Հունվարի 6-ը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակման օրն է, հունվարի 7-ը՝ մեռելոց

Հունվարի 6-ը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակման օրն է, հունվարի  7-ը՝ մեռելոց

Հունվարի 6-ը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական Եկեղեցու առաջին տաղավար տոնն է:Առաքելական բոլոր եկեղեցիներում վաղը  առավոտյան կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո  կկատարվի Ջրօրհնեք: Այն խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն  կկաթեցնի ջրի մեջ և կօրհնի ջուրը: Ավանդության համաձայն` ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, որտեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Սուրբ Ծննդյան օրը միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս» խոսքերով:

Սուրբ Ծննդյանը հաջորդում է հանգուցյալների հիշատակության օրը` Մեռելոցը: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները: