Ասում է՝ ես Ստալինն եմ…

Ասում է՝ ես Ստալինն եմ…

Փաշինյանը վատ նյութ է ընտրել մանդատի համար: Պողպատը ծանր է: Պողպատե մանդատ կրելու համար, լինի դա կրծքին, թե հետույքին, մարդ առնվազն մի քանի հատկություն պետք է ունենա, իսկ Փաշինյանը չունի դրանցից եւ ոչ մեկը:

Չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց ասում են՝ Ստալինը պողպատե ատամնաշար էր կրում: Պրոթեզը գեղեցիկ էր, բայց սարսափելի ծանր: Առաջին օրերին Ստալինի կզակը նույնիսկ ցած էր կախվում, եւ նա ակնհայտ ջանք էր գործադրում ատամները սեղմած պահելու համար: Մի օր էլ ատամնատեխնիկն այցելում է նրան, որպեսզի իմանա՝ ինչպե՞ս է զգում իրեն ժողովուրդների հայրը պողպատե ատամնաշարով: Ստալինը գովաբանում է նրա աշխատանքը: Ոգեւորված ատամնատեխնիկը գրպանից մի տուփ է հանում եւ մեկնում Ստալինին.

- Սա փորձեք, ընկեր Ստալին, հատուկ նյութից է, թեթեւ եւ ավելի պրակտիկ:
Ստալինը մռայլվում է, բայց չի մերժում բժշկի առաջարկը: Փորձում է եւ դարձյալ հավանում աշխատանքը.
- Կարծես իմ իսկական ատամները լինեն:
- Ուրախ եմ, որ հավանեցիք, ընկեր Ստալին,- ասում է ատամնատեխնիկն ու հրաժեշտ տալիս առաջնորդին:

Պատմում են, որ դա այդ ատամնատեխնիկի կենդանության օրոք վերջին հիշատակությունն է: Մահացել է ինչ-որ ճամբարում: Քաղաքական ենթատեքստ էին գտել Ստալինին արած նրա առաջարկի մեջ՝ պողպատը (ստալը) փոխարինել ինչ-որ պլաստմասսայո՞վ:
Իսկ հիմա, ինչպես ասում են, գանք մեր բաներին: Նրանց պողպատե մանդատ է պետք, հասկանում ես: Իսկ նրանք կարո՞ղ են այն կրել, ինչպես Ստալինն էր իր պողպատե ատամները կրում: Եվ ապա՝ Ստալինի ամեն ինչն էր պողպատե՝ կամքը, որոշումը, կարծիքը, ինքնասիրությունը… Շատ ներողություն, իսկ մերոնց վրա որեւէ պողպատե բան կա՞, որից կարողանան կախել այդքան ցանկալի պողպատե մանդատը. ո՛չ կամք ունեն, ո՛չ կարողանում են որոշում կայացնել, ո՛չ կարծիք ունեն, ո՛չ էլ՝ ինքնասիրություն: Կարող եմ շարունակել՝ վախկոտ են, պարտված են, դավաճան են, ժողովուրդը չի սիրում նրանց: Նրանց շատ թե քիչ ամուր տեղը երեսն է, այն էլ ոչ թե պողպատից է, այլ խոզի կաշվից՝ պադոշից:Կարող եք հակադրվել ինձ՝ պողպատե մանդատ որ ասում են, փոխաբերական իմաստով են ասում…

Այո, դրա մեջ փոխաբերական իմաստ էլ կա, գուցե, բայց եկեք ընդունենք, որ ամենավտանգավոր բանը դեգեներացված քաղաքական միտքն է: Նման մտքեր ամենաշատը ծագում են ոչ ադեկվատ մարդկանց գլուխներում եւ զվարճացնում հանրությանը: Օրերս անցնում էի մի գժանոցի մոտով, տեսնեմ՝ պացիենտներին շարք են կանգնեցրել, որ զբոսանքի տանեն: Դայակը ներկա-բացակա էր անում. «Նապոլեոն… ներկա, Վարդան Մամիկոնյան… ներկա, Այբոլիտ… ներկա, Դավիթ Շինարար… Դավի՛թ Շինարար… ներկա»: Դավիթ Շինարարը մի միջահասակ պացիենտ էր, ձեռքին՝ ձայն հանող մուրճիկ, որով երեխաները խփում են միմյանց ու զվարճանում: Փոխաբերական իմաստը, ըստ էության, մուրճի մեջ չէր, այլ պացիենտի անվան մեջ: Նրան հաջողվել էր գործիքն ասոցացնել ժամանակի հայտնի թագավորի անվան հետ, ինչը կարող էր եւ խելացի որոշում համարվել, եթե դա լիներ այլ հաստատությունում:

Իսկ հիմա հարց՝ որտե՞ղ է փոխաբերական իմաստը, երբ Նիկոլ Փաշինյանն է մուրճով հայտնվում եւ, գործիքն անվարժ թափահարելով, հայտարարում, որ դրանով այս է անելու կամ այն: Նկատի ունեցեք, խնդրեմ, որ խոսքը ոչ թե մեզ արդեն ծանոթ Դավիթ Շինարարի, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ այս պահին արդեն ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մասին է: Անձամբ ես դժվարանում եմ Փաշինյանի պարագայում որեւէ փոխաբերական բան գտնել: Փոխաբերական իմաստով որեւէ բան գտնել չեմ կարողանում նաեւ պողպատե մանդատով այս ու այն անելու նրա հոխորտանքի մեջ: Փաշինյանը, կարծես, ցանկանում է որեւէ քաղաքական միտք դնել այդ ամենի մեջ, բայց դա նրան ակնհայտորեն չի հաջողվում: Մինչդեռ ամեն ինչ միանգամայն այլ կլիներ, եթե Փաշինյանն իրեն նախ հայտարարեր Ստալին, այսինքն՝ պողպատն ասոցացներ Ստալինի անվան հետ, ինչպես արել էին վերը հիշատակված հաստատության պացիենտները:

Եվ վերջում, որպեսզի մռայլ տպավորությունը ցրվի, մի շատ ծիծաղելի համեմատություն անեմ: Քաջ Նազարը վագր էր քշում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ՍՈւ-35: Տարբերությունն այն է, որ վագրը շարժվում էր, իսկ ՍՈւ-35-ը կանգնած էր: Բանալի բառն այստեղ «քշելն» է: Հիշո՞ւմ եք ինչպես ավարտվեց Քաջ Նազարի՝ վագր քշելու պատմությունը՝ հենց ուշքի եկավ, բերին, մեծ-մեծ պատիվներ տվին… Մինչդեռ Նիկոլին՝ ոչ մի բան, դեռ մի բան էլ քննադատեցին, որ անպետք ինքնաթիռ է գնել, որը չի շարժվում: Եվ սա Նիկոլ Փաշինյանի՝ որեւէ բան քշելու միակ փորձը չէ: Մեր պետությունը, որ այսպես կանգնած է տեղում եւ հետ-հետ է գնում, էլի Նիկոլի քշածն է: Հիմա էլ ուզում է Ստալին խաղալ, պողպատե մանդատ քշել: Թող փորձի, ի՞նչ ասեմ: