Այնտեղ, որտեղ ՔՊ-ն իր ուզածին դեռ չի հասել, ավագանու նիստերը հետաձգվել են

Այնտեղ, որտեղ ՔՊ-ն իր ուզածին դեռ չի հասել, ավագանու նիստերը հետաձգվել են

Դեկտեմբերի 5-ից հետո Հայաստանում սկիզբ առած հետընտրական «բազարները» կամ, ավելի ճիշտ` իշխանության ռեպրեսիաները դեռեւս շարունակվում են։ Երեկ մի քանի համայնքներում «կինոն» ավարտվեց, սակայն մյուսներում շարունակվում է: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Քաղպայմանագրի» պարտությունը հաղթանակ դարձնի։ Սրանով է պայմանավորված, որ ՏԻՄ օրենքի դրույթներն էլ կամայական են կիրառում, որոշ համայնքներում երեկ ավագանու անդրանիկ նիստեր էին նշանակված, որոշներում` ոչ։ 

ՏԻՄ օրենքով, ավագանու առաջին նիստը հրավիրվում է նախորդ ավագանու լիազորությունների լրանալու վերջին օրը, ինչպես նաեւ՝ համայնքի ավագանու առաջին նիստը գումարվում է ավագանու ընտրությունների արդյունքով համայնքի ավագանու անդամների մանդատների տրամադրմանը հաջորդող շաբաթվա ընթացքում։ Եվ քանի որ իշխանությունը ոչինչ օրենքով չի արել, ապա այս հարցում էլ առաջնորդվում է իր նպատակահարմարությամբ։

Այն համայնքներում, որտեղ իշխանության ռեպրեսիաները դեռ արդյունք չեն տվել, չի հաջողվել ծնկի բերել ընդդիմադիր ուժերին, ՔՊ-ի օգտին կոալիցիաներ չեն ձեւավորել, անդրանիկ նիստեր տեղի չունեցան: Դրանց թվում են Փարաքարը, Նոյեմբերյանը, Վարդենիսը, իսկ Վանաձորում, որտեղ իշխանությունը, Մարուքյանների թեթեւ ձեռամբ, ժամանակ շահեց` իր սեւ գործն առաջ տանելու` հաղթած Մամիկոն Ասլանյանի վրա գործ կարելու, նստեցնելու համար, նիստը նշանակված է դեկտեմբերի 20-ին։ 

«Կինոն» ավարտվեց Թալինում․ այստեղ հաղթեց քրեական հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամը՝ Ռուստամ Ստեփանյանը։ ՔՊ թեկնածուին` Տավրոս Սափեյանին, ընտրությունների արդյունքում չէր հաջողվել 50+1 հավաքել, մասնակից 3 ուժերը կոալիցիա կազմեցին եւ «Հայք»-ի թեկնածու Կարեն Գրիգորյանին որոշեցին քաղաքապետ ընտրել։ Հենց այդ պահից էլ սկսվեցին երիտասարդ ուսուցչի` Գրիգորյանի նկատմամբ հալածանքները․ իշխանությունը նախ Ռուստամին «ասֆալտին փռեց», ապա գործուղեց Թալին՝ իր բարեկամին համոզելու, որ եթե չզիջես, ինձ կնստեցնեն կամ կարտահանձնեն ՌԴ իրավապահներին, որտեղ նրա նկատմամբ սպանության հոդված ու հետախուզում կա։ Շաբաթներ տեւած հոգեբանական ճնշումները տվեցին իրենց արդյունքը․ նախ Կարեն Գրիգորյանը թիմի անունից ինքնաբացարկի մասին հայտարարեց: Հետո իշխանությունը հասկացավ, որ այդ դեպքում Թալինին Վեդիի ճակատագիրն է սպասվում` նոր ընտրությունների արդյունքները կարող են ավելի վատը լինել, ուստի Գրիգորյանին ստիպեցին վերցնել մանդատն ու քվեարկել Տավրոսի օգտին։ Ավագանու երեկվա նիստից առաջ իշխանությունը Թալին էր գործուղել հարյուրավոր կարմիրբերետավորների, որոնք ողջ գիշեր «հերթապահություն» են արել Գրիգորյանի տան մոտ, հոգեբանական տեռորի մթնոլորտ ստեղծել: Եվ նիստին ներկայացած Գրիգորյանն ակնհայտ ընկճված տեսք է ունեցել, խոսել է հուզված, կցկտուր։ Իսկ իր վճռական քվեն Սափեյանին տալուց առաջ նրան ասել է. «Դու իմացի, թե ում խաթր եմ քեզ ձայն տալիս»։ Ապա, թե իր ընտրությունը կատարում է՝ «այս օրերի ծանրությունը» միայնակ իր վրա վերցնելով։ Կարեն Գրիգորյանի թիմակից 2 անձ իրենց ձայնը տվեցին ընդդիմության միասնական թեկնածուին, որը, որքան էլ տարօրինակ թվա, Գրիգորյանի թիմակիցն էր։ Ձայները բաշխվեցին 10-11՝ հօգուտ ՔՊ թեկնածուի։

Երեկ հանգուցալուծվեց նաեւ Աբովյանի հարցը, ի հեճուկս Ռոմանոս Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի հավատարիմ զինակից Էդուարդ Բաբայանը, ՀՅԴ-ի աջակցությամբ, դարձավ Աբովյանի համայնքապետ։ Ի դեպ, ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության՝ դեկտեմբերի 17-ին ավագանու նիստեր են նշանակված միայն Աշտարակ եւ Արարատ համայնքներում, Գավառ, Մարտունի, Չարենցավան համայնքներում նիստը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։ Աշտարակում, հիշեցնենք, ՔՊ-ն նախկինների թեկնածու Թովմաս Շահվերդյանի շնորհիվ 80 տոկոսանոց հաղթանակ է տարել, իսկ Արարատում, որտեղ եւս կոալիցիա կազմելու անհրաժեշտություն կա, երեկ ավագանու առաջին նիստը տեղի չի ունեցել։

Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Մելքոնյանը մեզ ասաց, որ նիստը, իսկապես, նշանակվել է, սակայն չորս ուժերից եւ ոչ մեկը չի ներկայացել, ինքն էլ արձանագրություն է կազմել այդ մասին եւ ներկայացրել համապատասխան մարմիններին։ Մելքոնյանը տեղյակ չէ չներկայանալու պատճառների մասին։ Մենք պարզեցինք, որ ՔՊ-ի եւ Արման Բաբաջանյանի ցուցակով առաջադրված թեկնածուի միջեւ պաշտոնների շուրջ դեռեւս «բազարներ» են գնում։

Արարատում մասնակցած 5 ուժերից ոչ մեկը 50 պլյուս 1 չի ստացել․ Արարատի համայնքապետերից ձեւավորված «Իմ հզոր համայնքը» ստացել է 32,29 տոկոս, ՔՊ-ն՝ 38,79, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ 13,82, «Կայունությունը»՝ 8,9, «Ապրելու երկիր»-ը՝ 7,1 տոկոս։ Թեպետ ի սկզբանե ծրագրվել է Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» միացումը ՔՊ-ին, սակայն թեկնածուն՝ Արսեն Հակոբյանը, ինքնուրույն խաղ է սկսել եւ որոշել է հնարավորինս թանկով ծախվել իշխանություններին: Տեղեկություններ կան, որ նա պահանջում է համայնքապետի տեղակալների, համայնքների ներկայացուցիչների պաշտոնների այնպիսի քանակ, որը ՔՊ-ի համար ընդունելի չէ։ Նա վերջնաժամկետ է տվել ՔՊ թեկնածու Ասլան Ավետիսյանին` մինչեւ երկուշաբթի պատասխանել` համաձա՞յն է, թե՞ ոչ: Դրանից է կախված` կմիանա՞ իշխանությանը, թե՞ ոչ։

Անդրանիկ նիստ է եղել նաեւ Արտաշատում, որտեղ կոալիցիայի խնդիր չկար: Վեդիում` քվորումի բացակայության պատճառով, տապալվել է։ Օրերս ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը, համաձայնության չգալով, պայմանավորված ինքնաբացարկի դիմումներ ներկայացրին: Իսկ երեկվա նիստին «Իմ հզոր համայնքի» ավագանին` Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ, չի ներկայացել։ Օրենքը նման դեպքերում նոր ընտրություն է նախատեսում, որը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, փետրվարի կեսերին։

Ավագանու նիստ է տեղի ունեցել Մասիսում, Դավիթ Համբարձումյանը 50+1 ձայնով մեխանիկորեն քաղաքապետ է նշանակվել։ Երեկվա նիստի օրակարգում եղել է երդմնակալության հարցը, որը տեղի կունենա երկուշաբթի՝ երաժշտական դպրոցում։ Որից հետո, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Գաբրիելյանի փոխանցմամբ, կհաստատվի համայնքապետարանի հաստիքացուցակը, կնշանակվեն տեղակալներ, համայնքի ներկայացուցիչներ եւ այլն։ Մեր տեղեկություններով, ՔՊ ավագանին, բացի Սայեն Հայրապետյանից՝ Սայադից, ու Մելիք Նազարյանից, ներկայացել է երեկվա նիստին։ Նշենք, որ Մելիք Նազարյանը Մասիսի նախկին համայնքապետ Դմիտրի Նազարյանի որդին է։

Սեւանում եւս նիստը կայացել է, որի ընթացքում հաղթած թեկնածու Սարգիս Մուրադյանի երդմնակալության օրն են որոշել․ տեղի կունենա դեկտեմբերի 20-ին։ ՔՊ-ն այստեղ թեկնածու չուներ, Մուրադյանն անկուսակցական է, բայց ՔՊ-ի հովանու տակ։
Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմից էլ հայտնեցին, թե իրենց նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին, նախորդ գիշերն են մանդատները ստացել։

Համայնքապետարանի աշխատակից Արմինե Աղարյանն ասաց, որ ամեն ինչ օրենքի շրջանակներում է։ Մինչդեռ, ըստ տեղեկությունների, Նոյեմբերյանում երեկ պետք է նիստ կայանար, սակայն իշխանությանը դեռեւս չի հաջողում ճնշել ընդդիմության թեկնածուներին, եւ չի բացառվում, որ Վանաձորի սցենարը կրկնեն։ Նոյեմբերյան խոշորացված համայնքում ճնշումներ են գործադրվում ընտրություններին 29,5 տոկոս ձայն հավաքած «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող՝ Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանի  նկատմամբ, որը հայտարարել է, որ կոալիցիա է կազմելու «Հանուն հանրապետության» կուսակցության թեկնածուի հետ, թեեւ վերջինս խաղեր է տալիս։ Աշոտ եւ Նիկոլ Աղաբաբյանների եղբորը սպառնացել են ազատազրկել, եթե խանգարի ՔՊ-ին: Հակառակ դեպքում` խոստացել են առաջին փոխքաղաքապետ նշանակել եւ 30 տոկոս համայնքներում ներկայացուցիչներ դնել, սակայն Աղաբաբյանը չի համաձայնել:

Ինչ վերաբերում է Փարաքարին, այստեղ էլ երեկ պետք է նիստ գումարվեր, սակայն անհայտ պատճառներով չի եղել, քանի որ առեւտուրը չի ավարտվել։ ՔՊ-ն «Ապրելու երկիր» կուսակցությանը խոստացել է` Վանաձորում աջակցելու դիմաց Փարաքարում զիջել իշխանությունը: Բայց քանի դեռ Վանաձորի ճակատագիրն անհայտ է, Փարաքարը պետք է սպասի։  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ավելի քան 30 համայնքներում ընտրություններ են տեղի ունեցել, մնացյալ համայնքների մասին կներկայացնենք հաջորդիվ։