Նիկոլը՝ Պուտինի ագե՞նտ

Նիկոլը՝ Պուտինի ագե՞նտ

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դուրս բերումը հենց այս օրերին առողջ դատողության մեջ չի տեղավորվում: Տրամաբանական կլիներ, եթե այն դուրս բերվեր նախորդ տարվա աշնանը: Եվ ուղարկվեր ռուս-ուկրաինական պատերազմի թատերաբեմ: Չէ որ շուրջ երկու հազարանոց զորախմբի մնալն այնտեղ որևէ հարց չէր լուծում: Ընդամենը ռուսական պաշտպանական գերատեսչության ծախսերն էր ավելացնում՝ այն էլ ավելի քան կես տարի: Իսկ եթե, այնուամենայնիվ, մնացել էր այնտեղ՝ ինչո՞ւ չի մնում մինչև 2025 թվականի վերջը`ինչպես և նախատեսվել էր եռակողմ հայտարարությամբ: Ի դեպ, Ռուսաստանի պատմության մեջ գրվեց, որ «խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը խաղաղություն և կայունություն բերեց երբեմնի հակամարտող տարածաշրջանին, իսկ ընթացող գործողությունը հասավ իր նպատակներին և հասավ իր տրամաբանական ավարտին»: Իսկ հայոց պատմության դասագրքերում հետագայում կգրվի, որ այն անփառունակ վախճան ունեցավ՝ չկատարելով խաղաղապահ իր առաքելությունը: Իհարկե, միաժամանակ կգրվի, որ դա տեղի ունեցավ այդ ժամանակաշրջանի Հայաստանի գործող իշխանության պատճառով: Բայց դա արդեն բուն այդ հարցի առումով էական չի լինի:

Չնայած զորախմբի դուրս բերումն անմիջական ազդեցություն չի գործում և դժվար թե երբևէ գործի հայաստանյան իրավիճակի վրա, բայց այն գեներացրեց հակառուսականության նոր ալիք: Ինչը, կարծում եմ, բնական երևույթ է աննորմալ մեր երկրում: Հատկապես եթե այն մնար զուտ այդ շրջանակում և չշոշափեր, ասենք, Նիկոլ-Պուտին-Արևմուտք փոխհարաբերությունների թեման: Կրկին անգամ չշրջանառվեր Նիկոլի անունը որպես «Պուտինի ագենտ»: Որին վերջինս իբրև թե Արևմուտք է ուղարկում քաղաքական «խաղեր» տալու նպատակով: Սակայն խնդիրն այն է, որ ինչ-որ մեկին որևէ հնչեղ անուն կպցնելու դեպքում անհրաժեշտ է ունենալ դրա հիմնավորումը: Ընդհանրապես, «ագենտ» հասկացությունը ենթադրում է գաղտնի տվյալների ձեռքբերում և հաղորդում իրեն վարձողին: Իսկ եթե այդ «ագենտը» նաև պետության ղեկավար է, ապա այդ դեպքում ենթադրվում է, որ «խաղեր» տալու տակ հասկացվում է խառնակչության գեներացում թշնամի կամ մրցակից պետության (պետությունների) շրջանում:

Անկեղծ ասած չգիտեմ, թե ինչ դրսևորում ունեն այդ «խաղերը», բայց, նախ, «Պուտինի ագենտը» չէր խաղա Ռուսաստանի հիմնադրած կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի հեղինակության հետ: Որովհետև դրա վնասը շատ ավելի մեծ է, քան Արևմուտքի հետ «խաղեր» տալուց սպասվելիք օգուտը: Ասեմ նույնիսկ ավելին. չեմ կարծում, թե դրանից ՌԴ նախագահն ի վիճակի է որևէ օգուտ քաղել: Հատկապես հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական իրադրությունը: Հաշվի առնելով նաև Հայաստանի ու դրա ղեկավարի քաշային կարգը: Էս էն դեպքն է, երբ առաջ է քաշվում որևէ սխալ վարկած ու փորձ է կատարվում գտնել դրա հիմնավորումը, և ստացվում է սխալների «երկուսը մեկում» երևույթը: Ի վերջո, եթե Նիկոլը լիներ այն, ինչ իրեն վերագրվում է, ապա, նախ, չէր փորձի համագործակցել Արևմուտքի հետ Հարավային Կովկասից ռուսներին հեռացնելու հարցում: Իսկ ՌԴ նախագահն էլ Նիկոլին չէր սարքի թուրք-ադրբեջանական զույգի ձեռքի խաղալիքը: Չեմ կարծում, թե որևէ երկիր, նախ, նման «ագենտ» պահեր, և երկրորդ, նրա նկատմամբ նման վերաբերմունք դրսևորեր: Իսկ եթե նման բան պատահեր, ապա այդ երկրի ղեկավարը պետք է լիներ ոչ ադեկվատ մեկը, ինչպես, օրինակ, ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձը: Իսկ Պուտինին շատ հարցերում կարելի է մեղադրել, սակայն հաստատ ոչ անադեկվատ լինելու մեջ: 

Պուտինատյաց հականիկոլականների շրջանում երկրորդ տարածված երևույթն այսօրվա իրավիճակը 100 տարի առաջվա իրադարձություններով հիմնավորելու փորձերն են: Սակայն խնդիրն այն է, որ անցյալից կարելի է դասեր քաղել, և ոչ թե փորձել այսօրվա տեղի ունեցածը հիմնավորել անցյալով: Որովհետև 100 տարի առաջ բոլշևիկները տարածքներ էին հանձնում հանուն իշխանության պահպանման, ինչն, իրենց կարծիքով, համաշխարհային պրոլետարական հեղափոխության հաղթանակի գրավականն էր: Հանուն վերը նշված գաղափարի իրենք բարեկամանում էին, օրինակ, իրենց թշնամինների թշնամինների՝ տվյալ դեպքում Թուրքիայի հետ: Ընդ որում, բուն ռուսական տարածքների կորուստը համեմատելի չէր, ասենք, հայկական տարածքների կորստի հետ: Որ ժամանակին հենց իրենք էին գրավել պարսիկներից ու թուրքերից և բնակեցրել հայերով: Չմոռանանք նաև, որ 1920 թ.-ի դեկտեմբերի Ալեքսանդրոպոլի կապիտուլյացիոն պայմանագրից հետո վերադարձրեցին դրանով մեզ հասնելիքի եռակին: «Նորածին» Հայաստանի Հանրապետությունն էր, որ չկարողացավ կողմնորոշվել միջազգային խառն իրավիճակում և սխալ խաղադրույք կատարեց: Որի արդյունքում, ի դեպ, ավելի քան 60 հազար քառ/կմ-անոց տարածքից մնալու էր ընդամենը տաս հազարը: Ու այն էլ Թուրքիայի ռազմաքաղաքական ենթակայության ներքո: 

Իսկ այսօր, ինչպես տեսնում ենք, Պուտինը ոչ թե ռուսական տարածքներև է հանձնում, այլ վերադարձնում է իր նախաորդների ապաշնորհության պատճառով Ռուսաստանի կորցրած տարածքները: Ինչը նշանակում է, որ ոչ թե պետք է թշնամանալ կրկին հզորացող քո նախկին դաշնակցի հետ, այլ լեզու գտնել նրա հետ՝ ինչպես դա անում է Բելառուսի նախագահը: Եվ ոչ թե «լեգիտիմություն» ու «անկախություն» հասկացությունները շահարկելով՝ հույս դնել թղթի կտորի վրա: Որն ամրապնդված է լինելու ոչ թե սեփական բանակի ուժով, այլ արևմտյան երկրների կիսատ-պռատ հավաստիացումներով: Հավաստիացումներով, որ իրենք կօգնեն, կօժանդակեն, կնպաստեն (և այլն, և այլն) Հայաստանի մեր երկրի զարգացմանը: Իսկ իրականում մեզ դեմ առ դեմ թողնելով հարյուրամյա թշնամու առջև, ով ցանկանում է մեզ վերացնել մեր հայրենիքից: Եվ ոչ թե երկրի տարածքները հանձնելթշնամուն ու դա անվանել խաղաղության հաստատում: