ԱՆԻՖ-ը ոստիկանություն է դիմում իր աշխատակիցների դեմ, իսկ ԶԼՄ-ներին դատի է տալիս

ԱՆԻՖ-ը ոստիկանություն է դիմում իր աշխատակիցների դեմ, իսկ ԶԼՄ-ներին դատի է տալիս

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՍՊԸ-ն (ԱՆԻՖ) ստեղծվել է որպես պետության եւ մասնավորի գործակցության մոդել, ինչը Հայաստանում առաջին նման փորձն է: Պետությունը պարբերաբար բյուջեի հաշվին հատկացումներ է անում այս ֆոնդին: Դրա գործունեությունը ֆինանսավորվում է վարկային միջոցներից եւ դրամաշնորհներից: Մասնավորապես, ս.թ. հոկտեմբերի 14-ին կառավարությունն ընդունեց N 1701-Ն որոշում՝ «հույժ գաղտնի» գրիֆի տակ, 4  միլիարդ 730 մլն դրամ հատկացրեց ԱՆԻՖ-ին՝ ավելացնելով ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու եւ Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելու միջոցով, եւ համապատասխանաբար փոխեց բյուջեի մասին օրենքը:

Այդ գումարը ներդրվեց պետության բաժնեմաս ազգային ավիաընկերության հիմնմանը: Այդքան էլ ներդնում է անելու արաբական «Էյր Արաբիա» ընկերությունը, որի հետ գործարքի քավորը ՀՀ նախագահն է: Նկատենք, որ տարիքային թոշակառուների կենսաթոշակը 2 հազար դրամով բարձրացնելը կառավարությունը շեփորահարում է բոլոր հնարավոր եւ անհնար խողովակներով, իսկ միլիարդները գաղտնի է տրամադրում: 

Ինչեւէ, սպասվում էր, որ ԱՆԻՖ-ը՝ որպես պետական ֆոնդ, որն օգտագործում է հասարակ հարկատուների փողերը, նախ հաշվետու կլինի հանրությանը, կունենա բաց եւ թափանցիկ գործելաոճ, մյուս կողմից էլ՝ հանդուրժող կլինի սույն հարկատուների շահերը պաշտպանող լրատվամիջոցների նկատմամբ, որոնք փորձում են թափանցիկ դարձնել պետական միջոցների ծախսերը: Սակայն Պետական հետաքրքրությունների ֆոնդը դեմ է ԶԼՄ-ների հետաքրքրասիրությանը: ԶԼՄ-ների հարցերին՝ իրենց աշխատավարձերի մասին, պատասխանում են, հղում անելով «Անձնական տվյալների պահպանության մասին» օրենքին:  

ԶԼՄ-ներին մնում է սեփական հետաքննություն իրականացնել այս ֆոնդի գործունեության շուրջ: Այդ հետաքննության ընթացքում մի ցնցող դեպքի մասին տեղեկացանք: Օրեր առաջ ԱՆԻՖ-ի ղեկավարը դիմել է ոստիկանություն՝ իր աշխատողներից մեկի դեմ: Պատճառն այն է, որ աշխատակիցը ֆեյք էջում ֆեյսբուքյան գրառում է արել, որում փորձել է այն ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի «պոստի» տակ նրա ուշադրությունը հրավիրել ԱՆԻՖ-ում իր կարծիքով կատարվող չարաշահումների վրա: 

Արդյունքը եղել է այն, որ այդ փաստով քրեական գործ է հարուցվեց՝ «Սուտ մատնություն» հոդվածով: Աշխատակիցը սույն գործով ունի վկայի կարգավիճակ, բայց նա չի բացառում, որ վկայից վերածվի մեղադրյալի: «Գրել եմ, որ Դավիթ Փափազանն էս-էս բաներն է արել: Իրենք դիմեցին ոստիկանություն: Էդ օրերին ես երեխայի էի սպասում, շատ ծանր սթրես եմ տարել, էնպիսի վիճակի  մեջ ընկա, որ ամբողջ օրն արնահոսել եմ»,- ասում է նա: 

Նա ոստիկանություն է կանչվել աշխատանքային ժամից դուրս, երեկոյան 20։45-ին: Այսպես․ մարդիկ, որոնք փորձում են բարձրաձայնել կոռուպցիոն երեւույթների եւ պետական միջոցների վատնումների մասին, ահաբեկվում են, եւ ցանկացած բողոք խեղդվում է հենց իրավապահների ձեռքերով: «Վարչապետը մեզ ասում էր՝ կոռուպցիոն ռիսկեր եթե տեսնում եք, բարձրաձայնեք, սա՞ է բարձրաձայնողի ճակատագիրը»,- ասում է ԱՆԻՖ-ի նախկին աշխատակիցը:

 Աշխատակիցը դիմել է ՄԻՊ-ին, դատախազություն` բողոքելով իր դեմ իրականացված հետապնդումների համար:

Ընդամենը երկուսուկես տարի է, ինչ Հայաստանում գործում ԱՆԻՖ-ը, բայց արդեն խրվել է դատական «ռազբորկաների» մեջ: Երեք դատական հայց է ներկայացրել «Հրապարակի», երկուսը՝ «168 ժամ» թերթի դեմ: Պետական միջոցներով գոյատեւող ֆոնդը պահանջել է, որ ՀՀ անկախ ԶԼՄ-ի՝ «Հրապարակ» թերթի գույքի ու հաշիվների վրա կալանք դրվի, այսինքն՝ պետական ֆոնդը երազում է սնանկացնել մեր թերթը: Վստահ ենք՝ իշխանությունների ծրագրով։

Ֆոնդը դատի է տվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, որը հանդգնել է կոռուպցիոն ռիսկ դիտարկել «Էյր Արաբիա» արաբական ավիաընկերությանն ազգային փոխադրողի կարգավիճակ տալու գործարքը, քանի որ ազգային ավիափոխադրողը չի ընտրվել մրցույթով: Ֆոնդը փաստաբանների ահռելի կադրեր է պահում՝ Արմեն Ֆեռոյան, Հակոբ Ենոքյան, այլք, որոնց թվում նախկին իշխանության օրոք աշխատած քննիչներ ու դատախազներ կան: ԱՆԻՖ-ը չի հանդուրժում իր հասցեին որեւէ քննադատություն: Այստեղ կարծում են, որ ցանկացած քննադատություն վնասում է ֆոնդի գործարար համբավին: Բայց ի՞նչ գործարար համբավի մասին է խոսքը, երբ սա պետական հիմնադրամ է՝ պետական փողերով, վարկային միջոցներով ու պետական դրամաշնորհներով գոյատեւող: