Պատմագիտական կեղծ մտավարժանքներ

Պատմագիտական կեղծ մտավարժանքներ

Փողոցային շարժման շնորհիվ վարչապետ կարգված Նիկոլը 2018, թե 2019 թվականին սատանաներ բռնելու հրահանգ տվեց ԱԱԾ տնօրենին: Դրան նախորդել եւ հետեւել էին նմանատիպ այլ հրահանգներ։ Թերեւս պետական մտածողությամբ օժտված Վանեցյանն այդ պատճառով ստիպված եղավ հրաժարական ներկայացնել: Բայց դա չհանգեցրեց երկրի կառավարման առումով որակական լուրջ փոփոխությունների։ Իսկ պետական անվտանգությունն ապահովող ամենաառանցքային կառույցին սատանաներ բռնելու հրահանգը համահունչ էր հայկական անկախ պետության գոյությանը եւ ինքնիշխանության հայեցակարգին։ Իսկ Արցախի խնդրի, որը ծագել էր 100 տարի առաջ բոլշեւիկյան ղեկավարության եւ հատկապես Իոսիֆ Ստալինի հակահայ դիրքորոշման արդյունքում, հայանպաստ կարգավորման անհրաժեշտությունը հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին: Այսպիսի եզրակացության կարող ենք հանգել, եթե առաջնորդվենք ՀՀ վարչապետ կոչվածի՝ պատմագրության վերաբերյալ «փիլիսոփայական» մտավարժանքներով:  

Փաստորեն, հայրենասիրության ավանդական մոդելի առումով խնդիրներ ունի ոչ միայն Նիկոլի շնորհիվ գոյաբանական խնդրի առաջ հայտնված Հայաստանը, այլեւ տնտեսապես հզոր ու ինքնատիպ ազգաբնակչությամբ Ճապոնիան: Կամ էլ Եվրոպայի՝ տարածքով ամենամեծ պետություն Ուկրաինան: Դրանցից առաջինն արդեն շուրջ 80 տարի հսկայական Ռուսաստանի դեմ խոսքակռիվ է տալիս Կուրիլյան կղզիախմբի՝ ընդամենը 5000 քառ/կմ կազմող հարավային չորս կղզիների պատկանելության հարցի շուրջ: Իսկ Ուկրաինայի ղեկավարությունն էլ չի ցանկանում ընդունել, որ ընդամենը մեկ՝ ոչ լրիվ, տասնամյակ առաջ կորսված Ղրիմը չի կարող չվերադարձվել երկրի կազմ: Եվ պատերազմ է մղում նույն այդ Ռուսաստանի դեմ: Ըստ նույն մտածողության՝ առավել խնդրահարույց է անգլիական հայրենասիրությունը: Հիշենք, որ 12000 քառ/կմ տարածքով եւ 3000-ից մի փոքր ավելի բնակչությամբ Ֆոլքլենդյան կղզիախմբի համար 1982 թվականին այդ երկիրը պատերազմեց Արգենտինայի դեմ:  

Որքան հայտնի է, հայրենասիրության նիկոլական պատկերացումը 29 800 քառակուսի կիլոմետրին ընդամենը խոսքի մակարդակով տեր կանգնելն է: Իսկ իրականության մեջ՝ այն մաս առ մաս թշնամուն հանձնելը: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ բացարձակ անտեսվում է պատմական հայրենիքի այն մասի խնդիրը, որն իր հայրենակիցների արյան գնով երեք տասնամյակ առաջ փաստացիորեն միացվել էր հայրենիքին: Հայրենասիրության պետական մոդելի փնտրտուքի անվան ներքո «նիկոլական» դեգերումները հենց այն դավաճանությունն է, որի դրսեւորումներն իրավապահ համակարգը ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձի ուղղորդմամբ փորձում է գտնել այլ հարթության մեջ:

Ավելին, Փաշինյանի կողմից իբրեւ թե իրական հայրենասիրության պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության գաղափարն իրականում դավաճանության տեսական հիմնավորման խղճուկ եւ ողջամտությանը հակոտնյա փորձ է, ինչը նշանակում է, որ տարածքային յուրաքանչյուր կորուստ կարող է ընդունելի համարվել ու արդարացվել պետականության նկատմամբ հոգատարության անհրաժեշտությամբ: Արդյունքում կունենանք ոչ թե պետություն, այլ թշնամու նկրտումների զոհ դարձող տարածքային միավորում: