտածված քաղաքականության հետ, երբ առանց տնտեսական հաշվարկներ անելու, արտոնություններ տվեցին մի շարք արտադրողների, այդ թվում՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկային: 

«Անասնագլխաքանակը՝ խոզի, տավարի, ոչխարի, նվազել է, իսկ թռչնինը մոտ 16 տոկոսով աճել է: Դրանով է այմանավորված ձվի ավելցուկը շուկայում: Այն չեն կարողանում արտահանել, որովհետեւ կառավարությունը վերջին տարիներին առանց պլանավորման մի շարք թռչնաբուծարանների, այդ թվում՝ Շիրակի ֆաբրիկային, արտոնություններ է տվել, հիմա մարդիկ բիզնես են անում, բայց այդ ձուն չեն կարողանում արտահանել, այն մնում  է ներքին շուկայում եւ պարբերաբար էժանանում է»,- ասում է Պարսյանը: Սրանից տուժում են փոքրերը, որոնք շուկայում ունեն 1, 0.5 կամ 0.01 տոկոս չափաբաժին: Նրանք էժան գների պայմաններում սնանկանում են, եւ վաղ թե ուշ շուկայում մնալու են մի քանի խոշորներ միայն: 

«Խոշորները կարող են, ասենք, մի թաղամաս կորցնել, բայց, ընդհանուր առմամբ, նրանք կմնան: Իսկ փոքրերը դուրս են գալիս, հատկապես՝ հիմա, երբ կերը թանկացել է: 30 դրամով ձու ծախելով՝ նրանք նույնիսկ իրենց կերի գումարը չեն կարողանում հանել: Մրցակցության հանձնաժողովը կարող է ձեւ տալ, թե չի նկատում այս ամենը: Հետագայում, երբ որ մի քանի արտադրողի միջեւ շուկան վերաբաշխվի, արդեն գները կբարձրանան, եւ կարող է, օրինակ, տոն օրերին ձուն վաճառվել, ասենք, 100 դրամով»: