Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը 

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը մնաց ետեւում: Չեմ կարծում, թե այն շատ մարդկանց մտադրություններ փոխեց: Ովքեր այնքան են ատում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «ղարաբաղյան կլանին» ու նրանց հետ կապված ամեն ինչ, որ պատրաստ են Փաշինյանին հանդուրժել, միայն թե Քոչարյան-Փաշինյան-«ղարաբաղյան կլան» եռամիասնությունը դուրս մղվի Հայաստանի  իշխանությունից ու քաղաքականությունից, գնալու են ընտրեն Նիկոլ Փաշինյանին ու նրա առաջնորդած ուժին: Ոչ մի քարոզարշավ նրանց ետ չի պահի այդ կործանարար քայլից:

Այլք, ովքեր նույն կերպ ատում են Փաշինյանին ու նրա «ուսապարկերին», ատում են Հայաստանում ոչ-ադեկվատ իշխանություն հաստատելու, ամեն քայլափոխի տապալվելու, միջազգային ասպարեզում բացակա լինելու, անվերջ ստելու, երկիրը պատերազմի մեջ ներքաշելու, հազարավոր զոհեր տալու, անիմաստ Շուշին, Քարվաճառը, Լաչինը Բաքվին հանձնելու, Հայաստանի սահմանները անարդյունավետ պաշտպանելու եւ հազար ու մի այլ տապալման համար գնալու են եւ մերժելու են Փաշինյանին, որքան էլ նա կրկնի, թե «ապագա կա, կա ապագա» ու ժապավենապատ մուրճով իբր այդ ապագան կառուցի: 

Այս երկու ընտրազանգվածներն էլ, նրանց առաջնորդներն էլ ի դեմս Փաշինյանի եւ Քոչարյանի մեծ հաշվով ներկայացնում են նույն լյումպեն-պլեբեյ-քաղքենի խավերը, որովհետեւ անձը պիտի իր էությամբ այդպիսի մեկը լինի, որ Փաշինյանին կամ Քոչարյանին իրեն առաջնորդ համարի: Եվ այստեղ ինչքան էլ երկու կողմից ասեն, թե իրենք իբր Քոչարյանի կամ Փաշինյանի երկրպագուն չեն, ուղղակի ստեղծված իրադրությունում հարկադրված են նրանց ընտրել: Ի սեր Աստծո… Աստված մարդուն ստեղծում է իր պատկերով եւ նմանությամբ, եւ երբ մարդը որեւէ մեկին ընդունում եւ ճանաչում է իբրեւ իր առաջնորդ, հենց նրա կերպարով ու նմանությամբ է ընկալում ինքն իրեն ու կանգնում Աստծո առաջ: 

Կարելի է ոչ մեկի առաջնորդությունը չընդունել, կարելի է բոլորին մերժել, բայց չի կարելի իշխանության ընտրությունում խանութպանի հաշվարկներ անել, օգտաբերության ու վնասակարության կատեգորիաներով առաջնորդվել: Ըստ իս, ավելի ազնիվ եւ ընդունելի են նրանք ովքեր հավատամքով Փաշինյան կամ Քոչարյան են ընտրում, քան նրանք, ովքեր իբր չարյաց փոքրագույնին են գտնում: Քոչարյանն ու Փաշինյանը հավասար չարիք են, ինչպես հրդեհն ու ջրհեղեղը համարժեք աղետներ: Ո՞ր գիտակից մարդը երբեւէ կփաստարկի, թե ջրհեղեղն ավելի մեծ աղետ է, քան հրդեհը, կամ հակառակը: Նույնն էլ Քոչարյանի եւ Փաշինյանի պարագայում է: Նախընտրական շրջանի հակաքարոզչություն չանելու համար, խոստանում եմ ընտրություններից հետո գրել, թե ինչու են Փաշինյանն ու Քոչարյանը նույն սանրի կտավ, վերջացած պլեբեյ ու աղետ:

Գնացքից թռչելու մոտեցող ժամանակը

Իսկ  Քոչարյան Փաշինյանից այն կողմ, այս ընտրություններում նորն ու հետաքրքիրն այն էր որ բացահայտ հակառուսական օրակարգով ուժեր էին մասնակցում ընտրապայքարին: Իհարկե, այդ ուժերից ոչ մեկն էլ ծանրակշիռ չէ, հաճախ առանձնակի բարեկրթություն է հարկավոր որ դիմանաս ու նրանցից շատերի մտավոր մակարդակի վրա չծիծաղես, բայց այդ մարդիկ իրենց ուժերի ներածի չափով Հայաստանը մտազուրկ, կենդանական վախերի վրա հենվող ռուսաֆիլիայի ճիրաններից հանելու եւ Արեւմուտքի, Մերձավոր Արեւելքի, Հեռավոր Արեւելքի հետ հավասարակշիռ հարաբերություներ հաստատելու հանգրվանին են առաջնորդում, բոլոր խաղացողների հետ շահավետ հարաբերություներ հաստատելու ճանապարհն են ուղենշում: 

Այդ ուժերը ինչ ձայն էլ հավաքեն, նրանց արած գործը արժանի է գնահատանքի: Մանավանդ այն ստորաքարշ ուժերի կողքին, որոնք դաշնակցային որեւէ պարտավորություն չկատարած Ռուսաստանին դիֆերամբներ են ձոնում, կարծելով թե Փաշինյանի գլխին կարելի է կոտրել ոչ միայն վերջինիս անմեղսունակությունը, այլեւ ՀԱՊԿ-ի եւ Մոսկվայի ստորությունները: Այլ հարց, որ ստորների վարձը այս անգամ, կարծես, առանձնապես չուշացավ: Հիմա, երբ Թուրքիան շրխկացրեց Ռուսաստանի դեմքին, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա է հիմնելու, Մոսկվան լիովին կըմբոշխնի Հայաստանի հանդեպ իր ստորության վարձը: Տեսնենք, թե այս նոր իրականությունում Մոսկվան ինչ կկարողանա անել: Կամ Ռուսաստանի օգնությամբ Հայաստանի անվտանգությունը երաշխավորող” կարճամիտները այսուհետ ինչ երաշխիքներից պիտի խոսեն: 

Ինչպես 1990-ին, այնպես էլ այսօր մոտենում է Վազգեն Մանուկյանի` դասական դարձած ձեւակերպմամբ «Գնացքից թռչելու ժամանակը»: Կարեւորն այն է, որ թռչենք ճիշտ ժամանակին եւ անվնաս, ինչպես մի անգամ դա արել ենք 1990-ականներին:  Եւ լավ է, որ նման ընթացքի ազդակները խորհրդարանական ընտրարաշավում արդեն տրվում են: 

Ինչո՞ւ իշխանության ղեկին պետք է լինի Տեր-Պետրոսյանը    

Այն, ինչ կատարվում է այսօր Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ, Հայաստանի քաղաքական ուժերի ու գործիչների բացարձակ մեծամասնությունը ընդունակ չէ անգամ ընկալել: Ինչ է նշանակում Ռիկերի այց եւ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ակտիվացում, ԼՂ-ում ԵԱՀԿ բազմազգ դիտորդական առաքելության տեղակայման թեմատիկա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դեմարկացիային եւ դելիմիտացիային ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներգրավում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ  (հասկացեք` առաջնորդությամբ) Արցախի հիմնախնդրի առարկայական բանակցություններ եւ քաղաքական կարգավորում, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի միավորում, Ադրբեջանում թուրքական բազմաբազայի տեղակայման բարձրաձայնում եւ հավակնություններ, եւ այսպես շարունակ: 

Սրանք հարցեր են, որ ընդամենը վերջին երկու-երեք շաբաթում ձեւակերպվել ու շրջանառվում են միջազգային հարթակում, մինչ Հայաստանի քաղաքական ուժերը ննջում են հայտնի կենդանու ականջում, կամ իրար հայհոյում: Բայց եթե նույնիսկ չննջեն եւ իրար չհայհոյեն, ո՞ւմ մտավոր ունակություններն են թույլ տալիս այդ զարգացումները առանձին-առանձին, էլ ուր մնաց փոխկապակցվածության մեջ ընկալել, այլեւս չասած` սեփական քայլեր անել: Ամենքս տեսնում ենք, որ միայն Տեր-Պետրոսյանն է ասում, թե ինքը չգիտի ԼՂ խնդիրը ինչպես կլուծվի, որովհետեւ միայն Տեր-Պետրոսյանի սթափությունը, հեռատեսությունն ու մտածելու ունակությունն են թույլ տալիս պատկերացնել , թե ինչ տեղաշարժեր են կատարվում Հարավային Կովկասում,  ինչ համագործակցություն կամ դիմակայություն է ուրվագծվում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որքան անորոշ է, թե այդ ամենը ինչպես կավարտվի, եւ որքան էական է, որ Հայաստանը չեզոք մնա եւ որեւէ կողմի հարվածի ներքո չհայտնվի: 

Տեր-Պետրոսյանը միակն է, ով գիտակցում է, որ քանի դեռ մեզանից անհամեմատ հզորները, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ (վերջին երկուսը նաեւ իրենց հերթին եւ իրար հետ) դիրքավորվում են հարաբերություններ պարզելու Հարավային Կովկասում, Հայաստանին հարկավոր է չեզոքություն եւ գերպատասխանատվություն` որեւէ քայլ անելուց առաջ: Ուրիշ մեկը կա՞ 26 կուսակցությունների ցանկում ու թվում, ում խոսքից երեւում է, որ նա իրադրություն է հասկանում, ով “Крым наш”-ի մակարդակում չի դատարկախոսում ու խայտառակվում` այն էլ ոչ միայն Հայաստանում, այլեւ հարեւան երկրներում: Իսկ ինչն էլ ավելի կարեւոր է` Տեր-Պետրոսյանից բացի Հայաստանում երկրորդ գործիչ կա՞, ով միջազգային հարթակում այնքան հեղինակություն եւ կշիռ ունի, որ կարողանա խոսել կամ նրան լսեն: 

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի «գիքոր» է միջազգային հարթակում, մի կողմ թողնված մեկը:

Սերժ Սարգսյանը, եթե նույնիսկ մտադրությունը փոխի եւ պաշտոն էլ ստանձնի, միեւնույնն է, 2008-ի հայ-թուրքական հաշտեցման գործընթացում որեւէ ճկունություն չդրսեւորելը, 2013-ին մի գիշերում ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը չեղարկելն ու Մոսկվայի գիրկը նետվելը նրան այնպես են հեղինակազրկել, այլեւս չասած 2018-ի անփառունակ հեռանալը իշխանությունից` գրեթե համապետական մասշտաբների ընդվզման ու ճնշման ներքո, որ Սարգսյանի հետ եթե անգամ Մոսկվան աշխատի (ինչը քիչ հավանական է, քանի որ 2018-ի ապրիլին հենց Մոսկվայի ֆաս հրահանգով ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կուռ շարքերով լցվեցին Երեւանի փողոցները եւ Փաշինյանին աջակցելով հեռացրեցին Սարգսյանին), միեւնույնն է Բրյուսելն ու Վաշինգտոնը դժկամություն կցուցաբերեն: 

Քոչարյանն առհասարակ մերժված մեկն է միջազգային հարթությունում՝ նրա նախագահության մի տեւական շրջան ԱՄՆ-ը, Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով հանդերձ, Հայաստանում դեսպան չէր նշանակում: ՀՀ նախագահի պաշտոնում մի անգամ էլ ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանում միջուկային զենք ստեղծելու թեմայով հոխորտալուց հետո, Քոչարյանը այլեւս նույնիսկ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջաններին չէր երեւում: Կամ եթե Տեր-Պետրոսյանի օրոք, 2006-ին Հայաստանում Շախմատի համաշխարհային օլիմպիադա էր անկացվում, ապա Քոչարյանի կշիռն ու հեղինակությունը համահայկական խաղեր կազմակերպելուն էր բավարարում: 

Նույնիսկ ինձ թվում է, այս ողջ քարոզարշավի ընթացքում պաշտոնական Մոսկվայից Քոչարյանի օգտին սատարման բառ անգամ չհնչեց, որովհետեւ այնտեղ գիտակցում են, թե Քոչարյանը որքան անընդունելի է Արեւմուտքի համար, եւ նրան սատարելով, հնարավոր է անիմաստ Արեւմուտքի հակազդեցություն գեներացվի` դեռ Հայաստանի ժողովրդի մի մասի վրդովմունքը չհաշված: Ազդեցիկ ուժերն աշխարհում աշխատում են Քոչարյանից հեռու մնալ, եւ դժվար թե առանց հաշվարկի, ուղղակի հակակրանքից ելնելով; 

Գալով Տեր-Պետրոսյանին, Հայաստանի բարեբախտությունն է, որ այսօրվա ընտրապայքարում կա մարդ, ով Հայաստանի շուրջ զարգացումներից ինչպես 1990-ականներին, այնպես էլ այսօր կարող է գլուխ հանել` Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հետեւաբար ցակացած մեկը, ով դեռ մտորում է ում ձայն տալ, ունի Հայաստանը նոր մղձավանջներից ապահովագրելու եւ  եղած խնդիրների լուծումը Տեր-Պետոսյանին վստահելու  հնարավորությունը: Անձամբ ես Տեր-Պետրոսյանին եւ ՀԱԿ-ին ընտրում եմ այլ մոտիվացիայով, առավելապես որովհետեւ այսօրվա ընտրարշավին մրցակցող ուժերի մեջ ուրիշ անձի, որպես առաջնորդ ես ուղղակի չեմ ընդունի: Բայց դա սուբյեկտիվ հարց է, օբյեկտիվը միջազգային հարաբերությունների ռակուրսով վերոշարադրյալ դիտարկումն էր, թե ինչու ընտրել Տեր-Պետրոսյանին: