Հավատալը քաղաքական կատեգորիա չէ, գոյություն ունի տրամաբանություն

Հավատալը քաղաքական կատեգորիա չէ, գոյություն ունի տրամաբանություն

Երեկ ադրբեջանական, կարելի է ասել՝ պաշտոնական Haqqin аz-ը տեղեկացրել էր, որ դեռեւս 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Նիկոլ Փաշինյանի արտաքին հարցերով խորհրդականի պաշտոնն արդեն լքած Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին՝ Նիկոլ  Փաշինյանի անունից առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ՝ չեզոքացնելով ռուսական կողմին։ Եվրոպական մայրաքաղաքներից մեկում տեղի ունեցած  հայ եւ ադրբեջանցի էմիսարների (վերջինիս անունը խոստացել են հրապարակել) հանդիպման ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Խառատյանը հայտարարել է, որ Երեւանը պատրաստ է որակապես նոր ձեւաչափում բանակցություններ տանել, եւ որ դրա հիմքում դրված կլինի փուլային տարբերակը՝ «կարգավիճակ՝ տարածքների դիմաց» մոդելով։ Խոսքը եղել է 3 տարածքների մասին։ Ըստ ադրբեջանական մամուլի մանրամասների՝ Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին չեզոքացնելու համար Երեւանից ժամանակ է խնդրվել, իսկ երկրորդ հանդիպման ընթացքում խոսվել է անգամ Յուրի Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսելու եւ շատ այլ բաների մասին։ Ահա, ըստ ադրբեջանցիների՝ սեփական հասարակության թիկունքում այսպիսի արկածախնդրություն ու դավաճանական ծրագիր է մշակվել՝ խիստ ճշմարտանման, մանրամասն, ժամանակագրական ու տրամաբանական համընկնումներով, չնայած նախ Արսեն Խառատյանի, ապա Նիկոլ Փաշինյանի հերքմանը։

Երկար տարիներ աշխատած լրագրողները հիշում են այն ժամանակները, երբ օրվա իշխանությունները մեղադրում էին մեզ՝ ադրբեջանական կայքերից որեւէ մեջբերում, հղում անելու, առավել եւս դրանք մեկնաբանելու որեւէ փորձի համար։ Եվ այս պահին հենց իրենք են մեկնաբանում ու փորձում հերքել, բայց հերքելով՝ հաստատում այս հրապարակումը։ 
Հանրապետական մեր զրուցակիցը, ի պատասխան մեր հիշեցումներին, որ իրենք էլ նման դեպքերում խորհուրդ էին տալիս անտեսել մեզ հետ հիբրիդային պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանի նման բացահայտումները, ասաց՝ չե՞ք ուզում Haqqin.az-ին, Ալիեւին հավատանք, ուրեմն հերքեք։ Հիշեցնենք, որ վերջին շրջանում արդեն ավանդույթ է դարձել, որ Ադրբեջանի նախագահի՝ մեկը մյուսից ցնցող բացահայտումներին Երեւանը պատասխանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի կողմից տեղադրվող՝ ոչինչ չասող տեքստերով։

Հարցն ուղղեցինք նաեւ քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, որն ասաց․ «Հավատալը քաղաքական կատեգորիա չէ, պետք է հենվել բանականության ու վերլուծելու ունակության վրա: Այն, ինչը գրել է ադրբեջանական մամուլը, նորություն չէ, դա հաստատել է Լավրովը՝ իր հրապարակային ելույթի ժամանակ, դա հաստատում են Նիկոլ Փաշինյանի ժամանակագրական պահվածքն ու խոսքերը, որոնք տեղավորվում են այդ նյութի սցենարի մեջ: Կարծում եմ՝ հիմնականում ճիշտ է գրված, ավելին՝ նյութում խոստանում են նաեւ ապացույցներ բերել, եթե դրա կարիքը լինի: Թող Փաշինյանը հերքի, հետո կտեսնենք նրանց «ապացույցները» ու կարծիք կհայտնենք: Եթե անկեղծ՝ գոնե ես լսել եմ այդ բանակցությունների մասին դեռեւս 2018 թվականի երկրորդ կեսին, անգամ՝ ավելի մանրամասն, քան այդ նյութում գրված է, եւ մասնակիցների ու տեղյակ եւ դրանից տեղյակ եղողների շրջանակն ավելի լայն է, քան այդ նյութում գրված է: Բնականաբար, նյութում կան շեշտադրումներ, որոնք ռուսական կողմի համար են` Հայաստանի ղեկավարությանը նրանց աչքերում ավելի վարկաբեկելու համար, հնարավոր է, որ հատուկ ուռճացրել են: Դա հասկանալի է, քաղաքականություն է»։

Հարցին էլ, թե ինչ նպատակներ կարող էին հետապնդել երկկողմ բանակցությունները, քաղաքագետը պատասխանեց․ «Նպատակների մասին ես չէ, որ պետք է խոսեմ: Այստեղ կարելի է տարբեր ենթադրություններ անել, նաեւ Փաշինյանի ֆորմալ ու ոչ ֆորմալ շրջապատում կան տարբեր մարդիկ, որոնք տարբեր նպատակներ են լոբբինգ անում, նաեւ Փաշինյանն էլ հարափոփոխ ու անսկզբունքային անձնավորություն է, նրա մոտ էլ են տեսակետների ու տրամադրության փոփոխություններ լինում»։ Ստեփան Դանիելյանի գնահատմամբ՝ նման տեղեկատվություն հրապարակելու պատճառն այն  է, որ, ըստ ադրբեջանական կողմի, Փաշինյանն իրենց «քցել»  է, եւ այլեւս չեն կարողանում բանակցություններ վարել մի մարդու հետ, որի խոսքն արժեք չունի: «Դա ոչ միայն ադրբեջանցիներին է վերաբերում, նաեւ՝ ռուսներին, եվրոպացիներին, ամերիկացիներին: Միջազգային հարաբերություններում «քցելու» համար պատժում են կամ  էլ լավագույն դեպքում այլեւս չեն հարաբերվում: Սա է վիճակը: Կարծում եմ, որ Փաշինյանն արտաքին պարտնյորների, բարեկամների ու անգամ թշնամիների համար այլեւս անընդունելի անձ է»,- ասում է Ստեփան Դանիելյանը։

Խոսեցինք նաեւ ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ՝ հարցնելով, թե ադրբեջանական մամուլին հավատո՞ւմ է։ Նա ընդգծեց, որ չունի կոնկրետ տեղեկատվություն, եւ կրկնեց Դանիելյանին․ «Ադրբեջանական կողմի նեղացածությունն ակնհայտ է։ Նրանից, որ ընդառաջել է Փաշինյանին, որպեսզի նա ի մի բերի երկիրը, նախկինների հետ իր խնդիրները լուծի։ 2018-ի մայիսից մինչեւ 2020-ի մայիսը Փաշինյանն ու Ալիեւը, թերեւս, սերտ կոնտակտների մեջ էին, ճշգրտումների՝ նաեւ, միգուցե, խորհրդականների, այլ ո՛չ հրապարակային,  պաշտոնյաների մակարդակով։ Նորից եմ ասում՝ ես չգիտեմ այդ մասին, բայց սա բխում է տրամաբանությունից։ Իհարկե, հիմա այս պրոցեսը չկա, եւ սրա լավագույն ապացույցը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական կոնֆրոնտացիան էր»։

ՀԳ․ Նիկոլ Փաշինյանն Արցախի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ փորձեց հերքել՝ հայտարարելով, թե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով, բայց ավելացնելով մի նոր կոմպոնենտ։ Այսպես կոչված՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտումը։ «Ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»։ Ադրբեջանցի երբեմնի  «կիրթ» գործընկերոջից Նիկոլ Փաշինյան ակնկալում է, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի ժողովուրդների համար։ Արդյո՞ք  Փաշինյանն  արժանահավատորեն հերքեց Ալիեւին։ Հազիվ թե։