Արեւմուտքի պլանը

Արեւմուտքի պլանը

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնը, հերքել է իր առնչությունն Իրանին հասցված հարվածներին։ «Իրանի դեմ հարվածներին ամերիկյան ոչ մի ուժ ներգրավված չի եղել»,- Reuters-ին ասել է գերատեսչության խոսնակ, գեներալ Պատրիկ Ռայդերը։ Ավելի ծիծաղաշարժ հերքում դժվար էր ակնկալել բայդենական ԱՄՆ-ից: Եվ այսպիսի հերքում` այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարում է, որ Վաշինգտոնը դիտարկում է բոլոր տարբերակները՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել: Եվ սա` այն դեպքում, երբ Իրանին հարվածներ հասցնելու հենց հաջորդ օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասիական տուրնե է սկսում նախ՝ Հարավային Կորեա, ապա՝ Ճապոնիա:

Արդեն իսկ հասկանալի է, որ ԱՄՆ-ն փորձելու է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ թշնամական գործողություններում հնարավորինս քողարկվել, իսկ լավագույն դեպքում խաղարկել սիրիական սցենարը՝ հանդես գալ որպես կոալիցիոն ուժերի՝ ԱՄՆ-ԵՄ, կազմակերպիչ: Դատելով այն հանգամանքից, որ Մեծ Բրիտանիան եւ այլ երկրներ պատրաստվում են տարհանել իրենց ներկայացուցչություններն Իրանից, կարելի է նաեւ պնդել, որ Իրանի դեմ այս գործողությունները դեռ մի որոշ ժամանակ կշարունակվեն:

Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ամենաաննախադեպ զարգացումների: Առաջին անգամ Իրանի, այսպես կոչված, միջուկային ծրագրերի դեմ պայքարում ներգրավված է Ադրբեջանը, երկիր, որ ոչ միայն պատերազմի մեջ է Հայաստանի հետ, այլեւ համաձայնություն ունի ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի հետ՝ իր տարածքը տրամադրելու նրանց ավիացիային՝ տարածաշրջանի այլ երկրների հարվածելու համար: Ադրբեջանը կարող է որոշակի դիվիդենտներ շահել դրանից, եթե, իհարկե, Ալիեւի վարչակազմը գնա նման ռիսկի: Ադրբեջանը, մասնավորապես, կարող է կայծակնային հարձակում ձեռնարկել Հայաստանի տարածքի վրա եւ կտրել Սյունիքը, ինչը միանգամայն տեղավորվում է հակաիրանական մեծ խաղի կանոններում: Դա թույլ կտա ոչ միայն Ռուսաստանին հեռու պահել ծավալվող գործողություններից, այլեւ Իրանին զրկել դեպի հյուսիս տանող բոլոր ճանապարհներից:

Իրանն առայժմ բավականին սառնարյուն է արձագանքել իր տարածքին հասցված հարվածներին, որոնք, պետք է ասել, հասցվել են բավականին մեծ ճշգրտությամբ եւ վկայում են իրավիճակի սրացման այս փուլում բավականին լուրջ եւ տեխնիկապես լավ հագեցված հակառակորդ ունենալու մասին: Իրանի համար, կարծում եմ, հստակ է, որ այս հարվածներով փորձ է արվել որոշակի մեսիջներ հղել նրան՝ արտաքին քաղաքականությունը վերանայելու իմաստով: Առաջիկայում, կարծում ենք, կմեկնարկեն նաեւ այս թեմայով բանակցություններ, որոնց ընթացքում Արեւմուտքը կփորձի Իրանին համոզել՝ դուրս գալ Իրան-Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան ուրվագծվող առանցքից եւ զարգացման նոր ուղի բռնել՝ երկխոսությունը տանելով Արեւմուտքի՝ ԱՄՆ-ի, Թուրքիայի եւ Եվրամիության հետ: Իր թշնամիներին Իրանն առայժմ խոստացել է կոշտ պատասխան: Դա կարող է լինել թե՛ Իսրայելին եւ թե՛ այն երկրներին հարվածների տեսքով, որոնք անզգուշություն կարող են թույլ տալ իրենց՝ ընդգրկվելով հակաիրանյան կոալիցիայի մեջ՝ լինի դա քարոզչության, արտաքին քաղաքականության, թե ռազմական միջամտության տեսքով:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ կարող են անել Իրանի դաշնակիցները՝ մասնավորապես Ռուսաստանը եւ Չինաստանը: Առայժմ ոչինչ հայտնի չէ Իրանի ղեկավարության հետ այդ երկրների ղեկավարների հեռախոսազրույցների կամ համապատասխան պաշտոնյաների երկկողմ հանդիպումների մասին: Ասել է թե՝ սպասողական վիճակում են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը, եւ այս հարցում եւս ամեն ինչ կախված է Իրանի դիրքորոշումից՝ դիմագրավե՞լ Արեւմուտքի ճնշումը, թե՞ անվերջանալի բանակցությունների նոր փուլ սկսել ԱՄՆ-ԵՄ կոալիցիայի հետ:

Հայ վերլուծաբանների մի շրջանակ կարծում է, որ Արեւմուտքը փորձում է շեղել Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայից՝ էսկալացնելով պատերազմական իրավիճակը մեր տարածաշրջանում: Այսինքն՝ համարում են, որ Արեւմուտքի բուն խնդիրն Ուկրաինան է: Մի փոքր դժվար է համաձայնել այս տեսակետի հետ, որովհետեւ Արեւմուտքի համար Ուկրաինայի հարցը երկրորդական, երրորդական հարց է աշխարհաքաղաքական իմաստով, եթե այն համեմատելու լինենք Մերձավոր Արեւելքում եւ Առաջավոր Ասիայում առկա գերխնդիրների հետ: Արեւմուտքը հրաշալի գիտակցում է, որ Ռուսաստանը ոչ մի վտանգ չի ներկայացնում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների համար: Բայց Ռուսաստանը միանգամայն այլ դերակատարություն կարող է ունենալ (Սիրիայում մենք դա տեսանք), երբ խոսքը գնում է այս տարածաշրջանի մասին: Հետեւաբար, այս համատեքստում պետք է դիտարկել Ուկրաինայում Արեւմուտքի վարած քաղաքականությունը եւ, մասնավորապես, ուկրաինական բանակին էլ ավելի մեծադղորդ օգնություններ խոստանալու վարքագիծը: Ռուսաստանին հնարավորինս երկար պահել Ուկրաինայում՝ դեպի Արեւելքի հարստություններն իրենց ճանապարհը հարթելու մեծ գործընթացում. սա է Արեւմուտքի անգլո-սաքսոնական պլանը: