Իրենց կողմից մերժվում են մեր բոլոր փորձերը` իրենց հետ սեղանի շուրջ նստելու

Իրենց կողմից մերժվում են մեր բոլոր փորձերը` իրենց հետ սեղանի շուրջ նստելու

Բանակի կազմավորման օրը Վեհափառ հայրապետն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին միմյանցից առանձին այցելեցին «Եռաբլուր» պանթեոն․ Փաշինյանն առավոտյան այցելեց՝ հազարավոր ոստիկանների, թիկնապահների ուղեկցությամբ, իսկ Վեհափառը՝ ավելի ուշ, եկեղեցականների հետ: Նա նաեւ լրատվամիջոցների հետ կարճ զրույց ունեցավ՝ օրվա խորհրդի վերաբերյալ, սակայն ասաց, որ պատրաստ է լրագրողներին հարցազրույցներ տալ Մայր Աթոռում։ Հունվարի 28-ին կրկին երեւաց, որ Հայ առաքելական եկեղեցու եւ գործող իշխանության միջեւ վատ հարաբերությունները շարունակում են պահպանվել։ Թեմայի առնչությամբ զրուցեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

- Սրբազան հայր, հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրահանգով էլի ոստիկանական մեծ ուժեր էին կուտակվել Եռաբլուրում, որպեսզի Նիկոլ Փաշինյանի մուտքն ու ելքն ապահովեին։ Որպես եկեղեցական՝ Ձեզ համար ընդունելի՞ է նման կերպ Եռաբլուր այցելելը։

- Իհարկե՝ չէ։ Անիմաստ է այցելելը, չեմ հասկանում, թե ինչու է ուզում այդ ձեւով այցելել, լավ կլինի՝ բնավ չայցելի։ Բացարձակ չեմ հասկանում ո՛չ իմաստը, ո՛չ նպատակը։ Ես իր արածները չեմ մեկնաբանելու, ես ի՞նչ պիտի մեկնաբանեմ իր արածը կամ չարածը։

- Գուցե ինչ-որ բան է ուզում ցույց տալ, երբ ամեն անգամ ուժով այցելում է Եռաբլուր։

- Ես ինչպե՞ս կարող եմ իմանալ նրա մտածումները։ Ես բացարձակապես ի վիճակի չեմ իր մտածածը մտածելու։ Ի վիճակի չեմ։

- Այս տարի եւս կաթողիկոսն ու Փաշինյանն առանձին-առանձին այցելեցին Եռաբլուր, սա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ ենք ասել, որ կառավարության ու եկեղեցու միջեւ վատ հարաբերությունները գնալով խորանում են։

- Հարաբերություն չկա, որ մի հատ էլ վատ լինի։

- Երկկողմանի՞ չկա։

- Չէ, իրենց կողմից չկա։

- Այսինքն՝ վարչապետը փորձում է եկեղեցուն անտեսել, հասարակական կյանքից դո՞ւրս մղել։

- Թող փորձի, իր ժամանակն է հիմա։ Ավետարանն ասում է՝ «ժամ խավարի», հիմա խավարի ժամն է` կանցնի, ցերեկը կգա։

- Ինչպե՞ս, ինչի՞ց կիմանանք, որ ցերեկը եկել է։

- Ցերեկվա գալը չգիտե՞ք ինչպես է լինում․ երբ լույսը գալիս է, խավարը ցրվում է։

- Նկատի ունեք, որ Փաշինյանի հրաժարակա՞նն է խավարի ցրումը։

- Թե՛ հրաժարական կտա, թե՛ կգնա, հիմա ոնց ուզում է թող գնա, ինձ բացարձակապես չի հետաքրքրում, իր գոյությունն ինձ չի հետաքրքրում։ Ես այդ անձով հետաքրքրված չեմ։

- Սրբազան հայր, տեղեկություններ կան, որ եկեղեցում այս հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ կան, եւ կան եպիսկոպոսներ, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ հաշտեցման գնալու կողմնակիցն են։

- Հաշտեցման գնալը ո՞րն է, մենք միշտ էլ պատրաստ ենք հաշտեցման գնալու, եթե իրենք հաշտեցման պատրաստ են։ Մենք չենք սկսել կռիվը, իրենք են սկսել։

- Կռվի պատճառը ո՞րը եղավ, այն, որ եկեղեցին Փաշինյանի հրաժարակա՞նն էր պահանջում, դա՞ չի ներում Փաշինյանը։

- Երեւի չի կարողանում կուլ տալ։ Եկեղեցին միշտ էլ պատրաստ է եղել բանակցելու, չի եղել մի դեպք, որ իրենց կողմից ինչ-որ մի բան առաջարկված լինի, մենք մերժենք, այդպիսի բան չի եղել, իսկ իրենց կողմից մերժվում են մեր բոլոր փորձերը՝ իրենց հետ սեղանի շուրջ նստելու։ Չեն ուզում՝ թող չնստեն, մեզ համար դա նորություն չէ, առաջին անգամը չէ, եկեղեցին սովոր է այդպիսի բաների, խնդիր չկա։

- Իշխանությունների կողմից վատ վերաբերմունքը եկեղեցո՞ւ նկատմամբ է, թե՞ Վեհափառ հայրապետի անձի նկատմամբ։

- Չէ, եկեղեցու նկատմամբ է։ Սկզբում թվում էր, թե իրենք ուզում են այնպես պատկերացնել, թե իբր անձի հետ է կապված, բայց ոչ, բնավ անձի հետ կապված չէ։

- Եռաբլուրում կաթողիկոսը լրագրողներին, կարելի է ասել, հրավիրեց Մայր Աթոռ։ Հնարավո՞ր է, որ մոտ ժամանակներս Վեհափառը նոր հայտարարություններով հանդես գա, եկեղեցին ասելիք ունի՞։

- Կապրենք՝ կտեսնենք։