Ռուսաստանի պատասխանատվությունը

Ռուսաստանի պատասխանատվությունը

Երեւան այցին ընդառաջ ՌԴ արտգործնախարար Լավրովը հարցազրույց է տվել «Մեդիամաքսին» եւ ասել, որ ամենադժվարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Ընդ որում, նա արել է մի բավական մշուշոտ ձեւակերպում, թե այն պետք է որոշվի բանակցություններով՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ: Ադրբեջանցի վերլուծաբան Շահինօղլուն դրանից տպավորություն է փոխանցել, որ Լավրովի մոտեցումը պրոհայկական է, բայց դա, երեւում է, սեթեւեթանք է: Իրականում Ադրբեջանին լիովին պետք է բավարարի այն, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը Մոսկվան տեսնում է ապագա բանակցությունների առարկա: Այսինքն, Լավրովը փաստացի ասել է, որ ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումը ենթակա է Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնեցման: Այս մոտեցումն սկզբունքորեն հակասում է 2009թ. իտալական Աքվիլայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդների տարածած հայտարարությանը, որտեղ առաջին անգամ գաղտնազերծվել են ԼՂ կարգավորման ,,մադրիդյան սկզբունքներն,, ու դրանց կից տարրերը: Այդ փաստաթղթում ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվեն փոխկապակցված չէ կողմերի միջեւ հետագայում անցկացվելիք բանակցությունների հետ:

Հանրաքվեի անցկացումը կողմերի միջեւ համաձայնեցնելու մասին ասվածը բացառապես Ռուսաստանի՞ մոտեցումն է, թե՞ համանախագահ մյուս երկրներն էլ այդ տեսակետին են եկել՝ դժվար է ասել, բայց որ Լավրովի հայտարարությունը մտահոգիչ է, դրանում կասկածել պետք չէ: Հայտնի է, որ Ադրբեջանը պնդում է ԼՂ կարգավիճակի հարցով համապետական հանրաքվեի անցկացումը: Եւ եթե հարցը թողնվի, ինչպես հասկացվում է Լավրովի ասածից, հետագա բանակցություններին, ապա հանրաքվեի անցկացումը կդառնա գրեթե անհնար: Այսօրվա իշխող տրամադրությունների տեսանկյունից մեր մտահոգությունը կարող է անտեղի թվալ: Բայց քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում, հայտարարագրված մոտեցումը պետք է ամրապնդվի համապատասխան քայլերով, եթե մենք գալիս ենք կոնսենսուսի, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Միանգամայն արդարացի է քաղաքագիտական ընկալումը, որ այդ հայեցակարգն առաջին հերթին հակասում է խնդրի վերաբերյալ Ռուսաստանի պատկերացումներին, որովհետեւ «Արցախը Հայաստան չէ» լուծումը  պարտադրվել է Ռուսաստանի կոմունիստական (բոլշեւիկների) կուսակցության Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշմամբ:

Այսօրվա Ռուսաստանն ինչպե՞ս է գնահատում այդ ակտը՝ ահա խնդիրը: Բայց Ռուսաստանն ինքը նման հարց չի տեսնում, ուստի, կարծես, հրամայական է դառնում, որ այն բարձրացվի հայ-ռուսական քննարկումների մակարդակում: Դա մոտավորապես այն է, ինչ մերձբալթյան հանրապետությունները նախաձեռնեցին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի ապօրինությունը պարզելու ուղղությամբ եւ հասան հաջողություն՝ ԽՍՀՄ ժողպատգամավորների համագումարն այդ գաղտնի համաձայնությունը ճանաչեց միջազգային իրավունքին հակասող, որով եւ հարթվեց անկախության ճանապարհն Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի համար: Հասնել նրան, որ Ռուսաստանի սահմանադրական դատարանն իրավականորեն առ ոչինչ ճանաչի ԼՂ կարգավիճակը կանխորոշած՝ ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի վերոհիշյալ որոշումը, կնշանակի լեգիտիմացնել «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայեցակարգը կամ առնվազն ԼՂ կարգավիճակով հանրաքվեի անցկացմանը տալ իմպերատիվ, կողմերի միջեւ հետագա բանակցություններով չպայմանավորված բնույթ: Այս հարցը պետք է բարձրացվեր ժամանակին, դեռեւս ԽՍՀՄ օրոք: Բայց, ինչպես ասվում է՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Ռուսաստանը բացառիկ պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի խնդրի արդարացի կարգավորման համար: Մոսկվան պետք է քաղաքական կամք ցուցաբերի եւ ընդունի, որ հարյուր տարի առաջ չի կատարել 1920թ. օգոստոսի 10-ի զինադադարի համաձայնագրով ստանձնած՝ Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի եւ Նախիջեւանի, որպես Հայաստանից ժամանակավորապես օկուպացված տարածքների վերջնական կարգավիճակը բացառապես հայ-ռուսական բանակցություններով կարգավորելու պարտավորությունը: Դա նաեւ ադրբեջանցիների ներկայիս սերունդներին հնարավորություն կտա առերեսվել պատմական իրողություններին եւ ձերբազատվել մեծապետական կարծրատիպերից: Նման գործընթաց պետք է նախաձեռնի Հայաստանը: Ռուսաստանն, իհարկե, կդիմադրի:

Հեշտ չէ ընդունել, որ հարյուր տարի առաջ պատմականորեն, քաղաքակրթորեն եւ, հատկապես, իրավականորեն Հայաստանին պատկանող տարածքները քաղաքական նկատառումներով օտարվել են նրանից: Բայց եթե առաջնահերթություն է հայ-ադրբեջանական հաշտեցումը, ապա քայլ պետք է արվի: Երեւանում Լավրովին պետք է ասվի, ընդ որում՝ միանշանակորեն, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը չի կարող պայմանավորված լինել ռուս-ադրբեջանական համագործակցությամբ կամ առհասարակ տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի սպասարկման նպատակահարմարությամբ: Դաշնակցային հարաբերությունները լիարժեք եւ արդյունավետ են, երբ կառուցվում են փոխադարձ շահերի վրա: Հայաստանը չի կարող զիջել Արցախը: