Արդեն 16 տարեկան

Արդեն 16 տարեկան

«Հրապարակն» արդեն 16 տարեկան է: Ինչպես մեր լրագրողներն են ասում` չափահաս մարդ է դարձել: Արդեն նաեւ չափահասներին բնորոշ իրավունքներ ու պարտականություններ ունի: Հայացք ունի, կենսագրություն ունի եւ անցած ճանապարհ:

Մեզ, իհարկե, բոլորը չեն սիրում: Ավելին` չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները, բայց մենք ըմբռնումով ենք մոտենում բոլոր բացասական կարծիքներին ու հույզերին: Համարում ենք, որ դա մեր գործունեության անբաժանելի մասն է` եթե մենք չենք խնայում հասարակական կյանքում որոշակի դերակատարում ունեցող մարդկանց` անխնա քննադատում ենք, մերկացնում ենք, ցավեցնում ենք, ի դեպ` ինչպես աշխարհի բոլոր ԶԼՄ-ները, ուրեմն նույնկերպ մեզ էլ չպետք է խնայեն:

Բայց մենք հուսով ենք, որ որքան մեզ չեն սիրում պաշտոնյաներն ու հանրային գործիչները, նույնքան հարգում եւ գնահատում են շարքային մարդիկ` մեր ընթերցողները, որոնք, անշուշտ, նկատում են այն նվիրված ու հետեւողական աշխատանքը, որ մենք կատարում ենք արդեն 16 տարի: Իհարկե, մենք թերություններ ու սխալներ էլ ունենք, երբեմն նաեւ վրիպում ենք մեր գնահատականներում եւ տեսակետներում, ինչը բնորոշ է բոլոր գործող, աշխատող, ակտիվ օրգանիզմներին:

Բայց վստահ ենք, որ մեր բարեխղճությունը, նվիրումը, անաչառությունը մարդիկ տեսնում եւ գնահատում են: Եվ դրա մասին է նաեւ վկայում մեր ամենօրյա փոստը, մեր հավատարիմ ընթերցողների, դժվար պահին մեզ օգնության հասնող բարեկամների բանակը, որը բավականին մեծ է եւ մեզ ուժ ու կորով է հաղորդում: Հուսով ենք, որ եւս 16 ու էլի շատ 16 տարիներ մենք միասին ենք լինելու`  հուրախություն մեր բարեկամների եւ ի ցավ մեզ չսիրողների: Փորձելու ենք ավելի լավը լինել, ավելի խելացի եւ օպերատիվ ու, ամենակարեւորը` արդարացնել մեզ հետեւողների հույսերը: