Հերթական անհեթեթ որոշումը 

Հերթական անհեթեթ որոշումը 

ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը մի անհեթեթ որոշում է ընդունել հիմք ընդունելով, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի 2021 թ․ հունիսի 11-ի N 613-Ա հրամանը, ըստ որի արգելոց-թանգարանների տարածքում մասնագիտացված ֆոտոխցիկների միջոցով լուսանկարահանումների, ֆոտոսեսիաների իրականացման արժեքը՝ 5000 դրամ է /5 րոպե/։

ՊՈԱԿ-ը այս տեղեկույթը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, կցելով նաեւ «Canon» ֆոտոխցիկի լուսանկար։ Ակնարկը հասկանալի է, բայց անգամ «Canon», «Nikon» եւ այլ ապրանքանիշի ֆոտոխցիկների մեջ կան սիրողական, կիսապրոֆեսիոնալ եւ պրոֆեսիոնալ սերիայի խցիկներ։ Ըստ այդմ, թանգարանի աշխատակիցը ինչպե՞ս է կողմնորոշվելու գանձել 5000 դրամ, թե՝ ոչ, կամ օրինակ կիսապրոֆեսիոնալ ֆոտոխցիկի դեպքում գանձել 2500 դրամ, թե՞ ընդհանրապես չգանձել։

Եթե նախարարությունը կարեւորել է չափսերը, ապա վերջին սերնդի հեռախոսները ապահովում են պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներին հավասար որակ եւ ենթակա են տպագրության, տարածման, նաեւ տեղ են գտնում միջազգային ամենատարբեր մրցույթներում։ Իսկ, եթե այս որոշմամբ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ը որոշել է փող աշխատել տուրիստների հաշվին եւ կորոնավիրուսից ու պատերազմից հետո բյուջեն լցնել, ապա դարձյալ սխալ որոշում է կայացրել, որովհետեւ այսկերպ առաջին հերթին հարվածելու է հենց ներքին զբոսաշրջությանը։ Այս որոշումը աշխատելու է ի վնաս արգելոց-թանգարանների, որոնց հանրահռչակմանն է ուղղված այցելուի, զբոսաշրջիկի կողմից արված ու հրապարկված ցանկացած լուսանկար։