Ադրբեջանցի ընդդիմադիր կին գործչին փակել են հոգեբուժարանում 

Ադրբեջանցի ընդդիմադիր կին գործչին փակել են հոգեբուժարանում 

Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդավարություն եւ բարեկեցություն» կուսակցության անդամ Զիյաֆեթ Աբբասովային փակել են հոգեբուժարանում։ Այս մասին հայտարարել է «Ժողովրդավարություն եւ բարեկեցություն» կուսակցության ղեկավար Ղուբաթ Իբադօղլուն։

Ըստ արտասահմանում գործող ադրբեջանական ընդդիմադիր լրագրողների հայտարարությունների, իշխանությունները Աբբասովայի ազգականներին վերջինիս հոգեբուժարանում փակելու մասին տեղեկացրել են նրան հոգեբուժարան տանելու հաջորդ օրը։ Աբբասովայի ազգականները հայտարարել են, որ ընդդիմադիր կին գործիչը հոգեպես լիովին առողջ է, եւ նրան հոգեբուժարանում փակել են Ալիեւի վարչակարգին քննադատելու համար։

Ադրբեջանական ՆԳ նախարարությունը, սակայն ամեն կերպ փորձել է հիմնավորել, որ Աբբասովան նյարդահոգեկան բնույթի առողջական խնդիրներ է ունեցել եւ ներկայումս նրան բուժում են Մաշթաղի նյարդահոգեկան դիսպանսերում։ «Ժողովրդավարություն եւ բարեկեցություն» կուսակցության փոխնախագահ Ադալյաթ Յուսիբովն էլ հայտարարել է, որ ոստիկանությունը նախապես Աբբասովային նախազգուշացրել էր, իսկ համացանցում էլ նամակ էին ուղարկել, որ եթե իշխանություններին քննադատելը չդադարեցնի, նրան հոգեբուժարանում կփակեն։