Ինչու՞ հենց համար 24-ը

Ինչու՞ հենց համար 24-ը

Հայաստանի ապագայի վերաբերյալ մտահոգված լինելը ենթադրում է դեմ լինել Նիկոլի իշխանությանը: Մնացածը (իբրեւ թե նրա հետ կա ապագա) զոմբիացված կենսազանգվածի համար մանիպուլյացիոն դաշտից է: Նիկոլի իշխանությանը դեմ լինելը պարտադիր չի ենթադրում կողմ լինել ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահների շուրջ ձեւավորված նախընտրական դաշինքներին:

Սակայն Նիկոլի իշխանության դեմ արդյունավետ եւ արմատական պայքարը ենթադրում է կողմ լինել հենց ՀՀ երկրորդ կամ երրորդ նախագահներին: Նիկոլին իշխանությունից զրկելու համար անհրաժեշտ է հունիսի 20-ի քվեարկությանը համախմբվել, առաջին հերթին, «Հայաստան» դաշինքի կամ համար 24 ընտրացուցակի շուրջ: Ասվածն այն քաղաքական այբուբենն է, որ անհրաժեշտ է գիտակցել ՀՀ գիտակից բոլոր քաղաքացիներին: Մնացածն ընդամենը խոսքեր են, որ արտասանվում են՝ նպատակ ունենալով ընդամենը տեղ զբաղեցնել հունիսի 20-ին կազմավորվող Ազգային ժողովում:
Իսկ ինչո՞ւ հենց համար 24-ը՝ կհարցնեք դուք: Որովհետեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն անձն է, որն ի վիճակի է երկիրը դուրս բերել այն անդունդից, որում այն հայտնվել է Փաշինյան Նիկոլի եռամյա վարչապետության արդյունքում: Ի վիճակի է, որովհետեւ վճռական է եւ ունակ է պատասխանատվություն ստանձնել: Միաժամանակ, ինչը պակաս կարեւոր չէ, օժտված է կազմակերպչական ջիղով: Խելացի լինելն ու կյանքի փորձառությունն այն հատկանիշներն են, որ ամբողջացնում են նկարագրվածը՝ թույլ տալով վստահ լինել Քոչարյանի ընտրության առումով: Ինչ մնում է Քոչարյանի անցյալին՝ եթե առաջնորդվենք նրա անցյալի դեմ կռիվ տալով, ապա կկորցնենք ապագան: Դա արդեն մենք տեսանք անցյալի դեմ Նիկոլի պատերազմի շնորհիվ:

Կարծում եմ, որ ոչ մի գիտակից անձ չի ցանկանա, որպեսզի փորփրելով ոչ վաղ անցյալը՝ կորցնենք պետականությունը: Եվ մի բան էլ՝ բազմիցս եմ ասել, որ իշխանության գալով՝ Քոչարյանը չի կրկնի այն, ինչ եղել է անցյալում: Որովհետեւ ինքը տեսել է անցյալում իր դրսեւորած վարքագծի արդյունքները, իսկ որպես խելացի անձնավորություն՝ գիտի, որ նոր բան ստանալու համար մարդ պետք է չկրկնի այն, ինչ արել է նախկինում: Եվ մի բան էլ՝ Հայաստանն արդեն այն չէ, ինչ էր 20 տարի առաջ, որպեսզի Քոչարյանը հնարավորություն ունենա կրկնելու այն, ինչ արվել է նախկինում:
Իսկ ինչո՞ւ ոչ հենց սկզբից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Պատիվ ունեմ» դաշինքը կամ 6 համարը կրող քվեաթերթիկը:

Որովհետեւ այդ դաշինքի ցուցակը գլխավորող՝ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այն անձը չէ, ով այսօր կարող է դիմակայել մարտահրավերներին: Ասեմ ավելին՝ ավելի լավ ժամանակներում ինքը կարող է լինել լավ վարչապետ, սակայն այդ ժամանակները դեռ պետք է բերել: Եվ հենց այս հարցում Քոչարյանը մրցակից չունի: Ինչ մնում է Սերժ Սարգսյանի անվանարկմանը, թե Նիկոլը նրա մարդն է, այլապես Սերժն այդքան հեշտությամբ չէր հանձնի իշխանությունը, ապա այդ առումով էլ ասեմ, որ խնդիրը վերջինիս խառնվածքի մեջ է: Սարգսյանի բնավորության հիմնական հատկանիշը արմատական քայլերի չգնալն է, ավելի զգուշավոր լինելը:

Դա դրսեւորվեց թե՛ 2016-ի հուլիսյան եւ թե՛ 2018-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Երկու դեպքում էլ ինքը բավական ժամանակ սպասեց, եւ եթե առաջին դեպքում դա արդյունավետ եղավ, քանի որ ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկները մնացին փակված գնդի տարածքում, երկրորդ դեպքում չաշխատեց, քանի որ շարժումը զանգվածային բնույթ էր ստացել ու ապակենտրոնացված էր ողջ քաղաքով եւ ողջ երկրով մեկ: Իսկ զանգվածայնությանը նպաստել էին Ռադիոտան տարածք ներխուժելուն որեւէ ձեւով չխոչընդոտելն ու այդ խմբին պատասխանատվության չենթարկելը: Ինչպես քրեագետներն են ասում՝ հանցագործություն չպատժելը ծնում է նոր հանցագործություն:

Բայց «Պատիվ ունեմ» դաշինքն ունի կարեւոր դերակատարում ընտրության առումով՝ ինքը հավաքելու է այնքան ձայն, որպեսզի Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ հնարավորություն ստանան ձեւավորելու կառավարություն: Կարծում եմ, որ մնացած անհրաժեշտ տոկոսները կլրացվեն փոշիացված ձայների հաշվին: Վերջիններս այն ձայներն են, որ հունիսի 20-ին կտրվեն ընտրական նվազագույն շեմը չհաղթահարած կուսակցություններին կամ դաշինքներին: Նկարագրված սցենարը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե 24 համարի քվեաթերթիկներն ընտրության արդյունքում հայտնվեն առաջին տեղում: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը մասնակցել եւ ձայն տալ «Հայաստան» դաշինքին: