Յո՞ երթաս, Հայաստան

Յո՞ երթաս, Հայաստան

Հիշեցի մի ականատեսի պատմություն՝ ղարաբաղյան շարժման թեժ ժամանակահատվածում տեղի ունեցած միջադեպի մասին: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանը եւ ՀԽՍՀ գլխավոր դատա­խազ Վլադիմիր Նազարյանը նոր էին ժամանել Մոսկվայից եւ անմիջապես գնացել էին Թատերական հրապարակ: Հայաստանի ողջ բնակչությունն անհամբեր սպասում էր նրանց վերադարձին. սպասվում էր, որ Հարությունյանը հուսադրող լուր է բերելու Լեռնային Ղարաբաղի մասին: Հրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Երբ Հարությունյանը մոտենում է միկրոֆոնին, որ խոսի, ներկաները սկսում են վանկարկել. «Կոմիտե, կոմիտե, կոմիտե»: Խոսքը վերաբերում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ղարաբաղյան կոմիտեի մյուս անդամներին, ովքեր այդ ժամանակ «բուտիրկայում» փակված էին: Ղարաբաղյան շարժման առաջնորդները, անշուշտ, արժանի էին նման աջակցության…

Սակայն ո՞րը որից հետո է. Ղարաբաղի հարցի (իմա՝ իր բնօրրանում հայի ապրելու) լուծո՞ւմն է առաջնային, թե՞ կոմիտեի անդամների շուտափույթ ազատվելը բանտից: Քանի դեռ Հարությունյանին թույլ չէին տվել խոսել, նա շրջվում է դեպի Նազարյանն ու ասում. «Վլադիմիր, իրենց ուզածը Ղարաբաղը չէ, այլ կոմիտեն է»: Երեւի Մոսկվան գաղտ­նալսում էր (հիրավի՝ ճակատագրի հեգնանք) …Կարճ ժամա­նակ անց կոմիտեի անդամները ստանձնեցին երկրի իշխա­նությունը: Նրանք եւ Մոսկվան չէին կարող անտեսել ժողովրդի ցան­կությունը: Բայց խոսքը դրա մասին չէ:

100 տարի (անիմաստ է անդրադառնալ մեր հազարամյակների պատմությանը, եթե մենք դասեր չենք քաղել ոչ թե վերջին հարյուր տարվա, այլ գոնե նորագույն պատ­մության ընդամենը 30 տարիներին տեղի ունեցած իրադարձություններից), ինչ մենք տեղապտույտի մեջ ենք ու չենք կարողանում կողմնորոշվել թե ինչ ենք ցանկանում, ի վերջո, երբ ենք դուրս գալու ամեն տեսակի կոնֆլիկտներում պատանդի կարգավիճակից: 
Ինչեւէ, այնպես է ստացվել, որ ներկայում ոչ միայն Արցախի հարցը (իմա՝ իր բնօրրանում հայի ապրելու) հրատապ չէ, այլեւ երկրորդական է, երրորդական կամ չորրորդական է կորոնավիրուսի համավարակը, տասներորդական՝ երկրի սոցիալական ու տնտեսական անկումը: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ձեւավորվում որոշ իրադարձությունների ֆոնին: Դրանցից մեկն էլ այսօր մեկնարկեց:

Ըստ ամբոխի (ոչ հասարակության) կարծիքի՝ Գագիկ Ծառուկյանին դեռ երեկ պետք էր կալանավորել եւ ուղարկել «ոչ այնքան հեռավոր վայրեր», որովհետեւ մեծ հարստություն ունի, ինչը սարսափելի ամոթ է. չի էլ ամաչում ու հպարտանում է դրանով (բայց, չգիտես ինչու, աղքատությունն ամոթ բան չէ, թեեւ դրանով ոչ ոք չի հպարտանում): Բայց դա՞ է առաջնային խնդիրը, թե՞ երկրի տնտեսության զարգացումը՝ արտաքին բազմաթիվ սպառնալիքներին դեմ-հանդիման: 
2018 թ․ «Մարիոթ հոթել»։ «Ի՞նչ անել. Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները եւ ռազմավարական ուղղությունները» գիտագործնական խորհրդաժողով: Ներկա էր ՀՀ վարչապետը: Իմ ելույթը (վարչապետն արդեն գնացել էր՝ խոստանալով ընթերցել զեկույցների ժողովածուն) նվիրված էր տնտեսական զարգացման ֆենոմենին (ականավոր տնտեսագետ Յոզեֆ Շումպետերի հայացքի ներքո): Հիմնական հարցը ձեւա­կերպ­ված է այսպես. «Ինչո՞ւ Հայաստանում (ինչպես նաեւ հետխորհրդային մյուս երկրնե­րում) իրականացված շուկայական վերափոխումները հանգեցրել են երկրի ապա­արդյունաբերականացմանը, անարդյունավետ եւ անմրցունակ տնտեսութ­յան ձեւավոր­մանը…»: Ներկայացնելով զարգացման տարբեր, հաջողված մոդելներ՝ փորձեցի մանրամասն նկարագրել Հարավային Կորեայի փորձը, որտեղ նույնպես ա­ռա­ջացել էին օլիգարխներ՝ չեբոլներ: Դրանից հետո մի քանի առաջարկություններ եւ օգտակար նյութեր եմ ուղարկել կառավարություն…

Դժբախտաբար, ոմանց թվում է, թե գաղափարներ գեներացնելը սովորական բան է. ինչ-որ դասախոսիկ- գիտնականներ, պրոֆե­սորիկներ ուզում են ինքնահաստատվել: Համենայնդեպս՝ նման վերա­բերմունքն ակադեմիական շրջա­նակ­ների նկատմամբ խոր արմատներ ունի ու ձեւա­վորվել է տասնամյակներ առաջ:

Հայաստանում հիմնականում ավարտվել է կապիտալի նախասկզբնական կու­տա­կումը: Խնդիրը ներկայում հանգում է դրա արդյունավետ գործադրմանը: Այս առու­մով, իմ առաջարկը հետեւյալն էր. ոչ թե օլիգարխիան պետք է կա­ռավարի պետությունը, այլ պետությունը պետք է կառավարի օլիգարխիային, ինչպես դա ար­վեց Հարավային Կորեայում՝ շնորհիվ նախագահ Պակ Չժոն Խիի ավտո­րիտար իշ­խա­նության: «Կառավարել օլիգարխիան» արտահայտությունն այստեղ նկատի չի առնվում ուղղակի իմաստով, այլ խոսքը վերաբերում է նրան, որ կառավա­րութ­յունը պետք է առաջարկի այս կամ այն ֆինանսաարդյունաբերական խմբին՝ զար­գաց­ում ապահովելու (ներդրումներ անելու) տնտեսության նոր, արագ աճող ինովացիոն ոլորտ­ներում՝ այդպիսով ապահովելով երկրի տնտեսական աճի ինովացիոն բնույթը:

Այդ դեպքում պետությունը պետք է համակողմանի աջակցի այդպիսի «կամավոր-պար­տադիր» նախաձեռնություններին: Կառավարությունն արդյոք նման առաջարկութ­յուններ ա­րե՞լ է հայկական ֆինանսաարդյունաբերական խմբերին։ Օրինակ, «Մուլտի գրուպին» առաջարկվե՞լ է արդյոք ձեռնարկել հրթիռների կամ ռազմական այլ սպա­ռազի­նութ­յունների արտադրություն: Եթե եղել է նման առաջարկ, ու նա հրաժարվել է (նախա­գահ Պակը նման դեպ­քերում ասում էր՝ կնեղանամ, ինչը հղի էր լուրջ հետեւանքներով, ուստիեւ հեռավոր 1960-ականներին ոչ մի չեբոլ չէր հրաժարվում պետության առա­ջար­կություններից), ապա Ծառուկյանին պատ­ժելը տեղին է: Ավելին, դեռեւս կոմու­նիստա­կան գաղափարներ դավանողների տեսանկյունից, արդարացի է սեփական­աշնորհված գույքը վերադարձնել պետությանը, եւ, ի լրումն դրան, ներկայում ով տիրապետում է 40-50 մլն դրամ արժողությամբ անշարժ եւ շարժական գույքի, նույն­­պես պետք է պատասխանատվության ենթարկել: Այսինքն՝ պետք է վերա­կանգ­նել կոմունիստական արտադրահարաբերությունները: Սա՞ է հասարակության ցան­կությունը: Ոչ, սա ամբոխի տգիտությունն է:

Մարդկային տգիտության հիմնական պատճառների բացահայտմանը եւ դրանց դեմ պայքարի եղանակներին է նվիրված անգլիացի «զարմանալի դոկտոր» Ռոջեր Բեկոնի Opus maius-ը: Ճշմարտությանը հասնելու հիմնական խոչընդոտների շարքում Բեկոնը նշում է կեղծ հեղինակությունը, ամբոխի սովորությունը եւ կարծիքը: Ըստ նրա՝ սովորույթը վատ է, քան հեղինակությունը, իսկ ամբոխի կարծիքն ավելի վատ է. այն ընդհանրապես չպետք է հաշվի առնել: Ռոջեր Բեկոնը չի բավարարվում վերոնշյալ պատճառները թվարկելով, այլ դրանք քննարկում է բարոյաէթիկական դիտանկյունից՝ նշելով մյուս երեքի հիմքում ընկած գլխավոր պատճառը՝ իմաստության տեսքով սեփական տգիտությունը քողարկելը, ինչը տեղի է ունենում մեծամտության պատճառով: Հետեւաբար, հնացած, նախորդ հասարակարգի սովորույթներից պետք է ձերբազատվել, իսկ ժողովրդավարությունը չնենգափոխել ամբոխի կարծիքով:
Աշխարհում տեղի են ունենում տեկտոնական փոփոխություններ, որոնց ընդառաջ գնալու համար պահանջվում է մարդկային, ֆինանսական ռեսուրսների համախմբում, տնտեսության մրցունակության բարձրացում: Պետությունը չի կարող կրավորական դիրք բռնել ու ամեն ինչ թողնել Ադամ Սմիթի՝ շուկայի «անտեսանելի ձեռքի» քմահաճույքին:

Եթե գործարարները պետությունից աջակցություն չստանան, ապա վարչապետի հայտարարած 30 մլրդ դոլարի արտահանման ծավալը, կապված առաք­ման գլո­բալ շղթաների խաթարմամբ «բացված պատուհանի» հետ, ո՞վ պետք է ապա­հովի: Ո՞վ պետք է ներդրումներ անի տնտեսության մեջ: Կարո՞ղ է Օստապ Բենդերը (Заграница нам поможет!), ում հայրը թուրքահպատակ էր: Նրա՞նք, ովքեր ատում են հարուստներին եւ ցանկանում են, որ բո­լորն աղքատ դառնան: «Դե, էդ Ծառուկյանը պտի նստի ու իր հարստությունը պտի բաշխի աղքատներին»,- մտածում են նմանները: Նման մարդկանց միլիոն էլ տաս, նրանք էլի աղ­քատ են մնալու:

Ի դեպ, առաջիկա տարիներին օտարերկրյա ներդրումների ցանկալի ու անհրաժեշտ ծա­վալ­ներ հազիվ թե ներհոսեն Հայաստան, ինչի մասին վկայում է Investment Trends Monitor-ը: Ու դա ոչ այնքան այս կամ այն ազգային կառավա­րութ­յունից է կախ­ված, այլ մեծապես պայմանավորված է գլոբալ միտումներով: Հետեւա­բար, ներդրում­ների ներքին աղբյուրների կարեւորությունն ակներեւ է դառնում: Ահա մեկ պատճառ, թե ինչու Ծառուկյանին կամ մյուս խոշոր գործարարներին պետք է վերաբերվել այն­պես, որպեսզի իրենք ներդրումներ անեն կառավարության տնտեսական ծրագրե­րում:

Յո՞ երթաս, Հայաստան: 

Հնչում են կարծիքներ, թե վարչապետը ձգտում է բռնապետ դառնալ: Դա լավ է, եթե նախագահ Պակի նման նա միտված է Հայաստանը զարգացած երկիր դարձնելուն: Բայց ինչպե՞ս՝ պողոսներո՞վ, թե՞ կայացած գործարարներով: Ավանդական հորդոր. մի հարցրեք, թե նրանց որտեղից առաջին միլիոնը:

Հասարակության մեջ օր առաջ համերաշխության ու հանդուրժողականության մթնոլորտ հաստատելն այլընտրանք չունի: Առավել եւս՝ համավարակի առաջացրած այս անորոշության պայմաններում: Մենք դեռ չգիտենք, թե ինչ է սպասվում առջեւում՝ համավարակի առումով, էլ ավելի մեծ է անորոշությունը տնտեսական բնագավառում: Այս գլոբալ աղետի պայմաններում բազմաթիվ երկրներում նկատվում է հասարակութ­յունների համախմբում, մարդկանց փոխադարձ աջակցություն. եթե դու առողջ ես ու կարող ես քեզ թույլ տալ խնջույք անելու շռայլություն, ապա դա չես անում, որովհետեւ դա բարոյական չէ. չի կարելի խնջույք անել ժանտախտի ժամանակ:
«Խնջույք ժանտախտի ժամանա՞կ», թե «Սե՞ր ժանտախտի ժամանակ»: Ես նա­խա­պատվությունը տալիս եմ Գաբրիել Մարկեսին, ում գիրքը սիրո մասին է, այն սիրո, որը հաղթում է ամեն ինչ՝ ժամանակը եւ տարածությունը, կյանքում հանդիպող դժվա­րությունները եւ, նույնիսկ, մարդկային հոգու անկատարությունը, այն սիրո, որի արդ­յուն­­քում տեղի է ունենում հրաշք. ծնվում է մարդ:

Գագիկ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր