Ապահովագրական բժշկության հիմնադրամում ահռելի գումարներ են պտտվելու և դա տնօրինելու է իշխանությանը մոտ կանգնած մեկը

Ապահովագրական բժշկության հիմնադրամում ահռելի գումարներ են պտտվելու և դա տնօրինելու է իշխանությանը մոտ կանգնած մեկը

Փաշինյանի կառավարությունը որոշել է վերջապես կայացնել այն, ինչի մասին խոսել են տասնամյակներ շարունակ, բայց չեն ներդրել՝ բժշկական ապահովության համակարգը։ Համապատասխան նախագիծը հանրային քննարկման էր դրվել դեռ անցալ տարի։ Հիմա օրենքի նախագիծը շրջանառության մեջ է։ Ըստ դրա, յուրաքանչյուր քաղաքացի տարեկան 164 հազար դրամ է վճարելու առողջապահության նախարարությանը կից հատուկ այդ նպատակով ստեղծվող հիմնադրամին։ Անապահով խավերի համար այս գումարը փոխհատուցելու է պետությունը։ Միաժամանակ այս նախարարության միակ ֆինանսական կառույցը՝ առողջապահության գործակալությունը, լուծարվում է։ 

Փաստորեն, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է զբաղվելու ապահովագրական բժշկության բարդ ֆինանսական համակարգը ներդնելով։ Մինչդեռ Գերմանիայում ֆինանսական, ֆինանսատնտեսագիտական նման բարեփոխմամբ ժամանակին զբաղվել է անձամբ երկրի վարչապետը՝ Բիսմարկը։ Դե, ինչո՞վ է մեր Անահիտ Ավանեսյանը Բիսմարկին զիջում։ Նա Ջերմուկում շաբաթ օրը կայացած քննարկման ժամանակ տպավորիչ ելույթ է ունեցել, Փաշինյանին ներկայացրել է, թե ինչպես է ապահովագրական բժշկությունը մեզ մոտ ներդրվելու փուլ առ փուլ։ Ավանեսյանի ու Փաշինյանի մոտ առայժմ վարդագույն երազանքների փուլն է՝ ապահովագրական բժշկությունը նրանք պատկերացնում են որպես փրկություն ու ազատում իրենց բոլոր դարդերից։ 

Ջերմուկի քննարկման մասին տարածած տեքստից մի կտոր․«Ապահովագրության ներդրմամբ կլուծվի նաև բժշկական ծառայությունների իրական ծախսերի վրա հիմնված հատուցումներ ապահովելու, քրոնիկ հիվանդների դեղորայքի ապահովման, բժշկական ծառայությունների որակի ստանդարտների ապահովման հարցերը»։ Նաև ներդրումների, ֆինանսական հոսքերի հորդառատ անձրև է կանխատեսում Փաշինյանը, տնտեսության նոր ճյուղի ստեղծում, առողջապահական տուրիզմ: Մեր վարչապետի երևակայության թռիչքը չի կանգնում, ու չես հասցնում անգամ մտածել՝ ստոպ, ի՞նչ կապ ունեն ապահովագրական բժշկությունն ու տուրիզմը։ 

«Չկա նման բան, ի՞նչ ապահովագրական տուրիզմ։ Բա ինչո՞ւ չեն ասում, թե ինչքան մարդ է արտասահմանում բուժում ստանում։ Հաշվարկ կա, որ 150 մլրդ դրամի բուժման նպատակով դուրս է գալիս Հայաստանից, ինչո՞ւ դա չեն ասում», - հարցնում է առողջապահության փորձագետ, Առողջապահական գործակալության նախկին պետ, իսկ ներկայում «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը։ Թե ծառայությունների ինչ փաթեթ է ներառված ապահվագրության տարեկան վճարի՝ 164․400 դրամի մեջ, օրենքում նշված չի։ «Օրենքի նախագծում բավականին անորոշ ձևակերպում է տրված, որ դրանք «առավել հաճախ հանդիպող հիվանդությունների» մասով ծառայություններն են։ Այսինքն՝ սիրտանոթային, օնկոլոգիա, դեղերի արտահիվանդանոցային տրամադրում խրոնիկ հիվանդներին, բայց թե ինչ ծավալով, դեռևս ոչ մի տեղ հստակ ամրագրված չի։ Ես այդ հարցին հետևյալ պատասխանն եմ ստացել՝ բոլոր հաշվարկները եղել են 2019 թվականի գների վրա, երբ վերահաշվարկը իրականացնենք, կասենք։ Հասկանում ենք, չէ՞, որ 2019 և 2024 թվականները իրարից շատ հեռու են», - ասում է Ծաղիկ Վարդանյանը։ 
Նրան զարմացրել է այն, որ ապահովագրության օրենքի մոտ 40 տոկոսը նվիրված է հիմնադրամին` «ոնց որ թե մարդկանց ավելի շատ հետաքրքրում է հիմնադրամը, քան բուն այն ծառայություններն ու գործիքակազմը, որոնք դրվելու են այս բարդ պրոցեսի հիմքում»։ 

Հիմնադրամը, որը ստեղծվելու է և որը հավաքագրելու է ապահովագրության գումարները, ըստ առաջարկվող կարգավորումների, բավականին մութ կառույց է։ Ապահովագրությունը գործընթաց է, որը կարգավորվում է Ապահովագրության մասին օրենքով։ Սովորական կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապահովագրությամբ, օրենքով պետք է լիցենզավորված լինեն, հաշվետու լինեն Կենտրոնական բանկին։ Բայց այս հիմնադրամը այլ կարգավորումներով է գործելու։ «Այսինքն՝ զուգահեռաբար ստեղծում ենք երկրորդ ապահովագրական համակարգ, որը փաստորեն, իրականացնելու է առողջապահության ապահովագրության ֆունկցիաներ, բայց դուրս է լինելու գործող իրավական կարգավորումներից։ Եթե Հայաստանում արդեն կա փոքր ապահովագրական շուկա, կա նաև առողջապահական կամավոր ապահովագրություն։ Ինչո՞ւ չի պետությունը սա զարգացնում, վերահսկողություն սահմանում, այլ ստեղծում է մի նոր մարմին, որը դուրս է գործող օրենքներից ու ապահովագրության գործող շուկայից», - նշում է Առողջապահական գործակալության նախկին պետը։ 

Ըստ նրա, բացարձակ անհասկանալի է, թե ինչ է լինելու առողջապահության ռազմավարական ուղղությունների հետ՝ ՁԻԱՀ-ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի, հոգեկան հիվանդությունների բուժումը, շտապօգնության ծառայությունը, ինչպե՞ս են դրանք ապահովագրելու։ «Հիվանդանոցային ծառայությունները թող ապահովագրվեն։ Դա կլիներ լավ։ Բայց ինչո՞ւ են գոյություն ունեցող շուկան քանդում, ստեղծում մի նոր բան»։ Ծաղիկ Վարդանյանը մասնակցել է այս նորամուծության քննարկումներից մեկին, սակայն լսելով նրա կարծիքը, հետագա քննարկումներին նրան չեն հրավիրել։ 

Հ․Գ․ Արդեն կարելի է կանխատեսել, որ Ապահովագրական բժշկության հիմնադրամը այն առանցքային կառույցն է, որի համար իրականացվում է ռեֆորմը։ Այն գալու է փոխարինելու պետպատվերով բժշկությանը։ Այն դուրս է լինելու օրենքից, դուրս է լինելու ֆինանսների նախարարության տեսադաշտից, ի տարբերություն պետպատվերով բուժսպասարկման, այնտեղ ահռելի գումարներ են պտտվելու, ահռելի թվով շահառուներ է ունենալու և այն ղեկավարվելու է իշխանությանը մոտ կանգնած մեկի կողմից։ Չի բացառվում, որ եթե որոշես 164 հազար դրամանոց «պոլիսով» գնալ հասարակ թերապեւտի մոտ, նա քեզ ընդունի 8 ամիս հետո։