Եթե բանակցություններ լինեն, ավելի ճիշտ չէ՞ մեծ եղբոր հետ

Եթե բանակցություններ լինեն, ավելի ճիշտ չէ՞ մեծ եղբոր հետ

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում երեկ՝ Արցախյան երրորդ պատերազմի 5-րդ եւ ամենաթեժ մարտերի օրը, հրապարակվեց մի տարօրինակ վերնագրով խմբագրական՝ «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը»։ Մասնավորապես, այստեղ խոսք է գնում քառակողմ՝ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան-Արցախ կամ երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա բանակցություններ անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այսինքն՝ Հայաստանը ուղիղ բանակցություններ վարի ոչ թե Ադրբեջանի, այլ նրա «տիրոջ»՝ Թուրքիայի հետ։ Առաջարկն այնքան շոկային էր, որ անգամ պատերազմի պայմաններում քաղաքական ուժերն իրենց հայտարարած «հրադադարը» խախտեցին, եւ քաղաքական գործիչները սկսեցին գրել, թե ինչ է նշանակում Թուրքիային, արդեն լեգիտիմ հիմքերով, Հարավային Կովկաս հրավիրելը։ Քանի որ խմբագրականը տպագրվել է իշխանական թերթում, մենք զանգահարեցինք «ՀԺ» եւ հարցրինք, թե ով է խմբագրականի հեղինակը։ Օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանը հայտնեց, որ օրաթերթի բոլոր խմբագրականները գրում է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ Զրուցեցինք հրապարակախոս, լրագրող Արմեն Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, նախքան հոդվածը գրելը Ձեր առաջ քաշած գաղափարները քննարկե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ։

- Բնականաբար, ոչ։

- Այնուհանդերձ, չե՞ք կարծում, որ նման առաջարկներով Հայաստանն ուղղակի եւ պաշտոնապես Թուրքիային հրավիրում է Հարավային Կովկաս, այն նույն Թուրքիային, որն առանց նման հրավերի ուզում է ներգրավվել որպես հակամարտության կողմ եւ ներխուժել Կովկաս՝ այսպիսով իրականացնելով Ադրբեջանի վաղեմի երազանքը։

- Ոչ, չեմ կարծում։ Եվ դա ոչ թե գաղափար է, այլ փաստերի պարզ շարադրանք։ Մենք ունենք իրողություն, որ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին, այսինքն՝ ռազմական հակամարտության կողմ է՝ անկախ մեր կամքից։ Եվ պատկերացրեք՝ մեկը կռվում է երկու եղբայրների դեմ, թուրքերն ու ադրբեջանցիները հայտարարում են, որ եղբայրներ են, եւ ավագ եղբայրը պատերազմին անմիջականորեն մասնակցում է ու ղեկավարում է այն։ Հիմա եթե բանակցություններ լինեն, ավելի ճիշտ չէ՞ մեծ եղբոր հետ։ Ի վերջո, ընդունում ենք, չէ՞, որ այս պատերազմից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր չէ, ուղղակի Թուրքիայի կցորդն է։ Ինչ վերաբերում է նրանց տարածաշրջան հրավիրելուն, նկատի ունեմ՝ Հարավային Կովկաս, ապա ճիշտ հակառակը՝ Հայաստանն է, որ դուրս է գալիս ռազմաքաղաքական նոր հարթություն, մտնում է ավելի մեծ տարածաշրջան․ դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից եւ մտնում է մերձավորարեւելյան քաղաքականություն, փորձում է դառնալ ինքնուրույն գործոն։ Դա է տեղի ունեցել՝ անկախ մեր կամքից, եւ դա բնական է, որովհետեւ, եթե պատերազմը բարձրացել է աշխարհաքաղաքական առումով այլ հարթություն, ապա Հայաստանն էլ՝ որպես ինքնուրույն գործոն, պիտի ավելի մեծ աշխարհաքաղաքական տարածքում փորձի լինել որպես գործոն։

- Չե՞ք կարծում, որ սա շատ վտանգավոր խաղ է, որին հետեւի ՄԽ ձեւաչափի փոփոխություն։ Մանավանդ, որ համանախագահ երկրները՝ իրենք, ՌԴ-ն՝ կասկածների մակարդակով, Ֆրանսիան՝ բացեիբաց՝ Մակրոնի մակարդակով հայտարարում են, որ Թուրքիան ներքաշված է այս պատերազմի մեջ, ինչն անընդունելի է, դատապարտելի։ Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ անընդունելի է Թուրքիայի՝ 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ եւ աշխարհում առաջին ցեղասպանությունն իրականացրած պետության ներգրավումն այս հակամարտության մեջ։

- Նախ՝ ֆորմատի փոփոխության մասին․ Թուրքիան արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից փորձում է լինել միջնորդ, ընդհուպ մինչեւ ՄԽ համանախագահ։ Դա եղել է նրա ձգտումը, եւ հիմա էլ՝ այս պատերազմին անմիջական մասնակցության նպատակներից մեկն էլ, կարծում եմ, դա է։ Հիմա պետք է արձանագրենք, որ Թուրքիան չի կարող լինել միջնորդ, որովհետեւ ռազմական հակամարտության անմիջական կողմ է, ավելին՝ ԵԱՀԿ ՄԽ անդամ է, եւ մենք պիտի ցույց տանք, որ իրավունք չունի անգամ այդ խմբի անդամ լինել՝ լինելով հակամարտության ուղղակի կողմ։

- Երբ մենք նրա հետ գնում ենք բանակցելու, նրան, այսպես թե այնպես, ներգրավում ենք պրոցեսի մեջ՝ արդեն պաշտոնապես, Հայաստանի համաձայնությամբ, եւ, փաստորեն, լեգիտիմացնում ենք Կովկաս ներխուժելու Թուրքիայի ջանքերը։

- Ոչ, չենք լեգիտիմացնում։ Մի բան է լինել բանակցային կողմ, մի բան է լինել միջնորդ՝ նախ, երկրորդ․ մենք նրանց չենք հրավիրել հակամարտության մաս կազմելու, դա տեղի է ունեցել անկախ մեր կամքից։ Իհարկե, ես հասկանում եմ, որ այդտեղ կան նաեւ վտանգներ, բայց հավատացնում եմ, որ եթե բանակցություններ լինեն, ապա ավելի լավ է լինեն Թուրքիայի ու Հայաստանի միջեւ եւ ոչ թե Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ՝ մեր հարցով, առանց մեր մասնակցության։ Դա ավելի վտանգավոր է։

- Մեր նախնական զրույցում Դուք ասացիք․ միեւնույն է՝ Ադրբեջանն ամեն հարցի համար հարցնելու է ավագ եղբորը։ Այսինքն՝ ժամանա՞կ եք ուզում խնայել։

- Գիտեք՝ կա տրամաչափի խնդիր։ Այսինքն, եթե մենք մտնենք բանակցությունների մեջ, եթե նման բանակցություններ լինեն, իսկ դրանք վաղ թե ուշ լինելու են, ավելի լավ է Հայաստանը բանակցի Թուրքիայի հետ, իսկ Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի։ Սրա մասին է խոսքը։

- Իսկ ի՞նչ եք կարծում, մենք՝ Հայաստանը, այդ «տրամաչափի» ռեսուրսներ՝ մարդկային, տնտեսական, ֆինանսական, աշխարհաքաղաքական, սպառազինությունների, ունի՞ նման խաղի մեջ մտնելու համար փաստորեն, նեղացնելով երեք գերտերություններին կամ նրանց ասելով՝ գնացեք մի կողմ, մենք մեր հարցերը կքննարկենք։

- Խոսքը մի կողմ գնալու մասին չէ։ Այդ բանակցությունները եթե տեղի ունենան, պիտի տեղի ունենան նույն ՄԽ համանախագահության հովանու ներքո՝ նախ։ Երկրորդ․ ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա, ցավոք, մեզ չեն հարցրել՝ մենք ունե՞նք նման ռեսուրս, թե՞ ոչ, ինչպես չհարցրին այս լայնամասշտաբ պատերազմի դեպքում։ Ոչ ոք չհարցրեց՝ իսկ դուք ռեսուրսներ ունե՞ք՝ պատերազմելու միաժամանակ Թուրքիայի, Ադրբեջանի ու միջազգային ահաբեկչության դեմ։ Առանց հարցնելու հարձակվեցին, եւ մենք հիմա հաջողությամբ պաշտպանվում ենք։ Իսկ եթե ռազմական առումով հաջողությամբ պաշտպանվում ենք, պիտի նաեւ քաղաքական առումով նույնպիսի գործունեություն ծավալենք։ Չի կարող լինել արդյունավետ պատերազմ եւ անարդյունավետ արտաքին քաղաքականություն։ Դրանք պիտի նույն հարթության վրա լինեն։

- Տեսանք, թե ինչ եղավ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» ավարտը։ Ի վերջո, հայկական կողմը հայտարարեց, որ Թուրքիան հանդես է գալիս նախապայմաններով, եւ արձանագրությունները հետ կանչվեցին։ Նախ, ի՞նչ հույս ունեք, որ այս անգամ էլ նախապայմաններով չեն խոսելու մեզ հետ։

- Ոչ մի նման բան չկա, մենք երեւի իրար լավ չենք հասկանում։ Սա ոչ մի կապ չունի «ֆուտբոլային դիվանագիտության» հետ։ Խոսքն այն մասին չէ, որ նման նախաձեռնություն պիտի լինի մեր կողմից։ Ես ասում եմ, որ եթե Ադրբեջանը ստիպված լինի Ապրիլյան պատերազմի օրինակով մեզնից խնդրել հրադադար եւ բանակցություններ, մենք պիտի իրենց ասենք՝ ներողություն, իսկ դուք ո՞վ եք, որ ձեզ հետ բանակցենք։ Եթե ուզում են մեզ հետ բանակցել, թող Թուրքիան բանակցի։

- Խոսքը միայն հրադադարի՞ մասին է՝ բանակցություններ հրադադարի՞ մասով։

- Ոչ, հրադադարի եւ դրանից․․․ հրադադարն ինչի՞ համար է։ Որ դրանից հետո կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Այսինքն՝ այն մասին է, որ եթե ես վստահ եմ, որ էդպես էլ կլինի, ջարդ ուտելուց հետո Ադրբեջանը մեզնից հրադադար ու բանակցություններ խնդրի, մենք պիտի ասենք՝ կա՛մ Թուրքիան ընդհանրապես պետք է գոյություն չունենա ոչ մի հարցում, նաեւ որպես ԵԱՀԿ ՄԽ շարքային անդամ, կա՛մ էլ, եթե նրանք շարունակեն Թուրքիայից անընդհատ հարցնել, թե ինչ անենք, ուրեմն թող իրենք մեզ հետ գան բանակցությունների։ Խոսքը սրա մասին է, եւ սա բացարձակ կապ չունի ֆուտբոլային քաղաքականության ու «քիրվայության» հետ։

- Պարոն Բաղդասարյան, Իլհամ Ալիեւը ռուսական «60 րոպե»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի հետ չի բանակցի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բանակցային պայմանավորվածությունները չպահպանող մարդ է։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց պատերազմը։ Հիմա, փաստորեն, երբ Թուրքիան ներգրավվում է որպես չորրորդ կամ երկրորդ կողմ՝ նայած որ ձեւաչափում, չե՞ք կարծում, որ հիմքեր, նախադրյալներ են ստեղծվում, որպեսզի մի որոշ ժամանակ անց պարոն Չավուշօղլուն հայտարարի, որ Հայաստանը չի պահում պայմանավորվածությունները, եւ այս անգամ Հայաստան ներխուժի արդեն Թուրքիան՝ որպես բանակցությունների ուղիղ կամ «գցված» կողմ։ Ռուսաստանն էլ, որին մենք նեղացրած կլինենք, քաղաքագետ եք՝ գիտեք այդ ամեն ինչի հետեւանքները, գուցե այս անգամ առհասարակ չխառնվի։ Օրինակ, ասի՝ դե, եթե էդքան լավ պայմանավորվում էիք, գնացեք, ձեր հարցերն ինքնուրույն լուծեք, մեզնից ի՞նչ եք ուզում։ Նախկինում իրենց քաղաքագետների բերանով ասում էին, չէ՞, թե մեզնից ի՞նչ եք ուզում, գնացել, լավ էլ խոսում եք ադրբեջանցիների հետ։

- Ես դրա համար էլ, էլի եմ ասում, սա․․․ գուցե էս պահին պետք չէր էս խոսակցությունը բացել, եւ ես ընդունում եմ, որ ռազմական իրադարձությունների այս փուլում գուցե տեղին չէր այսքան փակագծեր բացելը։ Բայց վաղ թե ուշ գալու է նման իրավիճակ։ Ցավոք։ Եվ եթե մեր թշնամին Թուրքիան է, իսկ մեր թշնամին Թուրքիան է, ավելի լավ է մեր թշնամու հետ պայմանավորվենք մենք։ Բանակցությունների մեջ մտնենք մենք եւ ոչ թե մեր փոխարեն ուրիշները։ Այո, գուցե մեր տրամաչափն էն չէ, բայց անում ենք այնքանով, ինչքան թույլ են տալիս մեր ռազմաքաղաքական-տնտեսական կարողությունները։ Սա է։ Բնականաբար, փորձելով ապավինել աշխարհում առկա մեր դաշնակիցներին, բայց հույսը դնելով միայն մեզ վրա, որպեսզի հերթական անգամ մեր հաշվին առեւտուր չլինի տարածաշրջանում։

- Կարծո՞ւմ եք, որ սա բանակցային գործընթացում արմատական բեկում է՝ նոր շեշտադրումներ, նոր օրակարգ՝ այստեղից բխող ամեն ինչով։

- Բնականաբար, ո՛չ Հարավային Կովկասը, ո՛չ Մերձավոր Արեւելքը այլեւս երբեք չեն լինելու այն վիճակում, որում եղել են մինչեւ սեպտեմբերի 27-ը։ Արմատապես իրավիճակ է փոխվել բոլոր ոլորտներում՝ ռազմական, ռազմաքաղաքական եւ բանակցային։ Վերադարձ նախասեպտեմբերքսանյոթյան վիճակին չի լինելու։