«Հրապարակ». Էն ժամանակ որ միանայիք՝ էշով տանեի իր ծննդավայր, կկտրեինք դավաճանական շղթան

«Հրապարակ». Էն ժամանակ որ միանայիք՝ էշով տանեի իր ծննդավայր, կկտրեինք դավաճանական շղթան

Իջեւանից էշով Երեւան հասած եւ ԱԺ-ի դիմաց էշին կապած աչաջուրցի Սեւադա Ղուկասյանը շնորհավորում է Փաշինյանին. «Մալադեց, քո սեւ գործն արեցիր»։ Սեւադան 2021թ․ խորհրդարանական ընտրություններից առաջ էր ասել՝ վտանգված է Հայաստանը, ավանակին առել-բերել էր Երեւան, որ Փաշինյանին վրան նստեցրած՝ հետ տանի Իջեւան։ Նրա նկատմամբ այն ժամանակ գործ հարուցեցին, մտան՝ տունը խուզարկեցին, բայց, փաստորեն, չի վախեցել եւ հիմա փորձում է վերականգնել մոռացված ավանդույթը․ «Էշի վրա միշտ դավաճաններին թարս նստեցրել են, կապել ու բաց թողել քաղաքով մեկ, որ բոլորը ճանաչեն»։ Նկատում է․ եթե այն ժամանակ կարողանար Փաշինյանին հետ տանել իր ծննդավայր, կկտրեր դավաճանական շղթան։

«Թշնամուն էլ մեծ հարված կհասցնեինք դրանով, Ալիեւը կհասկանար, որ Հայաստանում իր պաշտոնական ներկայացուցչին, ի վերջո, կարողացանք հայտնաբերել ու չեզոքացնել։ Ավաղ, չստացվեց, որովհետեւ ժողովուրդն այդ ժամանակ կողքիս չկանգնեց, բայց ես չեմ հրաժարվել իմ այդ մտքից ու վստահ եմ՝ կստացվի շուտով»,- ասում է Ղուկասյանը։

Նա զարմանում է՝ ինչպե՞ս կարողացան ժողովրդին նորից մանիպուլացնել ու շեղել գյուղերի հանձնումից, դա ներկայացնել որպես «տիրոջը վերադարձնելու» պրոցես։ Ասում է՝ Սոֆուլուն եւ Բարխուդարլուն հանձնելուց հետո դրանց հարակից Կայանավան, Ազատամուտ գյուղերը կդատարկվեն, Այգեհովիտ եւ Վազաշեն գյուղերը կկտրվեն մարզկենտրոնից․ «Մարզկենտրոնի հետ կապող միակ ճանապարհի մի զգալի մասն ընկնում է ադրբեջանական վերահսկողության տակ»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պահանջով իշխանությունները մտադիր են առաջին փուլով Տավուշի մարզի գյուղերի տարածքները՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի գյուղերը հանձնել թշնամուն, իսկ այս տարածքները ժամանակին անցել են հայկական վերահսկողության տակ բացառապես անվտանգային տեսանկյունից եւ մեզնից գրաված հողերի դիմաց։ Երկրորդ փուլով հանձնվող հողերն են՝ Տավուշում գտնվող Յուխարի Ասքիփարա, Սոֆուլու, Բարխուդարլու, ինչպես նաեւ Նախիջեւանին սահմանակից Տիգրանաշեն (Քյարքի) բնակավայրերը։ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ դրանք ադրբեջանական տարածքներ են, պետք է հանձնվեն Ադրբեջանին։

Տավուշի մարզի Աչաջուր գյուղը, որտեղ ապրում է Սեւադա Ղուկասյանը, Ոսկեպարից մի քանի կիլոմետր է հեռու: Սեւադան նեղված հարցնում է՝ ինչո՞ւ են բոլորը կենտրոնացել Ոսկեպարի վրա՝ մոռանալով մյուս գյուղերը։ «Ոսկեպարի շուրջ շատ աղմուկ բարձրացավ, բայց նաեւ մեր տարածքն են հանձնում։ Սոֆուլուն եւ Բարխուրդարլուն անմիջապես սահմանակից են Ազատամուտ համայնքին, իսկ Կայանավան բնակավայրն ընկնելու է թուրքական շրջափակման մեջ։ Շամշադին տանող հիմնական ճանապարհը, ինչպես նաեւ Իջեւանի որոշ համայնքների՝ Վազաշենի, Այգեհովիտի մի զգալի հատված ընկնում է թուրքերի վերահսկողության տակ»,- ասում է։ Սեւադայի կինն Ազատաշենից է՝ զոհված ազատամարտիկի դուստր, ասում է՝ հոր շիրմին ծաղիկ դնելու համար ստիպված կլինեն 2 ադրբեջանական անցակետ անցնել։

«Մայիսյան կոչվող հատված կա, ադրբեջանցիները մինչեւ այդտեղ հասնելու են։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ինչ առաքելությամբ որ եկել է, իր պլանները փուլ առ փուլ անելով գնում է։ Նրա հիմնական նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, հայ ազգին վերացնելը։ Փուլ առ փուլ հստակ անում է։  Փաշինյանին համացանցում փնովողներին ասելիք ունեմ՝ այդ մարդիկ բացի փնովելուց ուրիշ ոչինչ չեն անում։ Հալալ է քեզ, Փաշինյան, կեցցես, դու քո առաքելությունը շատ լավ իրականացնում ես, քո սեւ գործն անում ես»,- կես կատակ-կես լուրջ ասում է Ղուկասյանը։

Պատմում է, որ 2021-ի տավուշցիներից էլ բան չի մնացել, եթե նախկինում Սեւադային փնովում էին, նայում՝ ինչպես «թուրքը խոզի մսին», հիմա գլուխները կախ են անցնում։ «90 տոկոսը զզվում էր ինձնից, դանակ տայի՝ կմորթեին, կոկորդս կկտրեին, արյունս կխմեին, հիմա հակառակն է։ 90 տոկոսը հարգում է, թե` ճիշտ էիր անում, մի 10 տոկոսն է փնչացնում։ Գլոբալ առումով վատ չի` լավ է, ժողովրդի մեջ փոփոխություն կա, բայց ես ցավ եմ ապրում՝ մեր ժողովրդի գլխին էս ի՞նչ խաղ խաղացին։ Էն ժամանակ, որ ասում էինք՝ Շուռնուխը տալիս են, ոսկեպարցիների հեչ մեջը չէր, իրենց համար հավեսով ապրում էին. «Հա, դե մեզ ի՞նչ ա եղել, Շուռնուխը թող տան, կարեւորը՝ մեր Ոսկեպարը չեն տալիս»։ Հիմա որ գործը հասել է իրենց՝ ջանները ցավում ա։ Չգիտեմ ինչ ասեմ․․․»,- մտահոգվում է տավուշցին։