Խնայեք ձեր ուժերը՝ ճիշտ ժամանակին, ճիշտ անձի առաջնորդությամբ օգտագործելու համար

Խնայեք ձեր ուժերը՝ ճիշտ ժամանակին, ճիշտ անձի առաջնորդությամբ օգտագործելու համար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այն բանից հետո, երբ չկարողացավ «եղբայրական» Բուլղարիայի եւ Սլովակիայի օդային տարածքով Սերբիա թռչելու իրավունք ստանալ, օրինաչափորեն ու ճարահատյալ “чем богаты, тем и рады” հոգեբանությամբ թռավ Թուրքիա:

Լավրովի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքիայում վայրէջք կատարեցին նաեւ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Անկարայում ընթացող բանակցություններն ունեին ռազմական բաղադրիչ, որն արտաքուստ հանգում էր, ըստ ռուսական կողմի, Ազովի եւ Սեւ ծովերի ակվատորիայում ականազերծման խնդիրներին, ըստ թուրքական կողմի` ցորենի արտահանման համար միջանցքներ բացելու խնդիրներին: Կիսաձայն ակնարկներ են հնչել նաեւ այն մասին, թե իբր Սիրիայի տարածքում Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել, եւ այդ հարցերն էլ էին քննարկվելու:

Իրականում, սակայն, թե՛ ռուս եւ թե՛ թուրք զինվորականներն ինչ էին քննարկում Անկարայում, ավելի շուտ՝ կերեւա ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի պահվածքից: Թուրքիայից դեռ օրումեջ ռեժիմով կրկնում են, որ առարկում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը: Հուսանք, դա կշարունակվի մինչեւ հունիսի 29-30-ին Մադրիդում գումարվելիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այդ դեպքում, ի տես այն բանին, թե մայիսից ի վեր ինչ սաստկությամբ են հնչում Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս շպրտելու կոչերն Արեւմուտքի լրատվական-փորձագիտական-քաղաքական հարթակներում, Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու գործընթացը կարող է մեկնարկել: Նման զարգացումը հրաշալի կլինի, բայց նախ պետք է ապրել եւ տեսնել, թե մինչեւ հունիսի 29-30-ը եւ բուն Մադրիդում Թուրքիան իրեն ինչպես կդրսեւորի:

Իսկ մինչ այդ կյանքը շարունակվում է, դիվանագիտական անցուդարձը՝ նույնպես, եւ, հավանաբար, հավասարակշռություն պահելու համար, ՌԴ ԱԳ նախարար Լավրովն Անկարայից ժամանեց Երեւան: Լավրովի այցը Երեւան կարող էր մեկ օգտակարություն ունենալ՝ այս առիթով Հայաստանի ընդդիմությունն ավարտեր Ֆրանսիայի հրապարակի պաշարումը եւ այլ տակտիկա որդեգրեր: Դիցուք, ամեն ուրբաթ երեկոյան հանրահավաք հրավիրեին Ազատության հրապարակում: Հաստատ, այդպես ավելի մեծ թվով մարդիկ շաբաթը մեկ անգամ կգան հրապարակ` Փաշինյանի եւ «դըմփ-դըմփ-հու»-երի իշխանության հանդեպ իրենց դժգոհությունը տեսանելի վերահաստատելու: Մանավանդ՝ եթե փոխվի պայքարի առաջնորդների կազմը: Մարդիկ կգան ոչ թե տեսախցիկների առջեւ երեւալու, այլ իրենց ֆիզիկական ներկայությամբ դժգոհություն արտահայտելու: Այդպիսով ընդդիմադիր երակը երկրի քաղաքական կյանքում ու մայրաքաղաքի սրտում կանոնավոր կբաբախի՝ որպես Փաշինյանի գլխին կախված իրողություն: Եթե մի պահի էլ այնպիսի իրադարձություններ ծավալվեն, որ դրանց ընդդիմանալու համար հարյուր հազարավոր մարդիկ ոտքի կանգնեն Երեւանում, ինչպես 1988-ի փետրվարին, կամ մի քանի տասնյակ հազար մարդ, ինչպես 2018-ի ապրիլին, այդ դեպքում ինքնաբուխ առաջնորդներ էլ կհայտնվեն, շարժում էլ կձեւավորվի: 

Երկրորդ ուղին. եթե այդպիսի զարգացումներ չլինեն, որ տասնյակ կամ հարյուր հազարների ոտքի հանեն, կմնա սպասել մինչեւ ադեկվատ, արժեք ու կշիռ ունեցող մի առաջնորդի ասպարեզում հայտնվելուն, ով իր անձով, խոսքով, կեցվածքով լակոտակրատիայի վերջաբանը կնշանավորի, այդքանով էլ կկարողանա նոր ծանրության կենտրոն ձեւավորել քաղաքական դաշտում, հասարակությանը մոբիլիզացնել եւ իշխանության գալ: 

Երրորդ ուղին` ընտրությունները: Այս երեք տարբերակները․ ինչ-որ ազդակից բռնկվող հանրային լայնամասշտաբ ընդվզում, խարիզմատիկ առաջնորդի՝ ասպարեզ իջնել կամ ընտրություններ, ուրիշ ճանապարհ բնության մեջ չկա, որով քաղաքական փոփոխությունները կարող են վրա հասնել: Այսօրվա ընդդիմությունը պետք է կարողանա այսքանն ընկալել, եթե չի ընկալում, դրանից իրերի դրությունը կամ քաղաքականության մեջ հնարավորի սահմանները չեն փոխվում, որքան էլ իրենք ինքնակոտոր լինեն, մի քանի հազար մարդու էլ հետներն անիմաստ տանջեն` ֆիզիկապես կամ հոգեպես: Իսկ մի քանի հազար մարդու իրենք հաստատ արդեն 50 օր տանջում են` եթե հաշվարկը սկսենք ապրիլի 17-ից, Վանեցյանի` Ազատության հրապարակում հաստատվելուց,  զուգահեռաբար մարզերում էլ տարբեր իրազեկման ակցիաներ մեկնարկելուց ու Ֆրանսիայի հրապարակում հավաքվելուց։ 

Իհարկե, եթե լսես Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին կամ նրանց հետեւորդներին, իրենք չգիտես ինչից եւ ուր են շտապում` ընդսմին այնքան, որ չեն կարող սպասել ո՛չ հասարակության համար ընդունելի առաջնորդի հայտնվելուն, ում ետեւից հասարակությունը կգնա, ո՛չ էլ արտահերթ կամ հերթական ընտրությունների: Դրա համար էլ ձգտում են Երեւանը ոտքի հանել, մարդկային բազմություն ծովացնել Երեւանի կենտրոնում եւ այդ շարժման ալիքով իշխանափոխություն կատարել: Սթափ բանականություն ունեցող ցանկացած մեկը կհասկանա, որ այդպիսի հավակնություններ գեներացնելը կամ հույսեր տածելը նույնքան անիրական է, ինչպես, եթե մեկը կանգնի ծովի մեջտեղում եւ հավատա, որ ինքը կարող է մակընթացություն եւ տեղատվություն առաջացնել: Նույնն էլ՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները․ եթե եւս 50,  նույնիսկ` 150 օր պայքարեն, դարձյալ ոչ մի հանրային տեղատվություն ու մակընթացություն չեն ստեղծի: 

Իրողություն, որ հնարավոր չէ փոխել 

Այսօրվա հրապարակի ընդդիմությունը պետք է հասկանա մեկ իրողություն` իրենք միայն մեկ առաքելություն կարող են լավ կամ վատ իրագործել՝ պահպանել ընդդիմադիր զարկերակի տրոփյունը երկրի քաղաքական կյանքում․ աշխատանքային օրերին՝ խորհրդարանում, աշխատանքային շաբաթվա ավարտին` հրապարակներում եւ փողոցներում, մինչեւ ասպարեզում կերեւա այնպիսի առաջնորդ, ով հասարակությանն իր շուրջ կմիավորի, կամ այնպիսի իրադարձություն տեղի կունենա, որ հասարակությանը ոտքի հանի: Այլապես, հասարակությանն առաջնորդելու հավակորդների ինչ casting էլ կազմակերպեն, որ ձայնային օկտավայում էլ աղմկեն, ինչ մարմնամարզություն էլ անեն` քայլքից մինչեւ արեւելյան մարտարվեստներ, միեւնույն է` կյանքն ու իրադարձություններն իրենց կամքին ենթակա չեն։ Հասարակության վրա տպավորություն գործող առաջնորդ չունեն, եւ վերջ: Այդքանով էլ դատապարտված էին անհաջողության, եւ իրենց շարժումն իշխանափոխության խնդիր չէր կարող լուծել ի սկզբանե: 

Այլեւս չասած, որ միջազգային իրադրությունն է իրենց դեմ: Ռուսաստանը հերթական կոլապսի մեջ է, Պուտինը` Միջազգային քրեական դատարանի կողմից պատերազմական ու մարդկության դեմ հանցագործությունների համար մեղադրվելու ճանապարհին:  Եվրոպան՝ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Հետեւաբար, հիսուն օրվա փորձառությունից հետո կարելի է գիտակցել, որ հանրային լայնամասշտաբ ընդվզում գեներացնելու հավակնությունները դատապարտված էին օբյեկտիվորեն, դադարել Փաշինյանին եւ «դըմփ-դըմփ-հու»-երին կապկել եւ անցնել այնպիսի դերակատարման, որն այսօրվա ընդդիմությունն ի զորու է կատարել` պահել դիմադրության տրոփյունը Հայաստանի քաղաքական դաշտում` առանց ավելիին հավակնելու: Իսկ երբ կհայտնվի առաջնորդ, կամ կպատահի հասարակությանը ոտքի հանող իրադարձություն կամ երկուսը միասին, ապա այսօրվա ընդդիմությունն էլ բոլորի հետ միասին մասնակցի Փաշինյանին ու «դըմփ-դըմփ-հու»-երին իշխանությունից հեռացնելուն, թող առաջին շարքերում էլ իրենք կանգնեն։

Իմիջիայլոց, ըստ իս, Փաշինյանն այնքան հիմարություններ է անում, որ ավելի հավանական է հասարակական ընդվզման ազդակ դառնա Փաշինյանի սոցիալական ապուշություններից մեկը` ասենք, բոլորից համատարած եկամուտների հայտարարագիր պահանջելը, քան սառեցված ղարաբաղյան հակամարտությունը, որտեղ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը մրցակցելու եւ միմյանց քայլերը կանխելու են Ռուսաստանն ու Արեւմուտքը, պատերազմի ավարտից հետո էլ դեռ պետք է տեսնել, թե ինչ ազդեցություններ կհաստատվեն, կամ Ռուսաստանը որտեղ կհայտնվի` Թուրքիայի հետ միասին: 

Այնպես որ, Ֆրանսիայի հրապարակում զրկանքների ենթարկվողները ճիշտ կվարվեն, եթե խնայեն ուժերը՝ դրանք ճիշտ ժամանակին, ճիշտ անձի առաջնորդությամբ, բոլորի հետ միասին օգտագործելու եւ Փաշինյանին հարվածելու համար, ոչ թե երեւակայեն, թե կարող են հասարակական շարժում գեներացնել: Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները դա չեն կարող անել նաեւ այն պատճառով, որ ապիկար Փաշինյանն իրենց իշխանության ու այդ իշխանության մերժման հետեւանք է։ Իրողություն, որ հնարավոր չէ փոխել: