ՔՊ խոսնակ՝ անձնական դրդապատճառներով

ՔՊ խոսնակ՝ անձնական դրդապատճառներով

ՔՊ-ի պատեհ-անպատեհ խոսնակները դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու՝ ՀՀԿ-ի խոսնակներին հասնելու համար: Ես դա հասկացա Ալեն Սիմոնյանի դեբյուտից: Նա, ըստ էության, «Շարմազանով» էր խաղում ՔՊ նիստից հետո եւ խաղում էր շատ վատ: Նիկոլի մոտ, օրինակ, ամեն ինչ ավելի բնական ստացվեց: Ռուսները կասեին՝ Вылитый Серж… Շենքից դուրս եկավ՝ հայացքն անորոշ մի կետի հառած, քայլեց լրագրողների միջով, հարցերը չլսելու տվեց, նստեց մեքենան ու գնաց: Դրանից հետո դաշտը մնաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին, որ այդ երեկո պետք է կատարեր Էդուարդ Շարմազանովի դերը՝ «իշխող կուսակցության հետժողովյա բրիֆինգ» օպերայից:

Պարոն Սիմոնյան, Վահրամ Փափազյանն ասում էր՝ ամեն սեւ բան դեռ Օթելլո չէ, մանչս… Երկրորդելով համաշխարհային բեմի մեծ վարպետին՝ պիտի ասեմ՝ ամեն խոսող բան Շարմազանով չէ: Խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ: Ամեն խոսող բան կարող է ԱԺ փոխխոսնակ աշխատել, նույնիսկ՝ խոսնակ, բայց կուսակցության խոսնակ լինելու համար միայն խոսել իմանալը քիչ է: Կարծում եմ՝ առաջիկա պատեհ առիթով Նիկոլ Փաշինյանի կամ Սուրեն Պապիկյանի մոտ պետք է բարձրացնել այս հարցը, այլապես առաջիկայում լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում, իսկ ՔՊ-ն՝ մի նորմալ խոսնակն ինչ է՝ չունի:

Այժմ՝ բուն խնդրի մասին: Հոկտեմբերի 8-ին ընդդիմադիր երեք ուժ՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ «Հայրենիք» կուսակցությունը, հրավիրել են հանրահավաք՝ «Հայաստանին անհրաժեշտ է նոր որակի իշխանություն» կարգախոսով, եւ, որքանով հայտնի է, ընդդիմադիր ուժերը դնելու են արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ: Շատ խելք պետք չէ հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում, իսկ եթե ցանկությունը մեծ է ասվածն ավելի առարկայական պատկերացնելու, ապա կարելի է դա անել Փաշինյանի դեմքին նայելով, որը, թույլ տվեք ասել, սարսափելի անհանգստություն է ճառագում: Ինչո՞ւ է իշխանությունն այդքան վախեցած ու անհանգիստ առաջիկա հանրահավաքից: Այս հարցին Ալեն Սիմոնյանը մի պատասխան է տվել, որը, իմ կարծիքով, չի բացահայտում Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի, «Իմ քայլի» եւ նույնիսկ իր անհանգստության պատճառը: Ըստ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ իշխանության միակ մտահոգությունը կորոնավիրուսն է, որ այդ հանրահավաքի պատճառով կարող է հարձակման անցնել: Ո՞ւմ են ուղղված Ալեն Սիմոնյանի խոսքերը, մի՞թե ՀՀ քաղաքացիներից բացի, Հայաստանում կան նաեւ այլ բանական արարածներ, որոնք կարող են հալած յուղի տեղ ընդունել այդ հայտարարությունը:

Կորոնավիրուսային հաթաթան, պարոն Սիմոնյան, վաղուց արդեն խփված խաղաթուղթ է, եւ բոլորը գիտեն, որ դուք այն ծառայեցնում եք բողոքի ակցիաները ցրելու, անցանկալի հավաքներն արգելելու, ընդդիմադիրներին բերման ենթարկելու, մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար: Հետեւաբար ձեր ակնարկը, պարոն Սիմոնյան, այս առումով բավականին թափանցիկ է, որպեսզի մարդիկ չհասկանան, թե ինչ մեթոդներով եք փորձելու խանգարել հոկտեմբերի 8-ի հանրահավաքը:
Ընդդիմադիր ուժերին պիտակավորելը գործող իշխանությունների ամենօրյա զբաղմունքն է դարձել: ՔՊ-ի նիստից դուրս եկած Ալեն Սիմոնյանն այդ անշնորհակալ գործի առաջամարտիկներից է եւ առիթը բաց չթողեց մի քանի խոհափիլիսոփայական պիտակ կպցնելու հանրահավաք հրավիրած ուժերին՝ զուգահեռաբար նշելով, թե նրանք հանրահավաք են հրավիրել անձնական դրդապատճառներով: Զտարյուն իմքայլական պետք է լինել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում «անձնական դրդապատճառներով երեք կուսակցության հանրահավաք» հասկացությունը, բայց մենք, այնուամենայնիվ, կփորձենք դրանից շատ թե քիչ տանելի քաղաքագիտական միտք ստանալ:

Փաստորեն, Հայաստանում անձնական դրդապատճառներով են քաղաքական բլոկներ ձեւավորվում եւ հանրահավաքներ անցկացվում: Երանի դա այդքան հեշտ լիներ… Իսկ գիտե՞ք, թե «անձնական դրդապատճառներ ունեցող» որքան ուժեր կան Հայաստանում, որոնք տանել չեն կարողանում գործող իշխանություններին: Եվ, ուրեմն, ինչո՞ւ նրանք հընթացս չեն միանում եռյակին: Պարոն Սիմոնյան, հընգեր ջան, առաջարկում եմ շատ չխորանալ քաղաքական ուժերի «անձնական կյանքում», որովհետեւ հաստատ չեք կարողանալու ապացուցել, որ դուք անանձնական դրդապատճառներով եք կառչել իշխանությունից: Ինչ էլ ասեք, միեւնույն է, մարդիկ միայն ձեր ճոխ կյանքն ու պարգեւավճարներն են կոխելու աչքներդ: Փակելով այս թեման՝ մի հարց տամ պարոն Սիմոնյանին՝ եթե այդ աստիճան վարժ եք մարդկանց անձնական դրդապատճառները հասկանալու հարցում, բացատրեք չհասկացողիս՝ անձնական ի՞նչ խնդիր են լուծում մեր ուսանողները, դասախոսները, մանկավարժները, գիտնականները, որոնք արդեն մեկ տարի է՝ պահանջում են չեղարկել ձեր ԿԳՄՍ անանձնական նախարարի բանջարաբոստանային չափորոշիչները… Ու մեկ էլ՝ հրաժարականների այս ի՞նչ շքերթ է ԿԳՄՍ-ում՝ մարդիկ անձնական դրդապատճառներո՞վ են հրաժարվում բարձր պաշտոններից:

Մի երկու խոսք էլ ՍԴ-ի մասին ասեմ, որտեղ, հենց ՔՊ նիստի օրը, տրագիկոմեդիա էր բեմադրվում: ՍԴ դատավորներով հավաքվել ու անձնական դրդապատճառներով չէին կարողանում որոշել, թե իրենցից ով է լինելու «զոն նայողը», պարդոն, ՍԴ նախագահը: Մի՞թե չէին կարող զսպել իրենց, չէ՞ որ իրենց ՍԴ էր ուղարկել «Իմ քայլը», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, որի գրպանում էլ պետք է աշխատեն առաջիկա ժամանակահատվածում: Երբ գրում էի այս տողերը, մենք տակավին ՍԴ նախագահ չունեինք, բայց որպես այդ պաշտոնի առանցքային թեկնածու՝ շրջանառվում էր Խունդկարյան ազգանունը: Հարց չունեմ, թող բարով ընտրվի, բայց, արդյոք, նա կկարողանա՞ այնպես անել, որ հետագայում բարձր դատարանում հայտնվող գործերն այս նույն ծաղրուծանակով չքննվեն ու քաղաքական նպատակահարմարություններով որոշումներ չկայացվեն: Ինչո՞ւ հիշեցի ՍԴ-ն: Բանն այն է, որ ՍԴ-ի մասին հարց էին տվել նաեւ Ալեն Սիմոնյանին, իսկ նա ամեն ինչ արեց, որ չպատասխանի, դիցուք՝ Խունդկարյանին վերաբերող հարցին:

Փոխարենը ՔՊ խոսնակը «ծանրացավ» Հրայր Թովմասյանի կերպարի վրա՝ մոռանալով, որ ՍԴ-ն եւ առհասարակ բոլոր դատարաններն անկախ են քաղաքական իշխանությունից, եւ գեղեցիկ չէ, երբ քաղաքական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչը, զուգահեռաբար նաեւ ՔՊ-ի խոսնակը, ոչ առանց անձնական դրդապատճառների, առանձնացնում է ՍԴ մեկ դատավորի եւ հայտարարում, որ նա պետք է հրաժարական տար…