Իսկ եթե վաղը ռուս-ադրբեջանական հուշագիր ստորագրվի, նույնպե՞ս պետք է դատապարտենք

Իսկ եթե վաղը ռուս-ադրբեջանական հուշագիր ստորագրվի, նույնպե՞ս պետք է դատապարտենք

Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց Շուշիի հռչակագիրը դատապարտող` ընդդիմության հայտարարությունը։ Նախագծի հաստատմանն իշխանությունը քվեարկեց ձեռնպահ, և քանի որ մեծամասնություն էր կազմում հանձնաժողովում, նախագիծը չընդունվեց եւ չի քննարկվի ԱԺ լիագումար նիստում։ Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։ «Կարծում եմ, որ այդ հռչակագիրը դատապարտելը ձևական բնույթ կկրեր երկու պատճառով՝ առաջինը, որովհետև այն ձևականորեն մեզ չի վերաբերում, այսինքն, մենք դա դատապարտենք, թե չդատապարտենք, դրանից այդ հռչակագիրը չի վերանա։ Ուստի,  մենք կարող ենք ուղղակի մեր մտահոգությունը հայտնել։ Եվ երկրորդ պատճառն այն է, որ պետք չէր անդրադառնալ, որովհետև, եթե, օրինակ, վաղը, կամ մյուս օրը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լայն ռազմատնտեսական համագործակցության հուշագիր ստորագրվի, մենք դա նույնպես պիտի դատապարտենք, որովհետև, եթե չդատապարտենք կստացվի, որ մենք առաջնորդվում ենք երկակի ստանդարտներով։ Դրա համար էլ սա այն եզակի դեպքերից մեկն էր, երբ որ խորհրդարանական մեծամասնությունը համեմատաբար ադեկվատ որոշում կայացրեց»,- մեզ հետ զրույցում ասաց, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Քաղաքագետը նշեց՝ երբ որ խորհրդարանական մեծամասնությունը փորձում էր բացատրել, թե ինչու չի ուզում անդրադառնալ հռչակագրին եւ դատապարտել այն, ասացին, որ ժամանակին Հայաստանի ԱԳՆ-ի մակարդակով դա արվել է արդեն։

«Այսինքն, ամեն դեպքում այդ տեքստը, որ ներկայացրել էր ընդդիմությունը, կարելի էր փոխել, այլ ձևով ներկայացնել։ Օրինակ, ուրիշ բան, որ մտահոգություն հայտնվեր Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, «Զանգեզուրյան միջանցքին» և այլ հարցերին վերաբերող ձևակերպումների։ Խնդիրն այն չի, թե հայտարարությունը ճիշտ է, թե՝ ոչ։ Իհարկե, ճիշտ է։ Խնդիրն այն է, թե պե՞տք է դա ընդուներ Ազգային ժողովը, թե՝ պետք չէր։ Եթե ԱԳՆ-ն ևս մեկ անգամ անդրադառնար, պիտի աներ այդ մակարդակով, և ոչ թե խորհրդարանական»։

Բաղդասարյանի կարծիքով,  ամեն դեպքում խորհրդարանական ընդդիմությունը ավելի շատ նաև մեր քաղաքական օգտագործման համար այդ հայտարարությունը դրեց շրջանառման մեջ, ինչը նույնպես հասկանալի էր եւ նորմալ ընդդիմության գործելակերպի առումով։