Պրոցեսներ են գնում՝ չեմ հրապարակում հանուն «Բրյուսովի»

Պրոցեսներ են գնում՝ չեմ հրապարակում հանուն «Բրյուսովի»

Մոտ մեկ ամիս առաջ՝ մարտի 15-ին, ԿԳՄՍ նախարարությունը, Բրյուսովի անվան համալսարանում ստեղծված 3 հոգանոց ժամանակավոր խորհրդի որոշմամբ, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Գյուրջինյանին նշանակեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ում ԿԳՄՍ նախարարը ոստիկանների ուղեկցությամբ բերեց ու ներկայացեց բրյուսովցիներին։

Եթե առաջին օրերին, այդ նշանակումից հետո, ուսանողության շրջանում դասադուլները չէին դադարում, կարճ ժամանակ անց ուսանողության դիմադրությունը մարեց։ Համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ասում է, որ անձամբ ինքն է ուսանողներին խնդրել, որպեսզի դադարեցնեն դասադուլը եւ հաճախեն դասերին։ «Որովհետեւ իրավիճակն ինչ-որ պահի շատ լարվեց, ու անձամբ ես եմ խնդրել ուսանողներին, որ նստեն դասերին։ Իսկ վերջին մեկ ամիսն ուղղակի աշխատում եմ չհրապարակայնացնել այստեղի ամեն ինչը՝ հանուն «Բրյուսովի»։ Ես աշխատանքային պրոցեսի մեջ եմ, դատական պրոցեսներն ընթանում են, իմ հայցի ապահովումը վարույթ չընդունեցին, հիմա բողոքարկել եմ վերաքննիչ, սպասողական վիճակ է։ Հետո այլ ապօրինություններ ընթացան, ամեն ինչ անում են մեր իրականացրած հրամաններն անվավեր ճանաչելու համար։ Այսինքն՝ մեծ պրոցեսներ են գնում, որոնք ես չեմ հրապարակում հանուն համալսարանի, որովհետեւ այս ամեն ինչը համալսարանի իմիջի վրա ազդում է։ Դա է իմ պասիվության պատճառը»,- նկատում է Ցոլակ Ակոպյանը։     

3 հոգանոց ժամանակավոր խորհուրդը եւ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այսպես ինչքա՞ն կարող են ժամանակավոր պաշտոնավարել։ «Եթե խոսում ենք իրավական պետության մասին, այդ ժամանակավոր խորհուրդն առավելագույնը 6 ամիս կարող է գործել, որի ժամկետը լրանում է սեպտեմբերի 9-ին, այսինքն՝ դա է իր ամենավերջնական ժամկետը։ Իսկ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այնքան ժամանակ պետք է մնա, քանի դեռ չկա դատարանի վճիռ, այսինքն՝ նախորդ մրցույթի մասով դեռ որեւէ նորություն չկա, ու եթե իրավական մասով ենք խոսում, այսպես պետք է մնա այնքան ժամանակ, մինչեւ լինի դատարանի վճիռ։ Բացի այդ, պետք է լինի նաեւ իմ վճիռը, ես էլ որպես ռեկտորի պարտականությունները կատարող եմ բողոքարկել նախարարության որոշումը։ Բայց չեմ բացառում, որ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ մրցույթ են հայտարարել»։  

Ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանի առաջին գործերից մեկը եղել է Սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնում բուհի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանին նշանակելը, ով անթաքույց աջակցում էր իրեն այս ընթացքում եւ ով, ի դեպ, 2013-ին ինքն իրեն ու եւս 3 հոգու հրամանագրել էր մեկնել Արարատի մարզ՝ նախագահի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։ Այս փաստը հետո ԿԳՄՍ «թավշյա» նախարար Արայիկ Հարությունյանը ծաղրեց՝ մատնանշելով ռեկտորի այդ հրամանը որպես «արվեստի գործ»։