Մինչեւ ե՞րբ եք խախտելու քաղաքական էթիկան

Մինչեւ ե՞րբ եք խախտելու քաղաքական էթիկան

2020թ․ օգոստոսի 13-ին ՀՀ կառավարությունը ֆինանսների նախարարությանը թույլատրել է ստորագրել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2017 թ․ դեկտեմբերի 1-ին ստորագրված «Երեւանի կոշտ թափոններ» Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործունեության տարածաշրջանային հիմնադրամի դրամաշնորհային համաձայնագրի թիվ 1 փոփոխության պայմանագիրը»։

Պայմանագիրը, որով, ի թիվս այլ ծրագրերի, նախատեսվում է Նուբարաշենի աղբավայրի փոխարեն նորը կառուցել՝ 8 մլն եվրո արժողությամբ, ստորագրվել է Տարոն Մարգարյանի օրոք։ Բայց արի ու տես, որ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնագրի գործողության ժամկետը երկարացնելու հիմնավորման մեջ չի նշում ստորագրման ամսաթիվը։ Այսինքն՝ չի ուզում, որ իր նախորդը դրական լույսի տակ երեւա, այդ իսկ պատճառով ամսաթվի փոխարեն ընդամենը նշում է՝ համաձայնագրի կնքումից հետո․․․

Սա նշանակում է, որ գործ ունենք քաղաքական էթիկան խախտելու, կառավարման  գործիքները սեփական ամբիցիաներին ստորադասելու տրամաբանության հետ։ Ստացվում է՝ Հայկոյից առաջ քաղաքապետարանում գործ չեն արել, ոչինչ չեն արել նաեւ ամբողջ երկրում՝ մինչեւ հեղափոխությունը․․․ 

Ցավալին այն է, որ Հայկ Մարությանի սույն մանրախնդրությունը բոլորն էլ տեսել են, քանի որ հարցը, նախքան կառավարության նիստի օրակարգում ընդգրկելը, քննարկվել է տարբեր գերատեսչություններում, բայց ոչ ոք չի փորձել բարձրաձայնել այդ մասին։ Չցանկանալով քաղաքապետի «աչքի փուշը» դառնալ, որեւէ մեկն իրերն իրենց անունով կոչելու պատասխանատվություն չի վերցրել։

Նման մարտավարություն էր դրսեւորում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ով պնդում էր, թե մինչեւ 1998 թվականը՝ մինչեւ իր նախագահ դառնալը, Հայաստանում ոչինչ չի արվել։ Բայց լրատվամիջոցներն ու տարբեր մարդիկ հիշեցին ու հիշեցրին նրա գովեստի խոսքերը՝ ձոնված իրեն նախորդած իշխանության հասցեին։

Նույնը կարվի նաեւ Հայկ Մարությանի դեպքում։ Բայց խնդիրը բոլորովին էլ Մարությանը չէ։ Նա ընդհանրապես փոքր մարդ է ու, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ ոտատակ է ընկնում։ Խնդիրը քաղաքական մշակույթի ձեւավորմանը խոչընդոտելն է․ միակ բանը, որ փայլուն իրականացնում են «քայլոները»՝ ընդօրինակելով իրենց իսկ կողմից մերժված նախորդներին։
Այսքանից հետո ինչո՞վ է տարբերվում Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանից։