Ադրբեջանական մամուլն ու ֆեյսբուքյան հարթակը ցնծում են, որ Փաշինյանը ստացել է «պողպատե մանդատ»

Ադրբեջանական մամուլն ու ֆեյսբուքյան հարթակը ցնծում են, որ Փաշինյանը ստացել է «պողպատե մանդատ»

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ցնծում է ոչ միայն հայաստանցի ընտրողների 25 տոկոսը, ովքեր իրենց վստահության քվեն տվել են Նիկոլ Փաշինյանին, այլեւ՝ ադրբեջանցիները: Համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ քեֆ-ուրախությունների մեջ են՝ պարում են «նոլդու Փաշինյան» երգի տակ: Այս օրերին ադրբեջանական մամուլը ողողված է հոդվածներով, որոնք «ավետում» են Փաշինյանի հաղթանակը, նրա ստացած պողպատե մանդատը եւ «պատերազմի կուսակցության»՝ Քոչարյանի պարտությունը: Haqqin.az-ի հեղինակ Այդին Քերիմովն իր՝ «Հայերն ընտրել են «մարդ-մեգաֆոն», ինչը նշանակում է աշխարհ ու սառնարան», հրապարակմամբ գրել է. «Հայաստանում «պատերազմի կուսակցությունն» անվերապահորեն պարտվեց «խաղաղության կուսակցությանը»:

Ո՛չ կորսված պատերազմը, ո՛չ սահմանազատման խնդիրները եւ Զանգեզուրի միջանցքի շուրջ բամբասանքները չփոխեցին իրավիճակը: Այնպես որ՝ Փաշինյանն իրոք հայ հասարակության խնդրանքի պատասխանն է: Նրա հակառակորդները եւ նրանց գաղափարական հետեւորդները պետք է լրջորեն մտածեն այս մասին: Հայերն ընտրեցին Փաշինյանին, ինչը նշանակում է խաղաղություն եւ սառնարան, որի մասին վրեժ որոնողները պետք է մտածեն: Եթե բաց մտքով նայենք իրավիճակին, ապա Քոչարյանի միակ վաստակն այն էր, որ նրա օրոք անպատժելիորեն կարելի էր Karabakh` Ղարաբաղն անվանել «Արցախ»: Ինչպես այժմ պարզ է դառնում քվեարկության արդյունքներից, դա հայերին բավարար չէր: Ազգայնականության եւ ռեւանշիզմի դեմ պայքարում հաղթեց պայմանական «սառնարանը», այսինքն՝ անձնական բարեկեցության հարցը, որին ցանկացած պատերազմ միայն վնասում է»:

Ադրբեջանցի լրագրողն առաջ է տանում այն թեզը, որը երեք տարի սերմանվել է Հայաստանում. Փաշինյանը մաքուր է, չկոռումպացված, իսկ Քոչարյանը եւ նախկինները՝ կոռումպացված. «Եվ, մեծ հաշվով, Փաշինյանի հաղթանակը որոշվում էր նաեւ նրանով, որ «սառնարանին» աջակցում էր մեկ այլ գործոն, որը կարեւոր էր բոլոր ժամանակներում՝ գործող իշխանության ձեռքերի հարաբերական մաքրությունը, այլ կերպ ասած՝ գործնականում չգողանալ»: Հեղինակը միայն Քոչարյանին քննդատելով չի սահմանափակվում. նա հիշատակում է նաեւ այն մարդկանց, ովքեր դեմ են Փաշինյանին. «Փաշինյանի հակառակորդներն ունեին անսահմանափակ ֆինանսական միջոցներ: Դժվար թե սխալվեմ, եթե ասեմ, որ Ռուսաստանի եւ սփյուռքի ամբողջ ֆինանսական կապիտալն աշխատում էր նրա դեմ: Եվ ի՜նչ մեծ անուններ էին կանգնած Քոչարյանի քաղաքական ստրատեգների ետեւում. Մարգոն՝ «գնա տոլմա եփի», Սիմոնյան, «քարոզչական հանճար» Արամ «Կամշոտիչ» Գաբրիելյանով, «Տաշիր» օլիգարխիկ խմբավորում, պլուտոկրատական «Համակարգ» բուն համակարգում եւ այլք»: Հեղինակը նշում է, որ միայն Փաշինյանը հասարակության հույսերը կարող է արդարացնել, այն է՝ «ընդունել Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խաղաղ աշխարհատնտեսական նախաձեռնությունները, վեր կանգնել ռեւանշիզմից»:

Իսկ մեկ այլ հրապարակմամբ՝ «Փաշինյանը ստացել է «պողպատե մանդատ»», հղում է արվում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիայի Զախարովայի խոսքը․ «Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները դրանց օրենսդրական գրանցումից հետո կնպաստեն Հայաստանի առաջադեմ զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը, առաջին հերթին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարումը 2020 թ. նոյեմբերի 9-ին եւ 2021 թ. հունվարի 11-ին»: Հեղինակը հետեւություն է անում, որ Ռուսաստանը հույսը դնում է Փաշինյանի հետ հարաբերությունների վրա: 

Հետաքրքրական է, որ ադրբեջանցիները «պատերազմի կուսակցություն» են անվանում Քոչարյանին, որի օրոք հայ-ադրբեջանական որեւէ պատերազմական գործողություն, որեւէ բախում տեղի չի ունեցել, իսկ 10 տարվա ընթացքում բանակում զոհվել է 80 մարդ (դիպուկահարներ, դժբախտ պատահարներ): Իսկ Փաշինյանին, որի օրոք տեղի ունեցավ հայ-ադրբեջանական ամենամեծ պատերազմը, եւ 5 հազար զոհ տվեցինք, համարում են խաղաղության կուսակցություն: 
Ոչ միայն ադրբեջանական մամուլը, այլեւ ադրբեջանցիների ֆեյսբուքյան հարթակն ակտիվորեն քննարկում է հայաստանյան ընտրությունների արդյունքները, գովաբանում են Փաշինյանին, Քոչարյանին համարում ռազմական հանցագործ, ով, ըստ ադրբեջանցիների, երբեք չպետք է գա իշխանության: Շատ ադրբեջանցիներ անգամ զարմացած են, թե ոնց կարող էր պարտված ղեկավարը նորից ժողովրդի կողմից քվե ստանալ։

Էյնուլլա Ֆաթուլաեւ 

Համենայնդեպս, նորագույն պատմության մեջ առաջին անգամ մի հայտարարություն ստորագրելուց մի քանի ամիս անց պատմական պատերազմում խայտառակորեն պարտված  քաղաքական գործիչը ժողովրդի ձեռքից ստացավ լիակատար եւ անսահմանափակ վստահության քվե:

Erestun Elizade
Փաշինյանի վերընտրությունը մեզ հարմար էր, որովհետեւ Փաշինյանի՝ իշխանության մնալը նշանակում է, որ մեր կառավարության հետ պայմանագիրը կկատարվի:
Eldar Mamedov
Կարեւոր չէ, թե ով է ընտրված մեզ համար: Միայն Փաշինյանին ընտրելը լավ է! Պայմանագիրը կնքել է այն կուսակցությունը, որտեղ ղեկավարել է Փաշինյանը, ուստի նրա վերընտրությունը նշանակում է, որ պայմանագրի բոլոր պայմանները կկատարվեն առանց հարցի։
Elçin Kara
Հիմա Իլհամ Ալիեւն է Կովկասի միակ բռնապետը։
Aytan Sirinova
Փաշինյանի՝ վարչապետ վերընտրվելը նշանակում է, որ հայ ժողովուրդը Ղարաբաղից հույսը կորցրել է եւ նոր պատերազմ չի ուզում: Միաժամանակ ուզում են ազատվել Ռուսաստանի յոլայից եւ գնալ Եվրոպա։
Aytan Sirinova
Կարծում եմ՝ Փաշինյանի ընտրությունը մեզ համար լավագույն տարբերակն է։ Որովհետեւ, եթե Քոչարյանն ընտրվեր, որոշ հայեր կարող էին հուսալ եւ նորից պատերազմ գնալ։ Բայց կարծում եմ, որ պարտված Փաշինյանից ոչ ոք նման սպասելիք  չի ունենա:
Gulxar Ali Azerli
Սորոսի նման մարդիկ կանգնած են Փաշինյանի հետեւում։ Իհարկե, նա կանցներ: Միակ բանը, որ մնում է՝ թափանցիկ ընտրություններն են, իսկ ես աշխարհում ոչ մի տեղ չեմ հավատում ժողովրդավարական ընտրություններին: 

- Հայաստանը հայտնվեց ժամանակակից քաղաքակրթության ծայրամասում՝ առանց ինքնաբավ տնտեսության՝ ընկղմված աղքատության եւ հուսահատության մեջ: 

- Քաղաքացիական առճակատում չկա ու չի լինի: Փաշինյանը չի պառակտում, բայց համախմբում է հասարակությանը: Քանի որ դա երկրին խոստանում է Ադրբեջանի հետ երկար սպասված խաղաղությունն ու տնտեսական բարեփոխումները: 

- Ամեն դեպքում, Փաշինյանը նախօրեին ընդմիշտ վերջակետ դրեց անցյալ դարաշրջանի ուրվական մոմե կերպարներին: Այսպես թե այնպես, դատելով հայ ժողովրդի ընտրությունից, ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը մնաց Քոչարյանի եւ Սարգսյանի խղճի վրա: Նրանք պատասխանատու են պարտված բանակի թշվառ տեսքի եւ ժամանակակից Հայաստանի փիլիսոփայության աղքատության համար: Եվ այս հարցում Փաշինյանը միաբերան խոսում է Ալիեւի հետ: Պատերազմի ավարտից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը մեղադրեց Քոչարյանին եւ Սարգսյանին՝ օկուպացիայի եւ մարդկության անչափելի տառապանքների մեջ:
Մեջբերումներն արված են Գուգլ համակարգի թարգմանությամբ: