Նման անհասցե հայտարարությունները չեն նպաստում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը

Նման անհասցե հայտարարությունները չեն նպաստում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը

Պատերազմի հինգերորդ օրը` երեկ, վերջապես համաշխարհային ուժային կենտրոնների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի, Էմանուել Մակրոնի եւ Դոնալդ Թրամփի համատեղ հայտարարությունը հնչեց։ Չնայած թվացյալ բարի ցանկություններին, այն, սակայն, բուռն ցասում առաջացրեց հայկական շրջանակներում։ Կողմերի միջեւ հավասարության նշան դնող եւ հերթապահ այդ հայտարարությամբ, հիշեցնենք, ասվում է․ «Ամենախիստ կերպով դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը»։ Ապա․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջեւ: Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ բարեխղճորեն ստանձնել իրենց պարտավորությունները եւ առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, վերսկսել բանակցությունները կարգավորման էության շուրջ»։

Քաղաքագետ Մանվել Սարգսյանն ասում է, որ հոգնել է նույն տեքստերն անվերջ մեկնաբանելուց, երբ լինի նոր բան, ինքն էլ կուսումնասիրի, ապա նոր կարծիք կհայտնի։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ է «խորապես» հիասթափված եռակողմ հայտարարությունից։ Ի՞նչ էր ակնկալում պատգամավորը։ «Առնվազն այն, ինչի մասին բաց խոսել են Ռուսաստանը եւ Ֆրանսիայի նախագահը․ ցիտեմ Մակրոնին, որ իրենք ունեն անհերքելի փաստեր այս պատերազմին Ադրբեջանի կողմից ահաբեկիչ վարձկանների մասնակցության մասին։ Նույն հայտարարությունն արվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից։ Առնվազն այս կոնստանտ միտքը պետք է լիներ համանախագահների հայտարարության մեջ, որ պետք է հետ քաշվեն վարձկանները»։ Այսպիսի անհասցե հայտարարությունները, Զոհրաբյանի կարծիքով, չեն կարող նպաստել նման հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Իսկ եթե միջազգային հանրության ուզածն իսկապես դա է, ապա, Զոհրաբյանի խոսքով, առնվազն պիտի բռնեն Թուրքիայի ձեռքերն ու ոտքերը․ «Եթե Թուրքիայի պաշտոնյաները հրապարակավ հայտարարում են, որ իրենք կայացրել են որոշում՝ ռազմական աջակցություն ցուցաբերել  Ադրբեջանին, իսկ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ն ասում են, թե իրենք չունեն փաստեր այս կոնֆլիկտում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ, ապա ես դժվարանում եմ նշել, թե ինչ պիտի արվի խաղաղ բանակցություններին վերադառնալու համար։ Այս պահին ՆԱՏՕ-ն ուղղակի չպիտի թույլ տա Թուրքիային, որ նա ուղղակի մասնակցություն ունենա այս կոնֆլիկտին»։ 

ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանի կարծիքով, համանախագահող երկրները լավ չեն պատկերացնում, թե որքան դաժան բան է չորս տարին մեկ պատերազմելը, «բոլոր գործերը, անելիքները, երազանքները թողնել ու պատերազմի մեջ մտնելը։ Լավ չեն պատկերացնում, որովհետեւ, երբ իրենց նկատմամբ են ագրեսիաներ եղել, իրենք պատժել են դիմացինին ու ապահովել հանցանքի կրկնության բացառումը։ Ոչ մի հանցանք չի կարող անպատիժ մնալ, ու քանի դեռ համանախագահները չեն առաջարկում պատժի մեխանիզմ, խաղաղասիրական կոչերը ոչ այլ ինչ են, քան հաջորդ պատերազմի հրեշին աղավնիներով կերակրելու գործելաոճ։ Այդ երեք պետություններն էլ սեփական փորձով գիտեն, որ ագրեսորին պատժել է պետք, ու դա մեր բնական իրավունքն է եւ աշխարհի առաջ պարտավորությունը։

Չորս տարի առաջ պատերազմը դադարեցնելիս այս երեք պետությունները պարտավորություն էին վերցրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու ու կրկնությունը բացառելու հարցում։ Չորս տարի նրանք չեն կատարել իրենց պարտավորությունը։ Թող գնան իրենց ժամկետանց պարտավորությունները կատարեն, նոր գան՝ խոսենք»։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը չի առարկում այս տեսակետին․ «Բարդ կլինի բանակցություններին վերադառնալը, բայց դրանց համար միշտ էլ հիմք կարող է լինել, հիմա թեժ է վիճակը, բայց թեժ է եղել նաեւ 1990-ական թվականներին, 2016-ի ապրիլին, բայց բանակցություններ եղել են, կարծում եմ, որ հիմա էլ կլինեն»։ Իսկ  ռազմական գործողությունների դադարեցումը, քաղաքագետի կարծիքով, կախված չէ որեւէ հայտարարությունից, այլ նրանից, թե ինչ կուլիսային քաղաքականություն կվարվի պետությունների միջեւ, համանախագահների միջնորդությամբ: