Մեր երկրի սահմաններից դուրս այլ իրականություն էլ կա

Մեր երկրի սահմաններից դուրս այլ իրականություն էլ կա

Մենք, չգիտես ինչու, եվրոպական քաղաքակրթությունից, որպես օրինակ, սեւեռվել ենք միայն բացասական երեւույթների՝ սիրո եւ սեքսի հարցերում ազատության ու ոչ ավանդական կողմնորոշումների, միասեռ ամուսնությունների թույլատրելիության վրա։ Բայց երբ շրջագայում ես Եվրոպայում, համոզվում ես, որ այնտեղ ընդօրինակման ենթակա բյուր երեւույթներ կան, որոնց մասին մենք ոչ միայն տեղյակ չենք, այլեւ չենք էլ ուզում իմանալ։ Դա նախեւառաջ դեմոկրատիայի եւ դեմոսի՝ ժողովրդի կողմից երկրի կառավարմանը մասնակցության մեզ համար անհասանելի մի մակարդակ է, որը միայն զարմանք կարող է առաջացնել հայերիս մոտ։

Գոնե այդպես է 8 միլիոն բնակչություն ունեցող Շվեյցարիայում եւ 37 հազար բնակչություն ունեցող Լիխտենշտեյնում, որոնցից առաջինը ֆեդերալ հանրապետություն է, որտեղ կառավարման մարմինը ֆեդերալ խորհուրդն է՝ մեր լեզվով՝ կառավարությունը։ Իսկ երկրորդը սահմանադրական միապետություն է, որտեղ կառավարողը իշխանն է, ում լիազորությունները փոխանցվում են ժառանգաբար, եւ նա Եվրոպայում ամենամեծ լիազորություններ ունեցող կառավարիչն է։ Երկու երկրներում էլ մարդկանց կենսամակարդակը շատ բարձր է։ Օրինակ, Շվեյցարիայում հավաքարարներն ամսական 4 հազար ֆրանկից պակաս չեն վաստակում, իսկ Լիխտենշտեյնում ուղղակի դրախտ է 37 հազար քաղաքացու համար։ Մանավանդ այն բանից հետո, երբ երկիրն իշխանի ջանքերով վերածվեց օֆշորային գոտու, եւ իշխանը որոշեց, որ բոլոր օֆշորային կազմակերպությունների տնօրենները պետք է լինեն երկրի բնիկ քաղաքացիներ ու ստանան իրենց երկրում սահմանված նվազագույն աշխատավարձը։

Կարճ ժամանակում մոտ 100 հազար նման ընկերություն է գրանցվել Լիխտենշտեյնում, եւ երկրի չափահաս քաղաքացիներից յուրաքանչյուրը դարձել է միջինը 3 կազմակերպության տնօրեն՝ համապատասխան աշխատավարձով, բայց գրեթե առանց անելիքների, քանի որ այդ պաշտոնը ձեւականացվել է՝ օրենքի պահանջը բավարարելու նպատակով։ Պատկերացրեք, որ դուք նշանակվեք մի պաշտոնի, որի դիմաց փող եք ստանում, սակայն գործ չեք անում։ Նման քայլերի, ինչպես նաեւ հզոր բանկային համակարգ ձեւավորելու արդյունքում իշխանը հասել է նրան, որ չափից դուրս բարձր հեղինակություն ունի երկրում եւ իր փոքրաթիվ ժողովրդի կողմից պաշտամունքի հասնող վերաբերմունքի է արժանացել։

Մեզ պատմեցին, որ իշխանը երդվյալ կաթոլիկ է եւ դեմ է աբորտներին ու որոշել է օրենքով արգելել աբորտները, ինչի դեմ Լիխտենշտեյնի քաղաքացիներն ընդվզել են եւ որոշել հանրաքվե անցկացնել ու ազգովի որոշել՝ հղիության արհեստական ընդհատումը թույլատրե՞լ, թե՞ ոչ։ Ի դեպ, ե՛ւ Շվեյցարիայում, ե՛ւ Լիխտենշտեյնում հանրաքվեներ շատ հաճախ են կազմակերպվում եւ ամենատարբեր փոքրիկ առիթներով՝ համապատասխան ստորագրությունների հավաքման պարագայում։

Բայց հանրաքվեի նախօրեին իշխանը զգուշացրել է, որ անգամ եթե հանրաքվեն իր կամքին դեմ որոշում արձանագրի, այսինքն՝ որոշի, որ աբորտները թույլատրելի են, ինքը վետո է դնելու դրա արդյունքների վրա, ինչի իրավունքն օրենքով է սահմանված իշխանի համար։ Սակայն Լիխտենշտեյնի ըմբոստ ժողովուրդը որոշել է, որ պետք է հանրաքվեն անցկացնի եւ իր որոշումը կայացնի ու պարտադրի իշխանին։ Եվ իսկապես՝ հանրաքվեի արդյունքում մարդիկ որոշել են, որ չի կարելի արգելել աբորտները։ Սակայն իշխանը, իր խոստման համաձայն, վետո է դրել այդ որոշման վրա։ Դրանից հետո հասարակությունը որոշել է, որ իշխանի լիազորությունները շատ մեծ են, դրանք պետք է կրճատել եւ մասնավորապես նրան զրկել վետոյի իրավունքից, եւ սկսել են ստորագրահավաք անել՝ այդ հարցադրումով հանրաքվե անցկացնելու համար։ Այս անգամ արդեն իշխանը վրդովվել է եւ հայտարարել, որ եթե իր ժողովուրդը նման որոշում կայացնի, կրճատի իր լիազորությունները, ինքը կհրաժարվի գահից, կվերցնի իր կապիտալն ու կհեռանա երկրից։ Այս հեռանկարը վախեցրել է Լիխտենշտեյնի բնակիչներին, որոնք հասկացել են, որ իշխանի բանկային կապիտալի հեռանալը, կառավարումից նրա հրաժարվելը կարող են անդրադառնալ իրենց կենսամակարդակի եւ կյանքի վրա, ու հրաժարվել են հանրաքվե անցկացնելու մտադրությունից։

Այս պատմությունն այն մասին էր, որ երկրի կառավարիչը պետք է այնքան պահանջված լինի իր երկրում, որ նրա հեռանալու միտքն անգամ վախեցնի մարդկանց, այլ ոչ թե երկրի քաղաքացիները երազեն իրենց ղեկավարի հեռանալը եւ ցնծություն ապրեն այն պահին, երբ նա կհայտարարի իր հեռանալու մասին։